Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը քանդում է Մեծ Այրումի արոտավայրերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների եւ Ախթալայի ԼՀԿ-ի միջեւ հակամարտությունը շարունակվում է: Մեծ Այրում համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած պատմեցին, որ արդեն տասն օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ի տեխնիկան քանդում է իրենց գյուղի արոտավայրը:

«Ժողովուրդ»-ին ահազանգած Մեծ Այրումի բնակիչների պատմելով՝ նշված ընկերությունը գյուղի արոտավայր համարվող բլրից մեծ քանակությամբ հող է տարհանում: Թե ինչ նպատակով է դա արվում, ընկերությունից ոչ ոք բնակիչներին չի տեղեկացրել եւ չի զգուշացրել:

Մեծ Այրումի բնակիչները նշեցին, որ սկզբում խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, թե «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն այդ հողը տարհանում է գործող Նահատակ պոչամբարի ինչ-որ հատված՝ ռեկուլտիվացնելու համար, հետո խոսվեց, թե այդ հողով պետք է Ճոճկան համայնքի ջրատարի խողովակները վեր բարձրացնեն եւ ներհամայնքային ճանապարհները հարթեցնեն:

arotavayr3

Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ քանդվող արոտավայրը անմիջապես կպած է համայնքին: Դուլգարյանի համոզմամբ՝ տեղի ունեցածի համար մեղավոր են տեղական իշխանությունները: «Ես եւ գյուղի բնակիչները ավելի քան տասն օր է, ինչ բարձրաձայնում ենք քանդվող բլուրի մասին: Սա տեղական իշխանությունների մեղքով է, որ նման բաներ են կատարվում՝ առանց համապատասխան թույլտվության: Բնակիչները տեղյակ չէին, որ ընկերությունը պետք է քանդի եւ հող վերցնի»,- նշեց Դուլգարյանը:

arotavayr1

 

Նրա պնդմամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն լանդշաֆտի փոփոխություն է իրականացնում՝ առանց տեղացիներին գոնե զգուշացնելու: Դուլգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ Ճոճկանի ջրատար խողովակները բարձրացնելու համար ընկերությունը կարող էր գնալ եւ Ճոճկան համայնքից հող վերցնել. «Չէ որ այդ ջրատարից հիմնականում Ճոճկանի բնակիչներն են օգտվում: Բայց սարսափելին այն է, որ Ախթալայի ԼՀԿ-ն ընտրել է այնպիսի վայր, որը կոմբինատին մոտ է եւ ծախսատար չէ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Մինչդեռ Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ բնակիչները տեղեկացված են եղել եւ համաձայնվել են: «Ոչ մի բլուր չի քանդվում: Գյուղի արոտավայրը չի քանդվում: Այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, եւ հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայանող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով: Նշեմ, որ Ճոճկան գնացող ջրատարն անցնում է ներկայիս Նահատակ կոչվող պոչամբարի սահմանով, որն էլ վերջին տարիներին այդ պոչամբարի վերաշահագործման ընթացքում գրեթե հայտնվել է պոչհանքների մեջ, եւ որպեսզի այդ ջրատարը կարողանան մարդիկ շահագործել, հողով պետք է լիցք արվի եւ այն բարձրացվի ներկայիս մակարդակից: Շուտով ոռոգման շրջանն է, եւ մարդիկ պետք է օգտվեն այդ ջրատարից»,-նշեց գյուղապետը:

«Ժողովուրդ»-ը Ս. Նազարյանից հետաքրքրվեց՝ Ախթալայի ԼՀԿ-ն համայնքապետարանից համապատասխան թույլտվություն ստացե՞լ է՝ նման գործողություն կատարելու համար, ինչին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Դե, եթե մեր գյուղի գերեզմանոց գնալու համար ճանապարհը պետք է լայնացվի, ապա դրա համար ինչ թույլտվություն է պետք, չեմ պատկերացնում: Դա ընդհանուր գյուղի համար է»,- արդարացավ գյուղապետը:

Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակից Գագիկ Շահնազարյանը նույնպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ընկերությունն ինչ անում է, գյուղի համար է անում: Նրա խոսքով՝ հողը տարհանվել է Ճոճկան գնացող ջրատարի խողովակները բարձրացնելու եւ այն սպասարկելի դարձնելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ Նահատակ կոչվող պոչամբարը ռեկուլտիվացնելու նպատակով նույնպես պետք է այդտեղից հող տարհանվի: «Մենք բլուր չենք քանդում: Ընդամենն այդտեղից հող ենք վերցրել, որպեսզի Այրում համայնքի ճանապարհներն էլ վերանորոգենք: Հող ենք լցնում, որ այս եղանակներին ցեխ չլինի»,- լրացրեց Շահնազարյանը:

arotavayr2

Ինչպես հայտնի է՝ պոչամբարները մասնագետների կողմից կառուցվում են համապատասխան նախագծով: Այդ նախագծերում, որպես կանոն, հաշվարկվում են թույլատրելի պոչերի լցվելու չափաքանակներն ու սահմանները: Եւ սահմաններին հասնելուց հետո այդ պոչամբարները ենթարկվում են ռեկուլտիվացման:

Սակայն հայտնի է նաեւ, որ եղել են լքված պոչամբարներ որոնք համապատասխան նախագծերով վերաշահագործվել են: Այս դեպքում նշված Նահատակ պոչամբարը վերաշահագործվել է խորհրդային տարիներից հետո: Ճոճկան գնացող խողովակը անցնում է հենց այս պոչամբարի սահմանով, եւ վերջինիս վերաշահագործման հետեւանքով ջրատարի խողովակները գրեթե մնացել են պոչամբարի տակ:
Արդյունքում՝ Ախթալա ԼՀԿ-ն ունենալով ներկայումս պոչամբարի խնդիր՝ այս կերպ ցանկանում է բարձրացնել ջրատարի խողովակատարը՝ այդպես երկարացնելով նաեւ Նահատակ պոչամբարի շահագործման կյանքի տեւողությունը:

Եւ եթե դա չէ պատճառը, ապա ինչու էր ընկերությանը պետք արդեն իսկ կառուցված խողովակաշարի ձեւափոխությունը, չէ որ այն ծառայում էր այսքան տարի: Արդյոք կարելի է այդքան լցնել եւ բարձրացնել այդ պոչամբարը. ի վերջո, այդքան ծանրությանը, հնարավոր է, պոչամբարի պատվարը չդիմանա:

Նշենք, որ այս թեմայի շուրջ Մեծ Այրումի բնակիչներն ու Ախթալայի ԼՀԿ-ի տնօրինությունը մշտապես պայքարի մեջ են: Սակայն այս ընթացքում Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչությունը մատը մատին չի խփում՝ իրավիճակը կարգավորելու եւ նման երեւույթները կանխելու համար: Հենց այս խնդրի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Արտակ Դեմիրճյանի հետ, ով ուշագրավ հայտարարություն արեց. «Այդ խնդրին մենք ծանոթացել ենք, այն դեռ ուսումնասիրության փուլում է եւ մի երկու օրից կհստակեցվի: Երկու օրից զանգեք, մենք սպառիչ պատասխան կունենանք: Բացի այս՝ Ախթալայի ԼՀԿ-ն ունի այնտեղ մոտ 470 հա լեռնահատկացման գոտի: Այնտեղ ընկերությունը կարող է իր ցանկությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ: Եւ մենք դա պետք է նայենք, տեսնենք՝ իրեն պատկանող գոտո՞ւմ է, թե՞ ոչ»:

Նկատենք, որ տասն օրից ավել է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ն քանդում է Մեծ Այրումի արոտավայրը, որտեղ տեղացիներն ամեն տարի արածեցնում են իրենց անասուններին: Իսկ մարզպետարանի համապատասխան պաշտոնյան դեռ նոր պետք է ուսումնասիրի՝ տվյալ տարածքը գտնվում է Ախթալայի ԼՀԿ-ի իրավասության տակ, թե ոչ:

arotavayr4

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս