Ժամկետային զինծառայողների սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկանում է, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ:

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Արշակ Կարենի Հարությունյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը: Եվս չորս զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով (սպանությունը` երկու կամ ավելի անձնաց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձնաց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս