ԱԺ-ում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ողջունեց նիստի մասնակիցներին` ասելով, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը:
ԱԺ նախագահը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս տարի ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս առումով նա կարևորեց Եվրոպական խորհրդարանի դերը, որն էլ իր ընդունած բանաձևերով դատապարտել է այդ ոճրագործությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե ուրախ է արձանագրել, որ Հայաստանի ու ԵՄ միջև չհասկացվածության այն պատը, որ կար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, այսօր արդեն գոյություն չունի: Նա նշեց, թե այս օրերին համագործակցությունն անցել է լիակատար փոխըմբռնման և օբյեկտիվ գնահատականների մթնոլորտում: