Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր: Armlur.am-ի հետ զրույցում Քաշաթաղի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը հայտնեց, որ Հակոբն իր աչքի առջև է մեծացել` հայրենիքի պաշտպան դառնալու անհագ ցանկությամբ:
«Առանց որևէ չափազանցության կարող եմ վստահ ասել, որ Հակոբն այն եզակի մարդկանցից մեկն էր, ովքեր մշտապես պատրաստ են անշահախնդիր օգնություն ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով կունենա դրա կարիքը: Նոր էր ավարտել դպրոցը, բարձրագույն ուսումնական հաստատություն պետք է ընդունվեր, զորակոչվեց բանակ:
Շատ խելացի, պարկեշտ, համեստ և խոհեմ երիտասարդ էր: Եվ ընդհանրապես, այստեղի տղաները զինվոր դարձած են ծնվում, բարուրից են հայրենասիրության ոգով դաստիարակվում: Ծառայությունից խուսափել ցանկանալու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- տեղի ունեցածից հուսահատված նկարագրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ Հակոբի ծնողները դեռևս տեղյակ չեն կատարվածի մասին: Արտավազդ Ալեքսանյանի փոխանցմամբ` ինքն ու տեղի զինկոմը փորձում են ուժ հավաքել` բոթը հայտնելու համար. «Հիանալի, կրթված և մարդամոտ ընտանիք ունի Հակոբը: Քույրը մանկավարժ է, հայրը ևս դպրոցում է աշխատում: Մայրը տնային տնտեսուհի է: Մեծ քանակությամբ կովեր ունեն, անասնապահությամբ են զբաղվում: Իրենց արդար քրտինքով ապրող մարդիկ են»:
Հավելենք, որ զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձնանց կամ հանցավոր խմբավորման կողմից դիտավորյալ սպանության հատկանիշներով: