Սոֆի Դևոյանը` գեղեցկության գաղտնիքների, պլաստիկ վիրահատության և չար սկեսուրի դերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, պարի եւ հոգու թատրոնի հիմնադիր Սոֆի Դեւոյանը, ով վերջերս հեռուստադիտողներին ներկայացավ բոլորովին նոր կերպարում, հասցրեց մի շարք քննարկումների կիզակետում հայտնվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր նոր դերին, խոսել է կանացի թեմաների շուրջ, բացահայտել իր գեղեցկության գաղտնիքները: Պարուհին պատմել է նաեւ բեմը չլքելու իր առաջիկա ծրագրերի մասին:

-Տիկի՛ն Դեւոյան, նոր «Բախտաբեր» հեռուստասերիալում չար սկեսուրի Ձեր կերպարի հետ հարմարվե՞լ եք: Հանդիսատեսը, կարծես, չէր սպասում տեսնել Ձեզ նման դերում:

-Նախ ասեմ, որ կնոջ այդ տեսակն ինձ հետ որեւէ կապ չունի, սակայն ինձ նրա մեջ գրավեց սերը դեպի երեխաները: Ամեն դեպքում, մարդիկ չեն դադարում ասոցացնել ինձ կերպարիս հետ: Վերջերս փողոցում մի քանի հոգի տեսան, ասացին` վայ, տիկին Դեւոյան, ախր, մենք Ձեզ այնքան շատ ենք սիրում, ինչո՞ւ եք այդ վատ դերը խաղում (ծիծաղում է):

-Իհարկե, շատ ռեժիսորների ու նաեւ հեռուստադիտողին գրավում են Ձեր կերտած արիստոկրատ կանանց կերպարները, սակայն միեւնույն ժամանակ հնչում են քննադատություններ այն առնչությամբ, որ Դուք, ի վերջո, մասնագիտությամբ դերասանուհի չեք, ի՞նչ կասեք:

-Այո՛, այդ արիստոկրատության մասին մշտապես շեշտվում է, եւ վերջին սերիալում հրավերք ստանալու հարցում եւս այդ գործոնը դեր խաղաց: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա չպետք է մոռանանք, որ ես բեմի մարդ եմ, բացի այդ` դեռեւս 23 տարեկանում նկարահանվել եմ «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում, մի շարք կինոնկարներում, որոնք դիպլոմային աշխատանքներ էին: Դրանից հետո Սերգեյ Գերասիմովը հրավիրեց ինձ Մոսկվա, առանց փորձի պատրաստ էր դերեր տալ, բայց ես այդ ժամանակ չէի կարող երկրից բացակայել. պարով էի զբաղված: Եվ հետո ինձ հրավիրել են խաղալու թատրոնում, իսկ ես, որ միշտ երազել էի այդ մասին, չգիտեմ ինչու` ռիսկ չեմ արել եւ հրաժարվել եմ այնտեղ հանդես գալուց: Հիմա, օրինակ, թատրոնում հաճույքով իմ տարիքին համապատասխան մի դեր կխաղայի: Այնպես որ, այս ոլորտում որոշակի փորձ ունեմ:

-Դուք Ձեր ուժերը փորձել եք նաեւ որպես հաղորդավարուհի, շատերը սպասում էին «Արի ամուսնանք» ծրագրին, եւ հաղորդումը քննադատողներն անգամ հաճախ դիտում էին այն, որպեսզի Ձեզ լսեն: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այս ծրագիրը Հայաստանում հաջողություն չունեցավ, համենայն դեպս, կարճ կյանք ունեցավ:

-Ես այն համոզման եմ, որ պետք է այս ծրագիրը շոուի տարր պարունակեր, ինչպես, օրինակ, Մոսկվայի համանուն հաղորդման դեպքում է, որպեսզի երկար կյանք ունենար: Այդ դեպքում աստիճանական շտկումներ էլ կլինեին, շատ բացեր կլրացվեին: Ամեն դեպքում, ես եկա այն եզրակացության, որ այդ հաղորդումը մեր ազգի համար չէր: Մենք այնքան բաց ու ազատ չենք, որքան, ասենք, ռուսները: Միշտ ինչ-որ բան ծածուկ ենք պահում, ուզում ենք ավելի լավը երեւալ, քան կանք: Այդ տիպի շոուն մեզ համար չէ:

-Տիկի՛ն Դեւոյան, դժվար չէ նկատել, որ տարիներն անցնում են Ձեր կողքով, ինչպե՞ս է դա Ձեզ մոտ ստացվում:

-Կնոջ գեղեցկությունը ներսից է բխում: Հատկապես, երբ նա ուժեղ է, բայց միեւնույն ժամանակ` մեղմ, կարծում եմ` անչափ գրավիչ է: Իսկ այդ հատկությունները, նաեւ ներքին խաղաղությունն ու ներդաշնակությունը, պարտադիր արտահայտվում են դեմքի եւ վարքի վրա:

-Իսկ եթե խոսենք միայն արտաքին տվյալներից, կնշե՞ք` ի՞նչ գործոններ են նպաստել երիտասարդ մնալուն: Ի դեպ, ասում են` Դուք մի շարք պլաստիկ վիրահատություններ եք տարել, ճի՞շտ է:

-Ո՛չ, ես այն կինն եմ, որը ոչ մի անգամ պլաստիկ վիրահատական միջամտության չի դիմել, թեեւ այն կարծիքին եմ, որ արդեն դրա կարիքը կա, բայց ռիսկի չեմ դիմում: Ինչ վերաբերում է գեղեցկության գաղտնիքներին, ասեմ, որ ես մշտապես մարզվում եմ, շարժման մեջ եմ, բացի այդ` արդեն 15 տարի է` երբեմն-երբեմն սառը ցնցուղ ընդունելն ինձ համար դարձել է պարտադիր պայման:

-Դուք չեք պատրաստվում զիջել Ձեր դիրքերը նաեւ պարարվեստի ոլորտում, բեմը լքելու մասին խոսք անգամ չեք բացում, հետաքրքիր է` այս ասպարեզի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես այդ «լքել» բառը չեմ սիրում, որքան կստացվի, կմնամ բեմում: Արդեն ունեմ պարի 4 դպրոց, հաճախ կազմակերպում ենք համերգներ, իսկ շուտով արդեն կլինի կես դար, որ բեմում եմ եւ պատրաստվում եմ առաջիկայում մեծ համերգով նշանավորել այդ հոբելյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս