Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հյուսիսային ուղղությամբ երկու օր շարունակ մարտեր են ընթացել: Սակայն, ադրբեջանական կողմը որոշակի պահի դադարեցրել է կրակը և այդ ընթացքում դարանակալել հայկական դիրքերի մոտ ու անակնկալ հարձակում գործել:
Ադրբեջանական կողմը կիրառել է մեծ տրամաչափի զենքեր: Հենց այդ հարձակման պահին էլ հայկական կողմը տվել է 3 զոհ և 4 վիրավոր: Մարտերն այնքան երկար են տևել, մինչև հայկական կողմից օգնության են հասել օժանդակ ուժերը և հետ են շպրտել հակառակորդին:
Մեր դիրքապահները հետապնդել են հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբին ընդհուպ մինչև իրենց դիրքերը: Հակառակորդը տվել է 14 զոհ, որոնցից ոմանք սպանվել են հենց ականների վրա պայթելով: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ այս պահին ևս հյուսիսային ուղղությամբ շարունակվում են կրակոցներ հնչել և իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նաև տեղեկացնենք, որ հայկական կողմի 4 վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհված զինծառայողներն են` Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։