Հայաստանում մարտի 16-18-ին կայացավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Նիստում այլ կարևոր հարցերից զատ, ընդունվել էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին և Ուկրաինայի նկատմամբ` Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մասին բանաձևերը:
Նշենք, որ ուկրաինացի պատվիրակները, հատկապես Եվրանեսթի նախկին համանախագահ Բորիս Տարասյուկը սուր շեշտադրումներով էր անդրադարձել Ցեղասպանության հարցին: Վերջինս մասնավորապես նշել էր. «Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ինչպե՞ս կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը»:
Եվրանեսթի աշխատանքների և Բորիս Տարասյուկի խոսքերի գնահատման համար Armlur.am-ը զրուցեց վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:
Վերջինս շատ բարձր գնահատեց Եվրանեսթի աշխատանքները, կարևորեց Ցեղասպանության մասին ընդունված բանաձևը: Անդրադառնալով Տարասյուկի հայտարարություններին, նա նշեց.
«Եկեք մի բան գնահատենք, թե ով է Բորիս Տարասյուկը: Մի մարդ, ով նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, այդ ժամանակ էլ չի փայլել հայամետությամբ, միշտ եղել է պրոադրբեջանական: Լինելով արտգործնախարարի կարգավիճակում` կրկնել է ԵԱՀԿ մյուս արտգործանախարարների բանաձևը», – նշեց նա:
Պողոսյանի խոսքով, Տարասյուկի դերակատարումը հարցերում նվազում է: «Նա մի մարդ է, ով պետ է Ուկրաինա վերադառնալուց հետո պետք է բացատրի, թե ինչպես մասնակցեց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Նա իր համար դաշտ է ձևավորում, թե նայեք, տեսեք, թե ինչ բան եմ արել: Շատ ժամանակ պետք է արհամարհել` գիտակցելով, որ ինչ արել է, իրեն է արել», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում