Համայնքների խոշորացմամբ կառավարությունն ուզում է վերացնել ավերածությունների հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, այսպես կոչված, համայնքների խոշորացման փորձնական ծրագրեր իրագործել: Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ երեկ կայացած նիստում ընդգրկված էին  վերը նշված երեք մարզերի ընդհանուր 22 համայնքներում այս տարվա մայիսի 17-ին տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումների նախագծերը:

Նախագծերից մեկով նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում:

Որոշման նախագծերին կից հիմնավորումներում, որպես համայնքների միավորման փաստարկներ, բերված են համայնքների խոշորացման ծրագրին վերաբերող իրավական ակտերը: Իսկ ինչո՞ւ է այդ հարցը քննարկման առարկա դարձել, ի՞նչ խնդիր է ցանկանում այսպիսով լուծել Կառավարությունը. նման հարցերն ու դրանց պատասխանները բացակայում են: Ավելին՝ Հայաստանի պաշտոնյաները, որոնք առնչություն ունեն համայնքների խոշորացման ծրագրին, սովորաբար չեն անդրադառնում այն հարցին, թե այդ գաղափարը որտեղից է ի հայտ եկել:
Տեղեկացնենք, որ այդ գաղափարն ի հայտ է եկել այն պահից, երբ այլեւս ակնհայտ է դարձել, որ Հայաստանի մարզերի մի շարք գյուղեր բնակչության արտագաղթի պատճառով դատարկվել են եւ շուտով «կմեռնեն»:

Արդյունքում, դատարկված գյուղերը նույնիսկ իրենց տարրական խնդիրներն ի վիճակի չեն ինքնուրույն լուծելու: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ Կառավարությունը գործում է Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա ենթադրվում է, որ նրա որոշման նպատակը պետք է լինի նպաստել համայնքների զարգացմանը: Սակայն գործադիրը իր այս նախագծով առավել բարդացնում է առանց այդ էլ սակավաթիվ գյուղաբնակների կյանքը:

Օրինակ՝ Թումանյան քաղաքի հետ միավորվող գյուղերը, պարզվում է, իրենց ապագա շրջկենտրոնի հետ ուղիղ ճանապարհային կապ անգամ չունեն: Գրեթե նույն իրավիճակն է տիրում նաեւ Տավուշի միավորվող գյուղերի պարագայում, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ Դիլիջանից բացի՝ Թեղուտը եւ Հաղարծինը նույնպես տեղակայված են Երեւան-Իջեւան մայրուղու հարեւանությամբ: Իսկ մնացած համայնքներն իրենց ապագա շրջկենտրոնի` Դիլիջանի հետ դարձյալ ուղիղ ճանապարհային կապ չունեն: Մի փոքր այլ է Սյունիքի մարզի գյուղերի դեպքում, այստեղ միավորվող համայնքները հիմնականում միմյանց, եւ որ ամենակարեւորն է՝ ապագա շրջկենտրոնի հետ կապված են:

Հաջորդ հարցն այն է, որ յոթ կամ ութ գյուղ մեկ համայնքի մեջ միավորելով՝ մի քանի տարի հետո դրանցից, ասենք, չորսը, թերեւս կդադարի որպես բնակավայր գոյություն ունենալուց: Ու որպեսզի դա չերեւա, եւ որեւէ մեկը չարձանագրի, որ մեր երկրում համայնքների առնվազն կեսը մի քանի տարի հետո կդադարի որպես բնակավայր լինելուց, Կառավարությունը որոշել է «թաքցնել» գործունեության հետքերը, որ անկումը հնարավորինս աննկատ մնա: Այլ կերպ ասած՝ մարդիկ ուզում են քարտեզի վրայից ջնջել դատարկված գյուղերը, բայց անունը դրել են համայնքների խոշորացում:
Իհարկե, կարող է հարց ծագել, որ եթե այդպես է, թող այդ գյուղում ապրող տասը կամ հարյուր բնակիչները դեմ քվեարկեն եւ դեմ կանգնեն իրենց գյուղի վերացման ծրագրին: Բայց իշխանությունները այս տարբերակն էլ են հաշվել: Փաստացի «միավորման» քարտեզն այնպես է կազմված, որ ապագա շրջկենտրոնները եւ նրանց կողքի մեկ-երկու մեծ գյուղերը դառնում են որոշողը:

Այսինքն՝ եթե 10 հազար դիլիջանցիները կազմակերպված կողմ քվեարկեն, ապա, ասենք, 298 բնակիչ ունեցող (պաշտոնական տվյալներով՝ իրականում թիվն ավելի պակաս կլինի) Աղավնավանքի կամ 331 հոգանոց Խաչարձանի բնակիչների կարծիքը որեւէ ազդեցութուն չի ունենա: Ու Կառավարության նախատեսած սխեմայով ապագա շրջկենտրոնները փաստացի լինելու են հիմնական որոշողները, քանի որ նրանց բնակչությունը, հետեւաբար նաեւ՝ ընտրողները մյուս գյուղերից մի քանի անգամ շատ են: Փոքր բնակավայրերը պաշտոնապես ձայնի իրավունքից զրկված չեն լինի, բայց փաստացի կգտնվեն ձայնազուրկ կարգավիճակում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս