Զոհված զինծառայողի ծնողները պատրաստվում էին նրա ծննդյան արարողությանը. դժբախտության մասին դեռևս չգիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Armlur.am-ը հայտնել էր նաև, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր: Armlur.am-ի հետ զրույցում Քաշաթաղի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը հայտնեց, որ Հակոբի ծնողներին ասել են, թե նրանց որդին հրազենային ծանր վիրավորում է ստացել, իրական ողբերգության մասին դեռևս հայտնել չեն կարողանում:

«Շատ վատ վիճակում են հիմա: Չենք  կարողանում իրականությունն ասել: Չնայած հիմա բոլոր հարևանները հավաքվել են, ու նրանք էլ արդեն հասկանում են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրանց աղջիկը մանկավարժ է, հիմա Ստեփանակերտում դասընթացներ է անցնում, սպասում ենք` գա, որպեսզի բոլորով ծնողների կողքին լինեն, հետո միայն հայտնենք` ինչ է տեղի ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ մարտի 28-ին Հակոբի ծննդյան օրն է. ծնողներն արդեն պատրաստվում էին նրան այցելության գնալ. «Մեծ ողբերգություն է բոլորիս համար: Ամենալավ մարդու բոլոր հատկանիշներն ուներ Հակոբը: Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն էր ընդունվել ու բանակ զորակոչվեց: Դեռ մի տարի չկա, որ ծառայում է ու արդեն մի քանի պատվոգրեր է ստացել լավ հրաձիգ լինելու համար: Մարդիկ ավտոմատով այնքան լավ չեն կրակում, որքան լավ ինքը պուլիմյոտով էր կրակում: Հայաստանը տարբեր երկրներում ներկայացրել էր վազքի մրցումներում ու միշտ հաղթանակներով էր տուն վերադառնում: Հիանալի և գովելի երիտասարդ էր: Ցավ ենք ապրում բոլորս նրա անժամանակ մահվան համար»:

Հիշեցնենք, որ Արտավազդ Ալեքսանյանն ավելի վաղ նշված թեմայից մասին խոսելիս, նշել էր, որ Քաշաթաղի տղաները «զինվոր դարձած են ծնվում, բարուրից են հայրենասիրության ոգով դաստիարակվում, իսկ ծառայությունից խուսափել ցանկանալու մասին խոսք անգամ լինել չի կարող»:




Լրահոս