«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք` մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել:
-Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրացնել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրունում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել:
Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը: Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: