ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» փորձում են եվրոպացիների առաջ ընդդիմադիր երևալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 18-ին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: Նախ խոսել է Լևոն Զուրաբյանը, որը ներկայացրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին համակարգված ձևով, ահաբեկումների ու բռնությունների օգտագործմամբ, որի ընթացքում 500 ԲՀԿ-ականներ էին բերման ենթարկվել, կոտրել Սահմանադրության փոփոխությունների դեմ կազմավորված ընդդիմադիր կոնսոլիդացիան: Գրեթե նույնը կրկնել է Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ թեև ԲՀԿ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, բայց դրա մեջ ոչ մի դատապարտելի բան չկա:

Իրենք պարզապես ցանկացել են ծանոթանալ Սերժ Սարգսյանի մոտեցումներին, որից հետո, սակայն, չեն փոխել իրենց դիրքորոշումը և, վերջին հաշվով, դեմ են սահմանադրական փոփոխություններին: Հանդես է եկել նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, չնայած նրա հնչեցրած քննադատությունն ավելի մեղմ է եղել: Դժվար չէ նկատել, որ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», որոնք նախագահին հանդիպելուց հետո դեռևս հստակ դիրքորոշում չեն հայտնել սահմանադրական բարեփոխումների հարցում, քամելեոնի վարք են դրսևորում: Եվրոպացիների առաջ նրանք խիզախ դիրքորոշումներ են հայտնում, փորձելով ընդդիմադիր երևալ, բայց հայաստանյան միջավայրում փոխում են ձայնի տոնայնությունը ու խուսափում կտրուկ դիրքորոշումներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս