Ս. Սարգսյանը հրամայեց գրոհ սկսել ԲՀԿ-ի դեմ, ահաբեկված Ծառուկյանն էլ չեղյալ համարեց հանրահավաքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների, հավաքների ազատության խնդրին, ինչպես նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Որպես մարդու իրավունքների ոտնահարման և հավաքների ազատության խախտում նա օրինակ բերեց Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի հետ կապված դեպքերը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները, ինչպես նաև Գյումրիում վերջերս տեղի ունեցած ցույցերն ու դրանց հետևանքները:

«Ընդամենը երկու օր առաջ Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ-ի մասին խոսում էր այնպես, ինչպես ընդունված է խոսել ժողովրդավարական երկրների մասին: Հարցը հետևյալն է. կա՞ն արդյոք օբյեկտիվ պատճառներ, որ Հայաստանը թույլ են տալիս համարել ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական երկիր», – նշեց նա և ընդգծեց, որ անկախացումից ի վեր մեր երկրում բոլոր ընտրություններում հաղթող է հռչակվել միայն գործող իշխանությունը:

«Որևէ ընտրություններում ընդդիմությունը հաղթող չի ճանաչվել: Աշխարհում չկա երկիր, որտեղ 24 տարի անընդմեջ ընտրություններում հաղթում է գործող իշխանությունը և այդ երկիրը համարվում է ժողովրդավարական: Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ` փետրվարի 12-ին, Ս. Սարգսյանը հրահանգ տվեց գրոհ սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դեմ, ով հրապարակային հայտարարել էր իշխանափոխություն անելու մասին: Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը երկար տարիներ հարկային պարտավորություններ չի կատարել, կատարել է քրեական հանցանքներ, ասաց նաև, որ պետք է զրկել պատգամավորական մանդատից», – շարունակեց Փաշինյանը և նշեց, որ այս ամենը հնչել է հրապարակային, որից հետո էլ «ահաբեկված» Ծառուկյանը չեղյալ համարեց նախօրոք նախատեսված հանրահավաքը:

Նրա խոսքով, Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հնազանդվելուց հետո մնում է պատգամավոր, իսկ հարկային ստուգումներն էլ այլևս չեն անցկացվում: Փաշինյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե մենք ունենք հավաքների ազատություն: Որպես հակադարձում նա նշեց, թե կան երիտասարդներ, ովքեր ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել և ենթարկվել խոշոր դրամական տուգանքների:

Այնուհետև Փաշինյանը մանրամասն ներկայացրեց Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի ձերբակալման դեպքերը և հայտարարեց, թե ինքը վերջիններիս համարում է քաղբանտարկյալ: Նա անդրադարձավ նաև Գյումրիի ցույցերին, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:

«Հունվարի 15-ին տեղի ունեցած բախումը հետևանք էր ոստիկանների սադրիչ գործողությունների», – հայտարարեց նա` նշելով, թե այդ ամենն արվել է հատուկ` քրեական գործ հարուցելու համար: Նրա խոսքով, հայ ժողովուրդը շարունակում է նույնը պահանջել, իսկ ռուս իրավապահները չեն ցանկանում այդ ամենը կատարել:

«Այսպիսով, ի հեճուկս իշխանությունների` Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Այն կլինի ժողովրդավարական, երբ ընդդիմադիրները կարողանան ընտրություններում հաղթել, երբ մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն և պատժվեն», – հավելեց նա և նշեց, որ ընդդիմության դե յուրե հաղթանակը ընտրություններում բավարար չի լինի ժողովրդավարության կայացման համար:




Լրահոս