Հայաստանը վերջին տարիներին հասել է բազմաթիվ ոլորտներում փոփոխությունների և տարբերվել հարևան պետություններից: Այս մասին խորհրդարանում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստում նշեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Պետք է նշեմ, որ այս ամենն արվել է ԵՄ մեր գործընկերների` Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և քաղաքական ուժերի համագործակցությամբ: Եթե չլինեին պարտավորությունները ու ֆինանսական օգնությունները, այդ բարեփոխումները չէին լինի կամ դժվար կլինեին: Շատերը նշում էին, որ ԵՏՄ-ում գործող բարքերը վաղ թե ուշ իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա: Այդ մտահոգություններին ես միացել եմ և դրանք արդարանում են, քանի որ Հայաստանում այժմ հետընթաց է արձանագրվում», – նշեց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանում գործող ընտրական համակարգին և նշեց, թե լավ մշակված ընտրական համակարգ ունենք, բայց շատ չլուծված խնդիրներ կան:
«Հաջողությունների հատային դեպքեր եղել են, բայց միայն լավ ընտրական օրենսգիրք ունենալը բավարար չէ արդար ընտրություններ անցկացնելու համար: Հանրային վստահությունը դատական համակարգի հանդեպ մնում է ցածր, իսկ կոռուպցիայի մակարդակը` բարձր: Որպես նախկին փաստաբան, պետք է նշեմ, որ միշտ այն կարծիքին եմ եղել, որ դատական իշխանության ուղղվելու արդյունքում հնարավոր է, որ այլ համակարգերը ևս ուղղվեն», – հավելեց նա:
Մարուքյանը նշեց նաև, թե նոր մեխանիզմներ են ներդրվում, որոնք, սակայն մնում են թղթի վրա: Որպես օրինակ` նա նշեց պաշտոնյաների կողմից ներկայացվող հայտարարագրերը, որտեղ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ են ներկայացվում: Նրա հարցադրում կատարաեց` ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե որտեղի՞ց պետական պաշտոնյային այդքան գումար:
«Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանը համեմատած ԵՏՄ երկրների հետ ժողովրդավարության կղզյակ է այդ տարածքում: Ամփոփելով իմ խոսքը` ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ գոնե հետագա փաստաթուղթն ունենա մարդու իրավունքների, իրավունքների գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների մասին կետեր», – եզրափակեց նա: