Սեդա Մավյանը (ՍՄ) “Նուվել դ’Արմենի Մագազին” -ի թղթակիցն է Հայաստանում (“Նուվել դ’Արմենի Մագազինը” հայկական ամենամսյա ամսագիր է, որը լույս է տեսնում Փարիզում, ֆրանսերեն: Նա Ռուբեն Հայրապետյանին (ՌՀ) հանդիպել է Ավանում, 2012-ի օգոսոսի 11-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ գտնվող հանրային լողավազանի մոտ՝ “Հարսնաքար՚” հյուրանոց-ռեստորանի հետևում, որտեղ տեղի է ունեցել հունիսի 17-ի ողբերգությունը: Հարցազրույցը տևել է մոտ չորս ժամ, որի մեծ մասը ձայնագրվել է: Այս բացառիկ հարցազրույցի մի մասը ֆրանսիական թարգմանությամբ տպագրվել է “Նուվել դ’Արմենի Մագազին”-ի վերջին համարում (n՛188, սեպտեմբեր 2012):
Հաշվի առնելով այս հարցազրույցի բացառիկ բնույթը, “Նուվել դ’Արմենի”–ն որոշել է այն սղագրել հայերեն և ամբողջությամբ հրապարակել իր կայքում՝ հայախոս և, մասնավորապես, հայաստանցի ընթերցողի համար՝ հայկական լրատվամիջոցներին կատարյալ ազատություն ընձեռելով վերատպելու հարցազրույցի այս կամ այն հատվածը, որպեսզի այն հնարավորինս լայն արձագանք ստանա:
Բացի այդ, ՍՄ-ն հույս ունի, որ ընթերցողների արձագանքներն այս հրապարակմանը հնարավորություն կտան ամբողջացնելու կամ շտկումներ մտցնելու ՌՀ-ի՝ մեզ հայտնի կենսագրության մեջ: Նա նաև հույս ունի իր համեստ ներդրումն ունենալ Ավետյանի սպանության որոշ հանգամանքների լուսաբանման գործում:
ՍՄ- Վերադառնանք “Հարսնաքարի” դեպքին : Հունիսի տասնյոթի այդ օրը դուք ինչպե՞ս իմացաք լուրը : ՌՀ- Տնօրենն ինձ զանգեց : Այդ օրը և ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար : Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ :
ՍՄ- Իսկ դուք ձեր տա՞նն էիք :
ՌՀ- Այո :
ՍՄ- Եվ ի՞նչ արեցիք :
ՌՀ- Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է :
ՍՄ- Գոնե միանգամից գնացի՞ք այնտեղ :
ՌՀ- Ինձ ուշադիր լսեք : Ես էլ ոչինչ չեմ ավելացնի, որովհետև դա կդիտվի որպես քննությանը խանգարելու փորձ : Պետք է հաշվի առնել, որ նախաքննության գաղտնիության խնդիր կա :
ՍՄ- Ամեն դեպքում պնդում եք, որ այնտեղ չեք եղել :
ՌՀ- Իրականում Աստծուն կաղաչեի այդ պահին այնտեղ եղած լինել : Այդ օրվա համար Աստծուն միայն մի բան կխնդրեի, որ նախապես տեղյակ լինեի, թե ինչ է կատարվելու կամ էլ տեղում լինեի : Եթե ես նախապես իմանայի կամ եթե ես տեղում լինեի, նման բան չէր լինի : Եթե ես իմանայի, որ այդտեղ կոնֆլիկտ կա, մարդիկ իրենց վատ են պահում, այս դեպքը չէր լինի : Աստծուն միայն դա կխնդրեի՝ որ ես իմանայի:
ՍՄ- Մարդիկ կասկած են հայտնել, թե առանց ձեր հավանության, ձեր աշխատակիցներն իրենց նման բան թույլ չէին տա : Ասում են, թե ձեզ զանգել են, ասել եք, “սատկացրեք ” :
ՌՀ- Դրանք սուտ հերյուրանքներ են : Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին և թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա : Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են : …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում :
ՍՄ- Այսինքն մտածում էիք՝ ձեզ ծուղակը գցելու համա՞ր…
ՌՀ- Այո, նման մի բան… որովհետև կռիվը սկսվել է այն մարդուց, ով ամբողջ կյանքում հավի պես է ապրել… վարորդը, ընդամենը վարորդը :
ՍՄ- Ո՞ւմ վարորդը :
ՌՀ- Ռեստորանի մենեջերի… որ գնում են, ապրանք են առնում… վարորդը, ով իր կյանքում կռիվ չի արել :
ՍՄ- Ձեր կարծիքով, այն վեց հոգին, որոնք հիմա ձերբակալված են, իրական մեղավորնե՞րն են :
ՌՀ- Թույլ տվեք ձեզ չպատասխանել, որովհետև քննությունը դեռ ավարտված չէ : Հենց որ գործը հանձնեն դատարան, ես պատրաստ եմ ձեզ հետ մանրամասնորեն քննարկել այս գործը, որքան որ ցանկանաք… հիմնավորումներով : Հավատացեք ինձ, ես մի տղա ունեմ : Ես տղայիս արևով եմ երդվում, որ եթե ես տեղյակ եմ եղել… Ձայնագրելու համար չեմ ասում… Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են : Լևոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին… Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել : Դրա համար էլ ձայնները կտրել են և արդեն ուրիշ բաներով են զբաղված : Դուք տեսաք, նախանցյալ օրն ասացին, որ այս ամենը Ռուբեն Հայրապետյանի դեմ չէ : Մարդիկ արդեն բացեիբաց կանգնում- ասում են : … Ոտնձգություն են անում իմ տան, իմ ընտանիքի հանդեպ : Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ : Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար (ծ.լ. ՌՀ-ն ակնարկում է օգոստոսի յոթի երթը, որը հասել և կանգ է առել Ավանում իր տան առջև) :
ՍՄ- Լավ : Այդ դեպքից հետո ձեր հայրը կամ, չգիտեմ, տնօրենը …
ՌՀ- Դուք արդեն հարցաքննում եք ինձ :
ՍՄ- Հիմա հավաքույթ կա՞ ռեստորանում :
ՌՀ- Իհարկե ոչ, փակ է :
ՍՄ- Դեպքից հետո ռեստորանն այլևս չի՞ աշխատում :
ՌՀ- Իհարկե ոչ :
ՍՄ- Նաև շատ խոսեցին այն մասին, որ Ավետյանի մահից երկու օր հետո դուք Սերժ Սարգսյանի հետ գնացել եք Ուկրաինա : Ճի՞շտ է, թե՞ չէ :
ՌՀ- Իհարկե ոչ : Ձեզ ավելին ասեմ. ես չեմ կարողանում նույնիսկ տնից դուրս գալ, մարդկանց աչքերի մեջ նայել : Ես ամաչում եմ մարդկանց հետ շփվել, որովհետև անմեղ դիակ են բերել…
ՍՄ- Այսինքն դուք Ուկրաինա չե՞ք գնացել, ինչպես որ ասում էին :
ՌՀ- Իհարկե ոչ :
ՍՄ- Իսկ Սերժ Սարգսյա՞նը :
ՌՀ- Սերժ Սարգսյանը գնացել է՝ պաշտոնապես : Ես նույնիսկ հրաժարվեցի իմ բոլոր գործուղումներից, որովհետև տնից դուրս չէի գալիս :
ՍՄ- Իմիջիայլոց, դուք զոհվածի ընտանիքի հետ կապ հաստատե՞լ եք :
ՌՀ- Ո՞ւմ ընտանիքի :
ՍՄ- Մահացածի :
ՌՀ- Ինչո՞ւ պիտի անեի դա : Թող դա անի նա, ով կապ ունի նրա մահվան հետ : Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ, որ կապ հաստատեմ նրա ընտանիքի հետ : Ով որ արել է դա, թող նա էլ կապ հաստատի : Մի քանի սրիկա արել է դա, թող իրենք էլ պատասխան տան:
ՍՄ- Դուք ազդեցություն բանեցրե՞լ եք քննչական խմբի վրա, որպեսզի մի քանի օրով երկարացվի տուժողների փաստաբաններին հատկացված ժամանակը, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ քրեական գործին : Նախապես մեկ-երկու օր էր նախատեսված դրա համար :
ՌՀ- Ոչ : Անկեղծ ասած, ես նույնիսկ տեղյակ չեի : Գիտե՞ք, եթե ես հրաժարվել եմ իմ մանդատից, հենց դրա համար է, որ ինձ չմեղադրեն սրա կամ նրա վրա ճնշում բանեցնելու համար :
ՍՄ- Չէ, ես լավ իմաստով էի հարցնում :
ՌՀ- Ազնվորեն՝ տեղյակ չեմ :
ՍՄ- “Հարսնաքարի” այս դեպքը շատ է հիշեցնում “Առագաստ” սրճարանի դեպքը, որը Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձավ 2001-ի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը :
ՌՀ- Ինչո՞վ է նման : Ընդհանրապես նման չէ :
ՍՄ- Ինչո՞ւ : Ուզում եք ասել, որ այն ժամանակ իրոք թիկնապահներ էին ծեծողները, իսկ հիմա թիկնապահներ չե՞ն :
ՌՀ- Ոչ, ես էդպիսի բան չէի ասի :
ՍՄ- Այն ժամանակ ամբարտավանության պատմություն էր՝ , Բարև, Ռոբ ե, և մարդուն ջարդում են, այս անգամ էլ ես այդպես հասկացա, որ ամբարտավանության ինչ-որ պատմություն է, միգուցե… չգիտեմ… ինչ-որ կեցվածքի… Դա է՞լ չէ :
ՌՀ- Դուք խոսում եք՝ հիմնվելով նրա վրա, ինչ լսել եք, բայց ի տարբերություն ձեզ, ես եղել եմ այնտեղ : “Առագաստի” դեպքի օրը ես այնտեղ էի : Ես Պողոսյանից երկու մետր հեռու էի նստած՝ հարևան սեղանին :
ՍՄ- Նրան ճանաչո՞ւմ էիք :
ՌՀ- Ոչ : Չորս հոգով նստած էինք կողքի սեղանի շուրջ՝ ես, լրագրող Սաթիկ Սեյրանյանը : Ամեն ինչ իմ աչքի առաջ եղավ : Ես չեմ ուզում դրա մասին խոսել կամ էլ որևէ զուգահեռ անցկացնել ներկայիս դեպքի հետ : Ընդամենը ուզում եմ ասել, որ այս երկու դեպքերի միջև նմանություն չկա : Երկուսն էլ հրեշավոր դեպքեր են : Բայց դրանց դրդապատճառները լրիվ տարբեր են, և այդ երկու դեպքերն իրար բոլորովին նման չեն :
ՍՄ- Ենթադրենք, թե այդ երկու դեպքերն իրար հետ որևէ առնչություն չունեն, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ տասը տարվա տարբերությամբ երկու մարդ է վայրենաբար սպանվել առանց որևէ պատճառի : Դա ինչ-որ շեղման մասին չի՞ վկայում :
ՌՀ- Ասեմ ձեզ. սարսափելի, աններելի բան է տեղի ունեցել, որի համար մեծ ցավ եմ ապրել ու մինչ օրս էլ չգիտեմ՝ ինչ անել : Ես չեմ փորձում արդարանալ ժողովրդի առաջ : Կարող եմ նույնիսկ ասել, որ այսօր առաջին անգամն է, որ լրագրողի հետ խոսում եմ դրա մասին : Ես մինչ այժմ լռել եմ, որովհետև սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը դիտավորյալ կերպով քաղաքականացրել են և արհեստականորեն կապել իմ անձի հետ՝ այն աստիճան, որ ինձ ուղղակիորեն մեղադրել են սպանության համար, ինչն անընդունելի է, երբ արվում է առանց գործը քննելու և բոլոր հանգամանքները պարզելու : “Անմեղության կանխավարկած” հասկացողություն գոյություն ունի : Մի քանի սրիկա, ստոր մարդիկ իրենց քննիչի, դատախազի, դատավորի տեղ դրեցին ու մի օրվա ընթացքում ինձ դատապարտեցին : Նման բան Ստալինի կամ Հիտլերի ժամանակներում էին անում : Տեղնուտեղը որոշում էին ու մարդուն մեղադրանք էին առաջադրում : Քննությունը կավարտվի, ազգային ժողովը կսկսի իր գործունեությունը, ես իրավունք ունեմ հենց առաջին օրը ելույթ ունենալու. այդ ժամանակ ես կխոսեմ ու ամեն ինչ կասեմ : Այո, ես գտնում եմ, որ շատ վատ բան է տեղի ունեցել, որ կատարվել է անթույլատրելի արարք, որ մեր երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց թվում է, թե իրենք անպատժելի են : Բայց ես այդ խմբին չեմ պատկանում և չեմ էլ ցանկանում պատկանել : Փառք Աստծո, մեր նախագահը նույնիսկ իր մտերիմների համար անպատժելիություն չի հանդուրժում, կարող եմ հավատացնել ձեզ : Անհնար է, որ ես մի մազաչափ մեղք ունենայի ու հիմա ձեզ հետ զրուցելիս լինեի: Եթե ես այս գործում մի մազաչափ մեղք ունենայի, նախագահն ինձ արդեն ձերբակալած կլիներ : Հաստատ համոզված եղեք : Գիտե՞ք ինչ, փորձում են մեր երկրի վրա ցեխ շպրտել, բայց այդպես չէ : Ես ընդունում եմ, որ վատ բաներ կան, բայց ոչ անպատժելիություն : Այսօր ցանկացածը, ով մեղավոր է, պատժվում է : Այո, երկրում վատ մթնոլորտ կա, իրար չներելու, իրար չհանդուրժելու մթնոլորտ, բայց անպատժելիություն չկա : Նման բան չկա : Համոզված եղեք, որ մեղավորը պատասխան է տալու :
ՍՄ- Գուցե այս անգամ այդպես լինի, իսկ մինչև հիմա՞:
ՌՀ- Ոչ : Կարող ենք ասել, որ այս դեպքից առաջ էլ մեղավորները պատժվել են : Ու հետո էլ այդպես կլինի : Քանի դեռ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ է, այդպես կլինի:
ՍՄ- Եթե որոշ հեռավորությունից նայենք իրադարձություններին, ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի նախագահությունից ի վեր երկիրը մի ուրիշ ուղով է գնացել :
ՌՀ- Ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ : Վերջին տասնհինգ տարիների ընթացքում իրոք շատ անարդարություններ են եղել : Բայց եթե խորը ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, կտեսնենք, որ անպատժելիություն չկա :
ՍՄ- Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի գործի շարունակողը չէ՞:
ՌՀ- Ոչ : Սերժ Սարգսյանն ինքն իր գործի շարունակողն է : Նա թույլ չի տա, որ իր կուսակցությունից ինչ-որ մեկն անպատիժ մնա : Ես համոզված եմ դրանում, ես դա երաշխավորում եմ և գլուխս կդնեմ ասածիս համար :
(…) Այս պահին ես անջատում եմ ձայնագրությունը, և զրույցը շարունակվում է առանց դրա, հետո նորից անդրադառնում ենք “Հարսնաքարի” դեպքին : ՌՀ-ն աում է, որ երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքը, նա հետ կվերցնի իր մանդատը, մինչև դատավարության ավարտը, որից հետո նորից կհանձնի :
ՌՀ- Գոռում են՝ “Նեմեց, մարդասպան” : Ինչո՞ւ է գոռում… “Քննիչ” է, էնտեղ է եղել… “Տեսել է” : Ինչո՞ւ է գոռում՝ “մարդասպան” : Նրանք ո՞վ են, իրավունք ունե՞ն գոռալու : Ես Հայաստանի քաղաքացի եմ : Ես էլ իրավունք ունեմ պաշտպանվելու, չէ՞: Ինչո՞ւ են ինձ գոռում՝ “մարդասպան” : Իսկ եթե հետո պարզվի, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, եթե քննությունը պարզի, նրանք ի՞նչ են անելու :
ՍՄ- Դուք մի պահ ասացիք, որ այնպիսի տպավորություն ունեիք, թե փորձել են ձեզ ծուղակը գցել : Ենթադրենք, թե դա ճիշտ է: Ո՞վ կարող էր ցանկանալ ձեզ ծուղակը գցել:
ՌՀ- Նրանք, ովքեր իշխանության դեմ են : Դուք չե՞ք տեսնում, որ այս ամենն իմ անձի դեմ չի ուղղված …
ՍՄ- Այսինքն՝ դուք որպես համակարգի նմուշ…
ՌՀ- Չէ, համակարգի չէ :
ՍՄ- Վարչակարգի :
ՌՀ- Ոչ էլ վարչակարգի : Ինչո՞ւ վարչակարգի, ոչ թե՝ իշխանության :
ՍՄ- Բայց ինչո՞ւ ձեր միջոցով :
ՌՀ- Որովհետև ես եմ կանգնած եղել… դավաճան չեմ եղել : Փորձեք տեսնել, թե այդ ոհմակի արշավն իմ դեմ երբ սկսվեց, որովհետև նրանք ոհմակ են : Դուք այդ լրատվամիջոցներին ընդդիմադիր եք անվանում, իսկ ես անվանում եմ “ոհմակ” : Նրանք պատվերով դուրս եկան իմ դեմ այն ժամանակ, երբ ես չպաշտպանեցի ԼՏՊ-ի թեկնածությունը :
ՍՄ- Բայց դուք միակը չեք, ով նման դիրքորոշում է որդեգրել :
ՌՀ- Ինձ լավ լսեք. ես միակն եմ :
ՍՄ- Ոչ, դուք միակը չեք : Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը կա, և այլն…
ՌՀ- Ես չեմ ուզում ուրիշների մասին խոսել : Ես միայն իմ մասին եմ խոսում : Թե ուրիշներն ինչ են արել, ինչ խաղեր են խաղացել, ինձ չի հետաքրքրում : Ով տարել է, ԼՏՊ-ին փող է տվել… Գրեք Բարգավաճի մասին, նա էլ է իշխանության կողմից եղել… ԼՏՊ-ն կամ իր թերթերը : (ծ.լ. Այստեղ ՌՀ-ն միտքն այնքան էլ հստակ չի արտահայտում, ինչը, ամենայն հավանականությամբ, շփոթմունքի մասին է վկայում) : …Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա : Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում : Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են : Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ “Նեմեց՝ մարդասպան” :
ՍՄ- Ես նման բան չեմ տեսել :
ՌՀ- Ի՞նչ եք ասում, ես հո սուտ չե՞մ խոսում :
ՍՄ- Ես մասնակցել եմ օգոստոսի յոթի ցույցին և նման բան չեմ տեսել, եթե չհաշվենք այն, որ երթով անցանք ձեր տան առջևով, մի վայրկյան կանգ առանք, հետո շարունակեցինք :
ՌՀ- Իսկ ինչո՞ւ կանգ առաք : Իմ տղան ու ընտանիքիս անդամներն ի՞նչ մեղք ունեն: Ինչո՞ւ կանգ առաք քաղաքապետի տան դիմաց և վախեցրիք հինգ անչափահաս երեխաներին : Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է : Լավ, ես վատն եմ, համարում ենք՝ ես վատն եմ : Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ : Ընտանիքն ի՞նչ կապ ունի : Լավ, ես վատն եմ, շատ վատն եմ, իմ երեխաներն ի՞նչ մեղավոր են : Քաղաքապետի երեխաներն ի՞նչ մեղավոր են : Մեծ երեխան տասներեք տարեկան է : Ասենք՝ քաղաքապետը վատն է : Մեծը տասներեք տարեկան է, փոքրը՝ երկու ամսական : Ի՞նչ մեղք ունեն՝ հինգ երեխա : Ինչո՞ւ : Ժողովրդավարությունը դա՞ է, ազատությունը, ճշմարտությունը դա՞ է : Գնում են՝ գոռալով. “Եկել ենք, ազատենք Ավանը” : Դուք ձեր աչքով տեսել եք՝ ովքեր են, քանի մարդ կար : Դուք գտնում եք՝ այդ մարդիկ ինքնաբո՞ւխ են եկել : Այդ դուք եք, որ, որպես լրագրող, մասնագիտական հետաքրքրությունից ելնելով գնացել եք : Բա ինչո՞ւ այդ ձնագունդը չի մեծանում :
ՍՄ- Դա ուրիշ պատմություն է :
ՌՀ- Ի՞նչ պատմություն :
ՍՄ- Դուք գիտե՞ք՝ ինչու :
ՌՀ- Իհարկե գիտեմ, իհարկե գիտեմ :
ՍՄ- Չմեկնաբանենք :
ՌՀ- Ինչո՞ւ : Ովքե՞ր են… Վարձու մարդիկ : Դուք իրոք կարծում եք, որ այս փոքրիկ Հայաստանում ես այն մարդն եմ, ով չգիտե՞, թե ով ում հետ է շփվել : Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞ք, թե ով ումից է պատվեր ստանում :
ՍՄ- Դուք իրոք համարում եք, որ քաղաքացիական շարժումները հեռվից կառավարվո՞ւմ են :
ՌՀ- Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը : Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը : Նրանք ի՞նչ պիտի անեն : Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության : Ո՞ւմ համար պարզ չէ : Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը : Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել : (ծ.լ., Գարեգին Չուգասզյանը և Հրանուշ Խառատյանը գլխավորում են , Վահե Ավետյան ե հասարակական շարժման նախաձեռնող խումբը) : Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք : Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին : …Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում : Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն… Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է :
ՍՄ- Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԼՏՊ-ի և Քոչարյանի “մտերմությունը” :
ՌՀ- Ինչպե՞ս բացատրեմ : Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ուզում են կործանել երկիրը : Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը : Ո՞վ չի հասկանում… Գարեգին Չուգասզյանը, (ծ.լ. դժվար լսելի բառ) անմիջապես դեմքները բացեցին… իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են… ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են : Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում : Ամեն ինչ գիտեմ՝ հատ-հատ, օրերով : Ում միջոցով են փող վերցնում, լրիվ… Այդ դուք կարող եք չիմանալ, ես այն մարդը չեմ, որ չտիրապետեմ նման տեղեկությունների : ՍՄ- Օրինակ՝ մի երիտասարդ կա՝ Դավիթ Սանասարյան : (ծ.լ., Դավիթ Սանասարյանը գլխավորում է , Պահանջում ենք պատժել , Հարսնաքարում ե տեղի ունեցածի բոլոր մեղավորներին ե հասարակական շարժման նախաձեռնող խումբը) : Ես, որպես քաղաքացի, իրավունք ունե՞մ :
ՌՀ- Նա հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում… Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա :
ՍՄ- Ես դա չեմ լսել, բայց նա իրավունք չունի՞…
ՌՀ- Ի՞նչ իրավունք… Իհարկե չունի…
ՍՄ- … պայքարելու :
ՌՀ-…իրավունք ինձ մեղադրելու սպանության մեջ :
ՍՄ- Նա չի մեղադրում :
ՌՀ- Բա ի՞նչ է անում:
ՍՄ- Նա ասում է՝ մենք Ռուբեն Հայրապետյանի դեմ չենք, մենք ուզում ենք, որ արդար քննություն լինի :
ՌՀ- Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե քննությունն անարդար է :
ՍՄ- Դրա վերաբերյալ կասկածներ կան :
ՌՀ- Ի՞նչ կասկածներ : Իսկ եթե ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վերաբերյալ կասկածներ ունեմ, կարծում եմ, որ նա թուրքական լրտես է, պիտի հրապարակե՞մ դա : Ես իրավունք ունե՞մ դա հրապարակելու : Իրավունք ունե՞մ՝ գնամ, կանգնեմ Դավիթենց տան դիմաց ու ասեմ՝ “Դավիթ, կասկածում եմ” :
ՍՄ- Այդ կասկածների վերաբերյալ փաստաբանին հարցեր տվեցի : Խնդրեցի, որ նա օբյեկտիվորեն բացատրի, թե որն է կասկածների պատճառը, և նա ինձ բացատրեց : Բավականին տրամաբանական բաներ ասաց :
ՌՀ- Լսեք, լսեք, լսեք… այս ի՞նչ եք ասում : Փաստաբանի հետ երևի նոր եք (ծ.լ. խոսել)… Երկու օր հետո… նույն օրը… հաջորդ օրը… Դավիթն ի՞նչ գիտի, որ գոռում է՝ “մարդասպան” : Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ես մարդասպան եմ, որ գոռում է՝ “մարդասպան” :
ՍՄ- Ես ունեմ Դավիթի հարցազրույցը : Ասում է՝ այդ մարդն ինձ չի հետաքրքրում, ինձ քննության արդարությունն է հետաքրքրում :
ՌՀ- Ապրեք : Շատ ճիշտ է ասում : Ո՞վ է ասում՝ ոչ : Ուրեմն թող գնան դատախազության դիմաց, քննիչի դիմաց կանգնեն, գոռան. “Արդարություն ենք պահանջում” : Ի՞նչ կապ ունի իմ տունը : ՍՄ- Հասկանում եմ : ՌՀ- Այո, ես էլ նրանց միանամ ու գնամ գոռամ, ասեմ՝ “Արդարություն” : Նորմա՞լ է : Բայց ի՞նչ կապ ունի… որ մարդու վրա միանգամից դնում ես մեղադրական եզրակացություն : Մեղադրել ես հանցագործության մեջ : Ես դա եմ ասում, հո չե՞մ ասում՝ իրավունք չունի : Ո՞վ է ասում, թե իրավունք չունի :
ՍՄ- Ես ինքս ողջունում եմ այդ տղաների գոյությունը :
ՌՀ- Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց : Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. “Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում” : Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն : Դա ո՞նց հասկանանք : Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել : Ես ուզում եմ հասկանալ : Արդարությո՞ւն եք ուզում : Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձևը : Երվանդ Մանարյան… Լևոնի շնիկն է : Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է : Ասում է՝ “Նեմեցը մարդասպան է” : Ինչո՞ւ : Լևոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչև հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա : Ասել եմ. “Ես եմ արել” : Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. “Ես արել եմ” : Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. “Ես արել եմ” : Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ “կներեք” : Ես այդ մարդն եմ : Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ : Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում : Ես դրանից երբեք չեմ խուսափել : Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել : Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում : Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում : Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել : Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել : Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում : Այ հիմա ահաբեկելը կտեսնեն : Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու : Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են : Մինչև մահ վախենալու են ինձանից : Ես դա բացեիբաց ասելու եմ : Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել : Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը : Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց : Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու : Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա : Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ : Տունս ի՞նչ կապ ունի : Տարոնի տունն ի՞նչ կապ ունի : Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ “Ամոթ Տարոնին”… Ասացինք. “Լավ, այս անգամ մոռանանք” : Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն : Էս ի՞նչ է : Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար : Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը : Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն : Այ այդպես : Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է : Ինչի՞ համար գան տանս վրա : Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի : Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ : Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն : (ծ.լ. Ձայնագրությունում խոտան կա) : Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ : Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ : Փորձում է իրեն օրենքից վեր դասել : Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…
ՍՄ- Դուք անընդհատ պատժելուց եք խոսում : Ինչո՞ւ մամլո ասուլիս չեք հրավիրում և ասեք ձեր ասելիքը :
ՌՀ- Պատասխանեմ ձեզ. ինձ առաջին օրվանից մեղադրեցին սպանության համար : Ինչ էլ որ ասեի, կդիտվեր որպես նախաքննության վրա բանեցված ճնշում :
ՍՄ- Դուք նախընտրում եք լռել, քան թե …
ՌՀ- Ես կլռեմ, մինչև որ գործը դատարան հասնի : Դրանից հետո նոր կկարողանամ խոսել ամեն ինչի մասին ու մանրամասնորեն : Ես կսկսեմ խոսել, հենց որ նախաքննության փուլն ավարտվի, որովհետև եթե հիմա խոսեմ, կասեն, թե փորձում եմ ուղղորդել քննությունը :
ՍՄ- Կհամաձայնե՞ք, եթե մեկ նախադասությամբ, լևոնական բառապաշարով ասենք, որ այս դեպքը քրեական վարչակարգին հատուկ դրսևորում է :
ՌՀ- Չէ, ես համաձայն չեմ :
ՍՄ- Այսինքն սա սովորական դժբախտ պատահա՞ր է :
ՌՀ- Ոչ : Սա որոշ տգետ մարդկանց ցինիզմի, լկտիության և այլանդակ կեցվածքի հետևանքն է : Դա ի՞նչ կապ ունի վարչակարգի և իշխանությունների հետ :
ՍՄ- Ուզում եք ասել, որ ոչ թե իշխանությունն է մեղավոր, այլ Հայաստանի հասարակությո՞ւնն է տգետ : ՌՀ- Այո, հասարակությունն է տգետ : ****** Այստեղ ավարտվեց ձայնագրությունը, բայց ոչ մեր զրույցը, որը շարունակվեց ձայնագրիչն անջատելուց հետո և որի ընթացքում ՌՀ-ն որոշ հետաքրքիր բաներ էլ ասաց, որոնց կարևոր մասը ես արագորեն կարողացա նշել :
“Հարսնաքարի” մասին.
ՌՀ-ն ինձ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվել, որովհետև ձերբակալվածներից երկու-երեք հոգին այդտեղ չպիտի գտնվեին : Նրանք իրենց տեղում չէին, և ինքը չի հասկանում, թե ինչ գործ ունեին այդտեղ : Բացի այդ, ինձ նորից լսել տվեց, որ անձնակազմը երբեք բռնություն չէր կիրառի, եթե հաճախորդները չդրդեին՝ ակնարկելով, որ ամեն ինչ սկսվել է ռազմական բժիշկների պահվածքից : Հետո սկսեց խոսել ընդհանրապես հաճախորդների պահվածքի մասին, որը դժվարացնում է գործը : Ինձ ասաց, որ հյուրանոցում ու ռեստորանում աշխատող ցանկացած մարդ սկզբունքորեն փորձում է խուսափել խնդիրներից ու կռիվներից, այնպես որ, տրամաբանորեն, այն, ինչ եղավ, չպիտի լիներ, իսկ թե ինչպես եղավ, իր համար կատարելապես անհասկանալի է :
ԼՏՊ-ի մասին.
“Լևոն, դու ես անպատժելիությունը մտցրել այս երկիր ” -ասաց նա : “Քսան տարի շարունակ մենք շատ վատ համակարգում ենք ապրել և ուզում ենք, որ ամեն ինչ միանգամից փոխվի : Բայց մենք ամեն ինչ նրանցից ենք սովորել “ (ծ.լ., ԼՏՊ-ից և ՀՀՇ-ից) : Նա բացատրում է, որ ԼՏՊ-ն է իր հետ կապի մեջ մտել նախ 2005-ին, ապա՝ 2007-ի օգոստոսի 21-ին, և որ ԼՏՊ-ն անձամբ երկու անգամ եկել է իր հետ հանդիպելու Սևանի “Հարսնաքար” հյուրանոցում, որ համոզի աջակցել 2007-2008 թթ-ի իր նախագահական ընտրարշավին : Հետո էլի է փորձել իրեն համոզել Դավիթ Մաթևոսյանի շնորհիվ :
Պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին.
ՌՀ-ն ինձ ասում է, որ Ազգային ժողովի նստաշրջանի հենց սկզբում՝ սեպտեմբերի տասին կօգտագործի ելույթի իր իրավունքը և հետ կվերցնի մանդատը : Ասում է, որ պատգամավոր կմնա, մինչև դատական ընթացքի ավարտը, որից հետո միայն հրաժարական կտա :
Քոչարյանի մասին.
Քոչարյանը նրա մղձավանջն է : ՌՀ-ն նորից անդրադառնում է 2005-ին “ Գրանդ Տոբակոյի իր փայաբաժնի վաճառքին և ընդունում է, որ Քոչարյանն էր իրեն ստիպել անելու դա : Նաև հիշեցնում է, որ իրեն ձերբակալել են 2001-ին (բայց մենք չզարգացրեցինք այդ թեման) : Բարգավաճ Հայաստանի և ԼՏՊ-ի “դաշինքի” հետևում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը :
“Փողոցի տղայի” իր անցյալի մասին.
Նա ընդունում է, որ “չար”, “կռվարար” տղա էր, բայց հերքում է, թե թաղամասի գողական տղաներից էր, հանցագործ, վատ տղա : Նա հերքում է իմ լսած այն պատմությունը, թե մի անգամ ինչ-որ մեկին դանակահարել է և դատվել է դրա համար : Նա հերքում է դա՝ միաժամանակ խոստովանելով, որ իրեն մի քանի անգամ ոստիկանություն են տարել, բայց դատ չի եղել :
Շրջապատի “բռնակալության” մասին.
ՌՀ-ն փիլիսոփայական մտքեր է արտահայտում այն մասին, որ իր պես մարդիկ սովորաբար դառնում են զոհն իրենց շրջապատի, որը խաղում է իրենց հեղինակության հետ. “Մենք շրջապատի գերին ենք” : Որպես օրինակ հիշում է հոր հորեղբոր թոռանը, որը բազմիցս օգտվել է իրենց ազգակցական կապից՝ անընդունելի պահվածք դրսևորելով, շատ թանկ ընթրիք պատվիրելով ռեստորանում և հաշիվը չփակելով : Հիշում է, թե ինչպես է “Բելաջիոյի” տնօրենն իրեն զանգել, որովհետև հոր հորեղբոր թոռն անվճարունակ էր, և ինքն է փակել նրա հաշիվը : Այժմ ՌՀ-ն այդ մարդուն և նրա մորը ջնջել է իր կյանքից : Իմիջիայլոց, այդ մարդը հիմա բանտում է, իսկ ՌՀ-ն էլ ամեն ինչ արել է, որ նա առավելագույն պատիժ ստանա իր գործած վերջին հանցանքի համար :
Քաղաքական վարչակարգի մասին.
ՌՀ.-ն ասում է, որ պետք չէ ամեն ինչում իշխանություններին և վարչակարգին մեղադրել : Ասում է, որ անկախության քսան տարին կարճ ժամկետ է և ժամանակ է պետք, որ Հայաստանը փոխվի :
Իր բարեգործության մասին.
Ասում է, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիան և ֆուտբոլի դաշտերը, որ գտնվում են “Հարսնաքար” հյուրանոց-ռեստորանի հետևում, կառուցվել են իր հողատարածքի վրա, և այդպես անելով՝ ինքը տասնհինգ հեկտար տարածք է նվիրել քաղաքապետարանին:
ՎԵՐՋ
Հարցազրույցը վարեց Սեդա Մավյանը
Հայերեն վերաարձանագրեց, Նունե Ա.