Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը չորեքշաբթի միաձայն հավանություն է տվել առաջարկին, ըստ որի՝ Հոլիվուդի բուլվարի և Արևմտյան պողոտայի խաչմերուկը կկոչվի Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ։ Այս մասին հայտարարել են քաղխորհրդի անդամները՝ համահեղինակներ Միտչ Օ՝Ֆարելն ու Փոլ Գրիգորյանը՝ փոխանցում է Asbarez-ը։
Նշվում է, որ Լիթլ Արմենիայում գտնվող խաչմերուկը համարվում է Ցեղասպանության առիթով ամենամյա երթի առանցքային կետ։
«Հուշահամալիրը ցուցադրում է, որ Լոս Անջելեսը լիովին հակված է ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը և ողջ քաղաքի մարդկանց տեղեկացնելու մեր համայնքի շարունակական պայքարի մասին՝ հանուն արդարության ու ճանաչման»,- ասել է Գրիգորյանը։
«Ինչպես շատ ուրիշները, իմ ընտանիքի անդամները վերապրել են Ցեղասպանությունը և մեր արմատները գցել այս մեծ քաղաքում։ Այնքան կարևոր է զոհերին մեծարելը, որպեսզի կարողանանք պահպանել մեր պատմությունն ու կանխել նման սարսափների կրկնությունը»,- ասել է նա։