Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ ոստիկանության աշխատանքի արդյունքները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքը: Նշվեց, որ կազմակերպված ծառայության շնորհիվ ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ տեղերում օպերատիվ պարզաբանումներ են տրվել ահազանգերին, շտկվել են թերությունները, քաղաքացիները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, պահպանվել է պատշաճ հասարակական կարգ ու կանոն: Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարեց, հիմնվելով առկա փորձի վրա, միջոցներ ձեռնարկել արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտորությունների երկրորդ փուլում հասնել հասարակական կարգի ապահովման առավել կազմակերպվածության, վերացնել բացթողումները, կատարելագործել ահազանգերի արձագանքման մեխանիզմը: Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց ընտրությունների երկրորդ փուլից առաջ մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների` ծառայությանը նախապատրաստվելու ընթացքը, ոստիկանների պատրաստականությունը ստուգելու եւ անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության երկրորդ փուլի ընթացքում եւս գործելու է բազմուղի հեռախոսային կապ, եւ քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով կկարողանան դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին: