ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի կայացրած որոշումից հետո երեկ ՀՀ Ազգային Ժողովը հայտարարություն ընդունեց, որ «դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները»: Ի՞նչ են մտածում այս մասին ազատամարտիկները: «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իր այդ հանդուգն քայլով ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը. «Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ: Բանակցությունների միջոցով այլեւս որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել: Ես կարծում եմ՝ Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ՝ հանրաքվեի միջոցով, երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Արցախը միասնական հանրապետություն հռչակելու մասին: Սա պետք է լինի մեր առաջին քայլը, որովհետեւ արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել՝ հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը: Իսկ մենք, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, պետք է համախմբվենք եւ պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի կուտակած զինուժին ու ֆինանսական մեծ հնարավորություններին: Չպետք է հույս կապենք եվրոպական կառույցների կամ արտաքին այլ ուժերի հետ. մեր հույսը մեր միասնականությունը պիտի լինի»:




Լրահոս