Այսօր խորհրդարանում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն ներկայացրեց` 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ:
«Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաեւ այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը եւ մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում:
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը», – նշված է հայտարարության տեքստում:
Իր նախաձեռնությամբ Զարուհի Փոստանջյանն ամրագրում է, որ Ազգային ժողովը հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման եւ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:
Սակայն հայտարարության տեքստը մերժվեց և չի ընդգկվի Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգ: