Եւ այսպես` չնայած քաղաքացիական ակտիվիստների ու որոշ քաղաքական ուժերի մտավախություններին, երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը: Ասել է թե` Հայրապետյանը մնաց խոսքի տերը, եւ եթե 15 օրվա մեջ նա հետ չվերցնի դիմումը, ապա այն կմտնի ուժի մեջ: Իրերի բերումով այնպես ստացվեց, որ Հայրապետյանի հրաժարականի դիմումը ընթերցվեց ԱԺ արտահերթ նիստում, ինչին այնքան ձգտում էին ակտիվիստները, սակայն այդ արտահերթը գումարված էր բոլորովին այլ առիթով: Ու հետաքրքիր է, որ Հայրապետյանի հրաժարականի դիմումը մի տեսակ կորավ երեկվա լրահոսում` չդառնալով օրվա ո՛չ առաջին, ո՛չ էլ գոնե հինգերորդ կարեւոր թեման: Մինչդեռ ընդամենը երկու ամիս առաջ այդ դիմումը քաղաքական եւ լրատվական օրակարգի ամենաքննարկվող թեման էր: Այսօր, սակայն, այնպիսի մի իրավիճակ է, երբ ազգովի կանգնած ենք շատ ավելի լուրջ մարտահրավերների առջեւ, երբ յուրաքանչյուր պահի կարող ենք կանգնել Ադրբեջանի կողմից սանձազերծվող այնպիսի մի սադրանքի առաջ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի մեր բոլորիս անվերապահ միասնականությունը` անկախ քաղաքական եւ քաղաքացիական հայացքներից (իսկ վերջին շրջանում քաղաքացիական հայացքների տարբերությունը երբեմն քաղաքականից ավելի լուրջ հակասությունների առիթ էր դառնում): Եւ հավանաբար նաեւ այս գիտակցումն է պատճառը, որ երեկ ողջ օրը համացանցում եւ ակտիվ ֆեյսբուքահայության շրջանում Հայրապետյանի հրաժարականն առանձնապես չէր քննարկվում: Թեպետ, չի բացառվում, որ Վահե Ավետյանի մահն իրենց քաղաքական ու քաղաքացիական կայացման գործիք դարձրած ուժերը պարզապես հասկանում էին, որ իրենք սխալ դուրս եկան, եւ որ իրենց` մինչ այդ հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե Նեմեցի հայտնի նամակն ու մանդատից հրաժարվելու հայտարարությունն ընդամենը էժանագին շոու էին` լարվածությունը ժամանակավորապես թուլացնելու համար, չեն համապատասխանում իրականությանը: Վստահաբար, առաջիկա օրերին նրանք ջանք չեն խնայի` պնդելու համար, որ եթե չլիներ իրենց ճնշումը, Հայրապետյանը կփոխեր իր որոշումն ու մանդատը վայր չէր դնի: Սակայն, կարծում ենք, նման պնդումներն այլեւս ոչ միայն հոգնեցուցիչ են դառնում, այլեւ արժեզրկում են այն առողջ եւ անհրաժեշտ բաղադրիչը, որն առկա էր քաղաքացիական ակտիվիստների գործունեության մեջ:
Ասվածն իհարկե ամենեւին չի նշանակում, որ մանդատից հրաժարվելու որոշումը չփոխելով՝ Հայրապետյանը սխրանք է կատարել: Ամենեւին: Դա թերեւս այն նվազագույն բարոյական պատասխանատվությունն էր, որը նա ստանձնեց ինքնակամ: Եւ որը, ի դեպ, նրան ամենեւին էլ չի ազատում իրավական պատասխանատվություն կրելուց, եթե պարզվի, որ նա որեւէ` թեկուզ հեռակա մասնակցություն է ունեցել Վահե Ավետյանի սպանության մեջ:
ԽՈՍՔԸ ՊԱՀԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ