Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մի քանի հարց ուղղեց նախագծի հեղինակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
«Այ, Դուք ասում եք, որ պահանջում ենք Պերմյակովին փոխանցել, ոչ թե հանձնել, այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում բացի հանձնելուց կամ արտահանձնել եզրույթից, այլ եզրույթ օգտագործո՞ւմ ենք»,- հարցրեց Ջհանգիրյանը:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը նշեց, թե փոխանցել բառը որպես տերմին չկա, բայց քանի որ հայ-ռուսական հարաբերությունները բարիդացիական են, ինքը ընտրել է փոխանցել եզրույթը: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց միջպետական պայմանագիրը և նշեց. «Եթե մենք նայում ենք միջպետական պայմանագրերը, եթե ձերբակալումը կատարվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից, ապա ձերբակալվածը գտնվում է մեր իրավազորության ներքո, եթե ՀՀ տարածքում ձերբակալումը կատարվել է ռուսական բազայի կամ ռուս իրավապահ մարմինների կողմից, ապա նա գտնվելու է ռուս իրավապահների հսկողության ներքո»:
Նրա խոսքով, շատ մարդիկ այսօր թյուրիմացության մեջ են գցում Ավետիսյանների հարազատներին. «Ավետիսյաններին նման նախագծերով գցում են թյուրիմացության մեջ»,- ընդգծեց Ջհանգիրյանը: «Թյուրիմացության մեջ Դուք եք փորձում գցել»,- արձագանքեց Փոստանջյանը: