Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր հանդիսանում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու մասին» որոշման նախագծի հարակից զեկուցողը:
Իր խոսքում Զարուհի Փոստանջյանը մեղադրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին այն բանում, որ չի տեսել վերջինիս ուղարկած նամակը ՌԴ գլխավոր դատախազին: Արդեն Լևոն Մարտիրոսյանն իր խոսքում էլ նշեց, որ իրենք էլ չեն տեսել այն նամակը, որը Փոստանջյանն է ուղարկել Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազին: Չնայած Փոստանջյանի պնդումներին, թե իր նամակն ու պատասխանը հրապարակվել են և բավարար է «Google-ում search անելը», Մարտիրոսյանը նշեց.
«Մի հատ պատմություն հիշեցի, որ «Բարբի» տիկնիկը բերեցին Խորհրդային միություն, մինչև այդ բոլորը ուզում էին ձեռք բերել: Մի աղջնակ, որը չուներ տիկնիկ, դիմեց Գարբաչովին, որ իրեն «Բարբի» տիկնիկ տրամադրեն: Ստացավ իր իսկ դիմումի նամակը տարբեր մակագրություններով, բայց «Բարբի»-ն չստացավ, հիմա Դուք ստացե՞լ եք ձեր պատասխանը Բարբիի տեսքով»:
Ի պատասխանը Զարուհի Փոստանջյանը նախ նշեց, թե պատգամավորի հումորը տեղին չէ: «Եթե Դուք իրազեկ չեք այդ խնդրով և հարակից զեկուցող եք, ամոթ է: Դուք նման բարբիների օրինակներ եք բերում և չեք պատրաստվել հարակից զեկույցի համար: Չգիտեք, թե ինչպիսին է եղել իմ նամակը և պատասխանը: Հուսամ` ռուսերեն կարդալ գիտեք, կարդացեք: Հարիր չէ, որ այս հարցի շուրջ նման պատմություններ եք պատմում»,- եզրափակեց Փոստանջյանը: