«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, եւ որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաեւ, որ եթե, ի վերջո, որոշվի ԿԲ գործող նախագահին պաշտոնանկ անել, ապա ինքը այդ պաշտոնում կառաջարկի նշանակել Հրանտ Բագրատյանին: Այլ կերպ ասած՝ առաջիկայում Հրանտ Բագրատյանն ամեն կերպ պետք է ապացուցի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր տեղում չէ, եւ եթե նրան հաջողվի վերջինիս «հարցերը լուծել», ապա հնարավոր է՝ ինքն էլ փոխարինի նրան: Ստեղծված իրավիճակը Հովիկ Աբրահամյանի համար էլ է ձեռնտու, քանի որ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները Բագրատյանն այլեւս գնահատելու է միայն ԿԲ գործունեության պրիզմայով` Կառավարությանը թողնելով «ապահով ստվերում»: «Ժողովուրդ»-ը երեկ Հրանտ Բագրատյանից փորձել է մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպման եւ իրեն ԿԲ նախագահի պաշտոն խոստանալու վերաբերյալ, սակայն պատգամավորը զայրացած հակադարձել է՝ քեզ ինչ՝ ում հետ եմ հանդիպում, եւ հրաժարվել է, որեւէ մեկնաբանություն տալուց: Թերեւս չարժի ոչինչ մեկնաբանել:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկը, որը մասնակցում է Երեւանում այս օրերին տեղի ունեցող Եվրանեսթի չորրորդ լիագումար վեհաժողովին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե իրենց երկիրն ապրիլի 24-ին Հայաստանում ինչ մակարդակով կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Չգիտեմ: Ես չեմ պատասխանում գործադիր իշխանության փոխարեն: Ես գտնվում եմ օրենսդիր իշխանության մեջ»,- ասել է Տարասյուկը: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ նույն օրը Թուրքիան որոշել է նշել Գալիպոլիի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, ասել է. «Ես չեմ ցանկանում խառնվել հայ-թուրքական, ինչպես եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ես միանգամից ցանկանում եմ ասել, որ ես չեմ պատասխանի այդ հարցին»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների եւ գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է: 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը` ստացված փոխառություն: Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Ի դեպ, տարեկան հայտարարագրում չի նշվում պաշտոնյայի անշարժ գույքը: Հերմինե Նաղդալյանը, որպես նորընտիր ԱԺ պատգամավոր, ներկայացրած հայտարարագրում նշել է հինգ հողամաս, երկու շենք-շինություն եւ երկու բնակարան: Փաստորեն, անկախ նրանից, թե Հայաստանի տնտեսությունում իրավիճակը որքան վատ է, ինչ ճգնաժամեր են սպառնում մեր երկրին, միեւնույն է՝ Հերմինե Նաղդալյանի եկամուտների չափը դրանից չի նվազում: Ով ուզում է աղքատանա, ով ուզում է սնանկանա, Նաղդալյանը միշտ հարստանում է:
Պարզվում է՝ ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ ՀՀ վարչական դատարանը դեռեւս 2013 թվականի դեկտեմբերին վճիռ է կայացրել, որի մասին նոր է միայն հայտնի դառնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռեւս 2013-ի կեսերին պատգամավորին վարչական տույժի ենթարկելու որոշում է կայացրել, այնուհետեւ 2013թ դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից բռնագանձել 25 հազար դրամ: Գործը քննել է դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը երկու շաբաթ անց` 2013-ի դեկտեմբերի 19-ին, բավարարել է ՃՈ դիմումը եւ որոշել է պատգամավորից բռնագանձել 25 հազար դրամ: Որոշումը հենց նույն օրն ուղարկվել է Տիգրան Ուրիխանյանին, բայց պարզվում է՝ նա այն չի ստացել եւ իրենից գումար բռնագանձելու մասին ընդամենը օրերս է իմացել եւ մտադիր է այս պատմությանը մեծ հնչեղություն տալ:
ԱՆԻՄԱՍՏԱԲԱՐՈ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին։ Այս կապակցությամբ երեկ «Ազատության» լրագրողը Նալբանդյանից փորձել է ճշտել՝ արդյո՞ք այս մտահոգությունը նրա կողմից բարձրացվել է նաեւ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում, եւ արդյո՞ք արձագանք եղել է, ինչին ի պատասխանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Անիմաստ հարցեր եք դուք տալիս»։
Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Նալբանդյանը` լրագրողի հարցն անիմաստ որակելով. արդյոք Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու փաստը Նալբանդյանի համար այնքան անկարեւոր է, որ դրա շուրջ ռուսներին ահազանգելը նա անիմաստ է համարում: Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր ինքը մի քանի օր առաջ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնում սլովենական պարբերականի հետ զրույցում:
Թե Նալբանդյանը նման ոչ դիվանագիտական արձագանքով նկատի ուներ, որ անիմաստ է մտածել, թե ինքը` ՀՀ արտգործնախարարը, կարող է այնքան համարձակություն ունենալ, որ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի առաջ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ առաջադրի: Այս դեպքում, իհարկե, Նալբանդյանը միանգամայն իրավացի է, եւ նման բան պատկերացնելն անգամ անիմաստ է, պարզ չէ միայն, թե ինչու է Նալբանդյանն ավելորդ անգամ ուշադրություն հրավիրում դրա վրա: Ի վերջո, եթե իր անմիջական ղեկավարի` Սերժ Սարգսյանի նման (նա էլ Արգենտինայում այդ մասին հայտարարեց) այս կամ այն արտերկրում «լացում է» ռուսների` ազերիներին զինելու գործելաոճից, ապա պարտավոր է իրեն առնվազն բարեկիրթ եւ դիվանագիտական էթիկայի շրջանակներում պահել` պատասխանելով իր իսկ կողմից բարձրացրած խնդրի շուրջ լրագրողի հարցին: Եվ ամենեւին պետք չէ նյարդայնանալ, երբ օտար երկրներում ռուսներից բողոքելու իրենց գործելաոճը արձանագրվում է լրագրողների կողմից:
Իրականում իր այդ պատասխանով Էդվարդ Նալբանդյանն արձանագրում է, որ անիմաստ է իր եւ իր ղեկավարած կառույցի գործունեությունը, որը ոչ միայն ի զորու չէ դաշնակից պետության առջեւ բարձրացնել Հայաստանի շահերին հակասող գործունեությունը դադարեցնելու հարցը, այլեւ նյարդային խանգարում է ստանում այդ մասին հեռավոր ակնարկից անգամ: Եվ այս իրավիճակում պետք չէ զարմանալ, որ նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն առանձնապես կոշտ չի արձագանքում ռուսական զենքով հայկական սահմանները գնդակոծելու Ադրբեջանի պահվածքին: Ըստ ամենայնի` Հայաստանի իշխանությունների ստորաքարշ պահվածքը հաշվի առնելով` ԵԱՀԿ Մինսկի խմբում դա «անիմաստ» են համարում: