ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է «ԵՎ, ԵՎ»-Ի ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին չէին մասնակցում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները: Նշենք, որ դեռեւս 2012 թվականին Հայաստանը մասնակցեց Բաքվում կայացած Եվրանեսթի վեհաժողովին, եւ այդ ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ադրբեջանցիներն էլ կմասնակցեն Երեւանում կայանալիք նիստին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը երեկ նկատեց, որ ադրբեջանական ՀԿ-ները կարող էին ազնվորեն ասել, թե ինչու չեն կարող ժամանել Երեւան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանից բացի, ներկայացվել են բոլոր երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները:
«Ադրբեջանական հասարակական կազմակերպություններն ավելի ազնիվ կգտնվեին, եթե անկեղծորեն խոստովանեին, որ չեն կարող մասնակցել նստաշրջանին: Եթե մենք խոսում ենք Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահությունից, ապա նման հայտարարությունը մեզ կօգներ հասկանալ, որ նրանք ցանկանում են համագործակցել, սակայն չեն կարող ժամանել Երեւան նրանց կողմից չվերահսկվող՝ իշխող ռեժիմի գործադրած ճնշման պատճառով»,- հայտարարեց Թ. Պողոսյանը:
Երեկ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում քվեարկության դրվեց «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի նախագիծը: Ավելի վաղ տեղի ունեցած քննարկումների ընթացքում զեկույցի մեջ մի շարք փոփոխությունների առաջարկներ էին եղել, որոնք էլ դրվեցին քվեարկության:
Մինչ քվեարկությունը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ներկայացրեց իր դիրքորոշումը 11-րդ փոփոխության շուրջ` նշելով, թե իրենք դեմ են դրան. «11-րդ լրացումն ընդունելի չէ, այլ դաշտից է, չի համապատասխանում տվյալ զեկույցի հետ: Մենք այս լրացմանը դեմ ենք: Այն վերաբերում է օկուպացիային եւ ԼՂՀ խնդրին: Մենք դեմ ենք»: Քվեարկության ժամանակ գրեթե բոլորը դեմ արտահայտվեցին (միայն 2 ձեռնպահ եղավ) ադրբեջանցիների արած այդ առաջարկին, եւ այն չընդունվեց:
Նիստի ավարտից հետո երեկ «Ժողովուրդը» զրուցեց Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր, Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկի հետ:
-Պարո՛ն Տարասյուկ, Դուք տեղյակ եք, որ Հայաստանի Կառավարությունն այժմ ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում նոր փաստաթղթի ստորագրման շուրջ: Ըստ Ձեզ՝ Ռիգայում որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե առկա իրավիճակում այդ բանակցություններն արդյունք չեն ունենա:
-Չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ կստորագրվի, բայց ինձ թվում է, որ հայաստանյան իշխանությունն արդեն իսկ արել է իր ընտրությունը, եւ այդ որոշումը բացարձակ կապ չունի Եվրոպական Միության հետ, այլ կապված է հենց Մոսկվայի հետ: Եվ ասել, թե ինչ-որ որոշում կամ փաստթուղթ կստորագրվի… հնարավոր է, որ ստորագրվի, բայց այն շրջադարձային կերպով չի կարող փոխել Հայաստանի եւ հայաստանյան իշխանությունների բռնած դիրքորոշումը դեպի Մոսկվա:
-Բայց Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը միաժամանակ կարող է լինել ե՛ւ ԵՏՄ-ի անդամ, ե՛ւ շարունակել ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը: Դուք Սերժ Սարգսյանի հայտարարած «Եւ, եւ»-ի քաղաքականության իրագործումը հնարավոր չե՞ք համարում:
-Ո՛չ, ո՛չ: Հնարավոր չէ: Դրանում մենք համոզվել ենք մեր բանակցությունների եւ կոնսուլտացիաների արդյունքում: Հնարավոր չի միաժամանակ լինել ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ԵՄ-ի հետ: Ստորագրել Եվրոասոցացման պայմանագիր՝ միաժամանակ լինելով ԵՏՄ անդամ, դրանք բացարձակապես իրար հակասող երեւույթներ են:
-Ամեն դեպքում ՀՀ իշխանություններն այսօր ամեն ինչ անում են՝ իրենց եւ, եւ-ի տեսլականն առաջ տանելու համար:
-Միայն ցանկությունը քիչ է, պետք է ընդունել քաղաքական որոշում, իսկ այն արդեն իսկ ընդունված է եւ, համենայնդեպս, կապված չէ ԵՄ-ի հետ: Այդ իսկ պատճառով Ձեր բռնած ուղին ուրիշ է:
-Իսկ ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-Ուկրաինա հետագա հարաբերությունները:
-Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ պահպանել եւ ունենալ նորմալ բարի-դրացիական հարաբերություններ, եթե մեզ չքաշեն հայ-թուրքական կամ էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Մենք կողմ ենք նորմալ հարաբերություններին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում:
-Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Ապրիլի 24-ին Թուրքիան որոշել է նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, այն դեպքում, երբ նախկինում այդ ճակատամարտը երբեք չէր նշվել ապրիլի 24-ին: Դուք ինչպե՞ս եք վերաբերում Թուրքիայի այս քայլին:
-Ես չեմ ցանկանում խառնվել հայ-թուրքական, ինչպես եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ես միանգամից ցանկանում եմ ասել, որ ես չեմ պատասխանի այդ հարցին, այլ հարց է, որ ցեղասպանություն երեւույթը ցանկացած ազգի համար ողբերգություն է: Եւ մենք՝ ուկրաինացիներս, հասկանում ենք, թե ինչ բան է ցեղասպանությունը, քանի որ ավելի քան 7 միլիոն ուկրաինացի արհեստականորեն սովի (Հոլոդոմոր) մատնվեց ստալինյան տեռորի ժամանակ: Եւ դրա համար մենք ցավակցում ենք յուրաքանչյուր ժողովրդի, ով ենթարկվել է մասսայական սպանդի: Սակայն հիմա ես եմ Ձեզ հարցնում՝ ինչո՞ւ է Հայաստանը բացարձակ կերպով մերժում Հոլոդոմորի եղելությունը, երբ 7 միլիոն ուկրաինացի արհեստականորեն սովի մատնվեց: Ես, օրինակ, կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը դա ոճրագործություն է, իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը, հայերը չեն համարում 7 միլիոն ուկրաինացիների սպանդը ցեղասպանություն: 88 երկիր են ընդունել այդ փաստը: Այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանությունն ընդունել է 20 երկիր: Ինչո՞ւ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

 
ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԴՀԿ-Ն ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

Շաբաթ օրը՝ ՍԴՀԿ 128-ամյակին նվիրված ժողովի ժամանակ, կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել էր, թե իրենք առաջիկայում հանրահավաքային պայքար են սկսելու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ն. Գալստյանը նշեց, որ այդ հավաքը լինելու է մայիսի 1-ին, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

-Պարո՛ն Գալստյան, ինչի՞ց է դժգոհ 128-ամյա ՍԴՀԿ-ն, որ որոշել եք հանրահավաքային պայքար սկսել:
-Մենք չենք պատկանում այն ուժերի թվին, որոնք հայտարարում են, թե համաժողովրդական հանրահավաք է տեղի ունենալու, մասնակցելու է 200 հազար մարդ, տարբեր ֆրազաներ են ասում, վերջում էլ գնում են սուրճ խմելու: Իսկ թե ինչ է մտահոգում մեզ, մեր կուսակցությանը, ապա նշեմ, որ ՍԴՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ու մենք ունենք մեր տեսակետները, մեր ասելիքները, որոնք ուզում ենք հրապարակայնորեն հնչեցնել: Մենք կարծում ենք, որ դրա միջոցներից մեկը նաեւ հանրահավաքի իրականացումն է: Այսպես ասենք՝ ժողովրդային հավաք է դա լինելու, իսկ մայիսի 1-ին աշխատավորների օրն է: Մնացած բոլոր փակագծերը կբացենք հենց այդ օրը: Մենք արդեն վաղը դիմելու ենք քաղաքապետարան, որպեսզի հանրահավաքի մասին իրազեկում ներկայացնենք:
-Բայց ի՞նչ հարցի կամ հարցերի շուրջ է լինելու ՍԴՀԿ-ի հրավիրած ժողովրդական հավաքը: Ի վերջո, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ներկա լինի այդ հավաքին` առանց իմանալու, թե ո՞րն է Ձեր օրակարգը:
-Օրակարգի մասին` ոչինչ, որովհետեւ դեռեւս մեկ ամսից ավել ժամանակ կա: Կարծում եմ, որ դրա մասին ճիշտ կլինի, որ ասենք մայիսի 1-ին: Օրակարգում բոլոր այն խնդիրներն են, որոնք հուզում են մեր ժողովրդին:
-Իսկ հրավիրյալներ կլինե՞ն Ձեր հանրահավաքին, որեւէ այլ կուսակցություն մասնակցելո՞ւ է:
-Պետք է սպասել մայիսի 1-ին, ես արդեն նշել եմ, որ բոլոր այն քաղաքական կազմակերպությունները կամ անհատները, որոնք կիսում են Հնչակյան կուսակցության տեսակետները, նույնպես կարող են, իրավունք ունեն, հրավիրված են մասնակցելու մեր հավաքին:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 
ՇԱՌԻՑ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Երբ մարտի 12-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդունել են Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնացել նախագահական, այդ կուսակցության շարքերում կռիվ ընկավ: «Ժառանգության» անդամներից մի քանիսը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, կուսակիցներին մեղադրեցին իշխանություններին ծախվելու մեջ, վերջիններս նրանց հակադարձեցին եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե «Ժառանգությունում» որոշված է եղել, որ չեն գնալու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Այդ որոշման մասին տեղյակ են եղել բոլորը: Հետո ԱՄՆ-ում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ռուբիկ Հակոբյանը հեռախոսազրույց են ունեցել (մեզ չհաջողվեց պարզել, թե ում նախաձեռնությամբ), որից հետո «Ժառանգության» ներկայացուցիչները գնացել են նախագահական: Սակայն մյուս կուսակիցներն անտեղյակ են եղել:
Դրա համար էլ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե գալու է Հայաստան ու հայտարարություն կանի: Ասել է թե՝ հակամարտությունը սառեցվել է, մինչեւ Հովհաննիսյանի վերադարձը: Սակայն, հավանական է, որ նա մի փոքր «ոտը կախ կգցի» եւ չի վերադառնա, մինչեւ կրքերը չհանդարտվեն:
Բանն այն է, որ եթե նա խոստովանի, որ իր համաձայնությամբ են գնացել նախագահական, ապա հնչած քննադատությունների հասցեատերը կդառնա ինքը, եթե ասի, որ առանց իր հետ համաձայնեցնելու են գնացել, էլի լավ բան չի ստացվի:

 

ԳՐԻՊԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
Վերջին օրերին Երեւանի մանկապարտեզներում նվազել է հաճախելիության թիվը: Պատճառն, ըստ ամենայնի, հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են ու գրիպը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով` այս օրերին երեւանյան պոլիկլինիկաները եւ բժշկական կենտրոնները լեփ-լեցուն են սուր շնչառական վարակների եւ գրիպի պատճառով: Տեղեկացնենք, որ այս պահին հանրապետության բոլոր դպրոցներում գարնանային արձակուրդ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չորրորդ եւ բարձր դասարանների աշակերտների համար գարնանային արձակուրդը կտեւի մեկ շաբաթ, իսկ տարրական դասարաններինը` երկու շաբաթ:

 

ՊԻՏԻ ԳՆԱՐ ԲԱՆԱԿ
Մարտի 14-ին Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զառ գյուղում ինքնասպան եղած 18-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանն աշխատել է «Արզնի թռչնաբուծական ֆաբրիկայում» որպես պահակ: Armlur.am-ի հետ զրույցում Զառ համայնքի ղեկավար Մուրադ Բաբախանյանը հայտնել էր, որ երիտասարդն այս տարվա օգոստոսին պետք է զորակոչվեր բանակ: Վերջինս պատմեց, որ երիտասարդը դժվար մանկություն է ունեցել` 5 տարեկան է եղել, երբ մայրը լքել է նրան ու ավագ եղբորը:




Լրահոս