Երեկ Ադրբեջանն ու Հունգարիան Երեւանի ժամանակով 20:00-ից հետո նոր միայն թեթեւացած շունչ քաշեցին, երբ պարզվեց, որ իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, այնուամենայնիվ, խնայում են իրենց ու պատերազմ չեն հայտարարում՝ բավարարվելով միայն ԱԺ-ում հայտարարություն ընդունելով: Իսկ ՀՀԿ-ականների բոցաշունչ ելույթներից պատերազմի լուրջ սպառնալիք էր զգացվում:
Բանն այն է, որ ավելի քան վեց ժամ հանրապետականները, իրար հերթ չտալով, ուղղակի բառեր չէին խնայում Ադրբեջանի, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին ասելու համար: Եւ այդպես, նրան մարդկության ամենավերջին ոճրագործը, նենգը, սինլքորը, ուխտադրուժ տականքը եւ վերջապես՝ վախկոտ թշվառականը հայտարարելուց հետո հանրապետականները հիշեցրին հայկական էպոսի, մեր պատմության փառահեղ էջերի, Բաքուն արյան ծով դարձնելու պապենական երազանքի մասին: Վեց ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ ընդամենը ելույթ ունենալու համար մի քանի րոպեով մտավ ԱԺ դահլիճ, ամենայն մանրամասնությամբ հոգեվերլուծության ենթարկեց Իլհամ Ալիեւի ու Ռամիլ Սաֆարովի ներաշխարհը, խոսեց նրանց անհաղթահարելի բարդույթների մասին:
Իսկ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ լուրջ զուգահեռներ անցկացրեց Ֆրանց Ֆերդինանտի սպանության ու Ռամիլ Սաֆարովի արտահանձնման միջեւ, զգուշացրեց, որ ինչպես դարասկզբին Ֆերդինանտի սպանությունն առիթ դարձավ առաջին համաշխարհային պատերազմ սկսելու, այսօր էլ Սաֆարովի հետ տեղի ունեցածը կարող է պատերազմ հրահրել ԼՂ-ում:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ այնքան էր ոգեւորվել ելույթ ունենալիս, որ ադրբեջանցու կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին հռչակեց «հայ ազգի մեծագույն հերոս»: Եւ վերջապես՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը աշխարհի մեծերի թեւավոր խոսքերից մեջբերումներ անելուց հետո խրոխտ ձայնով հռչակեց. «Կարթագենը պետք է կործանվի»:
Ու այս ընթացքում իշխանական թեւի պատգամավորներից որեւէ մեկն այդպես էլ հարկ չհամարեց խոսել համապատասխան օղակների՝ ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի ու վերջապես՝ Հունգարիայում ՀՀ դեսպանատան սխալների մասին: Փոխարենն այդ ամենը նրանց երեսով տվեցին ընդդիմադիր գործիչները: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հունգարիան վաղուց հոգնեցրել է Եվրոպային, իսկ Սլովակիան ու Ռումինիան պարզապես վատ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ: Սակայն նրանք այս առիթը այդպես էլ չօգտագործեցին Հունգարիային հերթական անգամ քննադատելու եւ նրանից իրենց «վրեժը» լուծելու համար մեկ պարզ պատճառով. Հայաստանն այնքան աննշան ու աննկատ երկիր է, որ նրա հետ կատարվածին ոչ ոք «բանի տեղ չի դնում»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ավելի կոշտ էր ՀՀ իշխանությունների հասցեին իր հայտարարություններում: Նա ասաց, որ իր պատվից ցածր է համարում Ադրբեջանի ու նրա նախագահի անունը ՀՀ ԱԺ-ում հնչեցնելը: «Ադրբեջանին դատափետել՝ այնպես կարող եմ դատափետել, որ բոլորդ զարմանաք»,-ասաց նա՝ հավելելով, որ իրականում պետք է խոսել՝ արդյոք Հայաստանը կարող էր կանխել այն: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ միջազգային բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում էին, թե ինչպես են Ադրբեջանի օդանավակայանում դիմավորում Ռամիլ Սաֆարովին, նրան մեծարում ու ներում շնորհում, իսկ ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարում էր, թե իրենք կեսօրին նամակ են ուղարկել Հունգարիայում ՀՀ դեսպանատուն՝ ճշտելու համար, թե որքանով են հավաստի Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու մասին լուրերը: Ու նա հարց տվեց, թե ինչով էին զբաղված այդ ոլորտի պատասխանատուները՝ ԱԳՆ ու ԱԱԾ պաշտոնյաները: «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ տպավորությամբ ՀՀ դեսպանատների մեր պաշտոնյաները երկու գործառույթ են լավ կատարում՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության որեւէ հուշարձանի մոտ լացակումած միջոցառումները Սփյուռքի համայնքներում եւ ֆուրշեթներ սեպտեմբերի 21-ի անկախության տոնի ժամանակ»,-նշեց նա:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում կրկնեց նույն խոսքերը՝ ինչ նախօրեին՝ ասելով, թե իրենք տեւական ժամանակ հարցումներ են ուղարկել հունգարական իշխանություններին, բայց վերջիններս խաբել են իրենց:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թեեւ ասաց, որ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, իրենք կողմ են քվեարկելու ԱԺ հայտարարությանը, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում կատարվածի համար՝ ժամանակին կանխարգելիչ քայլեր չկատարելու համար: «Հայաստանի իշխանություններն իրենք ընդունում են, որ էքստրադիցիայից առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ են եղել պատրաստվող գործարքի մասին: Եթե այսօրվա բարձրացրած բողոքի կեսը բարձրացվեր այն ժամանակ, եթե հրապարակային հայտարարություններով հարցը դրվեր այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ, որոնք այսօր իրենց մտահոգություններն են հայտնում փաստի վերաբերյալ եւ քննադատում են Ադրբեջանին, վստահ եմ՝ Սաֆարովը դեռ նստած կլիներ հունգարական բանտում»,- ասաց նա՝ կոչ անելով ՀՀ բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից:
ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ