ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԴԵԿՎԱՏ
ԵԽԽՎ-ի նախագահն անհանգստություն է հայտնել Բաքվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման կապակցությամբ: «Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր դատապարտում են Սաֆարովի հրեշավոր հանցագործության արդարացումը, որի համար նա ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա ազատումն անընդունելի է, եւ ես խորապես հիասթափված եմ, որ ԵԽ-ի մարմիններն օգտագործվել են նման գործողությունների օրինականացման համար»,-հայտարարել է  ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: «Սաֆարովի ազատումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա, եւ տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացման վտանգ կա: Ես ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին»,-ընդգծել է Մինյոնը:

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Սեպտեմբերի 5-ին Երեւանում կայացել է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նիստը, որի ընթացքում  ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: «Օլիմպիական խաղերից առաջ ես ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին խոստացել էի, որ մենք մեդալներ ենք նվաճելու եւ տարբեր կարգի մեդալներ: Ցավոք, ցանկալիին հասնել չհաջողվեց, եւ մենք ունեցանք ընդամենը մեկ բրոնզ:  Եւ քանի որ ես չկարողացա իմ տված խոստումը կատարել, ներկայացրել եմ հրաժարականը պարոն Ծառուկյանին, եւ նա էլ ընդունել է այն»,-NEWS.am Sport-ի թղթակցին ասել է  Խաչատրյանը: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Արամ Շահազիզյանը:

ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, ««Արենի» փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը եւ Լոռու մարզպետարանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպելու են արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը Հայաստան  է ժամանել մի քանի ժամ ուշացումով, եւ նախատեսված հանդիպումները կկայանան այսօր: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է
2012թ. մարտ-հուլիս ամիսներին ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ Արմեն Ռուբիկի Առաքելյանը, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին դեպքերով հափշտակել է 10.400 ԱՄՆ դոլար եւ 190.000 ՀՀ դրամ գումար: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցանքը բացահայտվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ԱՆԳԻՐ ՉԳԻՏԵՐ
Երեկ խորհրդարանում արտառոց դեպք տեղի ունեցավ: Երբ Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը պետք է ելույթ ունենար, մեկ-երկու նախադասություն արտաբերելուց հետո ընդհատեց իր բանավոր ելույթը, ներողություն խնդրեց եւ ծոցագրպանից հանելով ինչ-որ թղթեր՝ սկսեց ընթերցել:




Լրահոս