Փարիզում շարունակվում են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Երեկ հրավիրվել էր «Ոչ ատելությանը» ալյանսի երկրորդ նիստը, որի մասին Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցինք մանրամասներ պատմել.
«Ոչ ատելությանը» ալյանսը ստեղծվել է ԵԽԽՎ-ում անցյալ տարեվերջին ԵԽԽՎ պատվիրակների և ղեկավարների համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես գիտակցված անհրաժեշտություն, որպես Եվրոպայում վերջին տարիներին ստեղծվող իրավիճակների և դրսևորվող անցանկալի երևույթների արձագանք: Ալյանսի ստեղծումը վկայում է, որ ատելության, թշնամանքի տարածման և քարոզչության չափաբաժինն արդեն այնքան է բարձրացել, որ ողջ Եվրոպայի տարածքում դրան դիմակայելու և հակաքարոզչության կարիք է զգացվում: Եվրոպան այսօր նախաձեռնում է նոր շարժումներ, բազմաթիվ եվրոպական երկրների մասնակցությամբ՝ արդեն խորհրդարանական մակարդակով: Ընդամենը մի տասնամյակ էլ չի անցել, երբ Եվրոպայի կենտրոնում, օրինակ՝ Ավստրիայում, առաջին անգամ ընտրություններում հաջողության հասան նացիստական, ռասիստական կուսակցությունները, ու դա մեծագույն անակնկալ էր բոլորի համար: Հիմա ատելության քարոզչության ծավալները իսկապես տագնապալից են, նախ և առաջ այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ Եվրոպայի հավատամքը հանդիսացող բազմամշակութայնության քաղաքականության նշանակությունն ու անփառունակ վախճանը կամ անարդյունավետությունն է փաստվում: Ալյանսի ընդամենը երկրորդ նիստն է գումարվում, բայց արդեն անդամակցում են 35 երկրների պատվիրակներ, ի դեպ, ալյանսի անդամների մեջ չկան ադրբեջանցի պատվիրակներ: Հայաստանից ալյանսի անդամներ ենք ես և պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը:
-Ալյանսի առաջին նիստը ե՞րբ է եղել:
-Անցյալ տարեվերջին, առաջին նիստին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթանի-Դրագոնին: Նրանք ողջունեցին խորհրդարանական ալյանսի ստեղծումը և իրենց աջակցությունը հայտնեցին: Արդեն կարելի է արձանագրել, որ ալյանսի ստեղծման կազմակերպական շրջանն ավարտվում է և աշխատանքները կծավալվեն ստեղծված ձևաչափով:
-Ի՞նչ հարցեր էին քննարկվում այս նիստում:
-Փարիզյան նիստին «Ոչ ատելությանը» շարժման և մի քանի երկրների ազգային համակարգիչների համատեղ քննարկմանն ու կարծիքների փոխանակմանը հրավիրված էին Լեհաստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրին իրավիճակն իրենց երկրներում և աշխատանքները, որ կատարվում են հասարակության տարբեր խավերի ու շրջանակների հետ, հատկապես երիտասարդների հետ, որոնց հետ կազմակերպվեց կլոր սեղան «Ռասիզմը, անհանդուրժողականությունը և ատելության կոչերը ԵԽ անդամ» թեմայով: Ամենաթարմ օրինակը, որ մենք բանավեճի ընթացքում նշեցինք, Եվրանեսթի երևանյան լիագումար նիստին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունն էր, որը ոչ միայն դեմ է Եվրանեսթի շրջանակներում քաղաքական համաձայնության ոգուն (Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում անցկացված նիստին), այլև՝ բացարձակ անհանդուրժողականություն է, որը մշակվում ու տարածվում է պետական և քաղաքական բարձրագույն մակարդակում: Կարծում եմ, որ աշխատանքների այս ձևաչափը շատ կարևոր է և Հայաստանի պատվիրակներս բավականին անելիքներ ունենք այս ձևաչափի շրջանակներում, որ նախապատրաստում ենք և պիտի ներկայացնենք ընթացքում: Հարևան Ադրբեջանի կողմից անհանդուրժողականության, ատելության և թշնամանքի տարածման հետևանքների ուղղակի վկաներն ենք մենք Հայաստանում և այդ երևույթների դեմ համաեվրոպական պայքարի հարթակ է «Ոչ ատելությանը» ալյանսը ԵԽԽՎ շրջանակներում, որտեղ մենք կարող ենք միավորել մեր ուժերը:
Մամլո հաղորդագրություն