ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՑՈՐԴ ՉԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով քննարկել սահմանադրական փոփոխությունների «Հայեցակարգում» արձանագրված առանցքային սկզբունքները՝ հարկ է նկատել, որ հենց դրանք են լինելու նոր Սահմանադրության հիմնաքարը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այդօրինակ սկզբունքները գերազանցապես գտնվում են հռչակագրային մակարդակում եւ գործնական դերակատարություն, որպես այդպիսին, չեն կարող ունենալ:

Հիմնական սկզբունքների շարքում «Հայեցակարգի» հեղինակները դնում են մարդու սահմանադրական իրավունքի երաշխավորության հարցը, ինչպես նաեւ՝ սահմանադրական լիազորությունների հարցով ծագած վեճերի հաղթահարման խնդիրը: Բավական է, սակայն, նայել մեր անկախ պետության պատմությանը եւ մտաբերել ներկայիս իրողությունները, որպեսզի ակնբախ լինի վերոնշյալ սկզբունքների իրական բնույթը՝ ձեւականությունը:
Այսպես՝ «Հայեցակարգը» հռչակում է, որ «Սահմանադրական նորմերը ոչ միայն պետք է հռչակեն մարդու սահմանադրական իրավունքը, այլեւ առավելագույնս հստակ սահմանեն դրանց իրացման երաշխիքները, պետության պարտավորությունները, առանձին իրավունքների սահմանափակման թույլատրելի շրջանակները: Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն որպես իրագործելի իրավունքներ, իսկ դրանց սահմանափակումները պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից, լինեն համաչափ, չաղավաղեն իրավունքի բովանդակությունն ու իմաստը, հստակ սահմանվեն օրենքով, զուգակցվեն հանրային իշխանության համարժեք պարտականություններով»: Առաջին հայացքից բառակույտ թվացող սույն սկզբունքը բավականին տարողունակ ու կարեւոր է՝ իր մեջ պարունակող առանցքային դրույթներով հանդերձ: Սակայն երբ այն փորձում ես համատեղել այսօր Հայաստանում տիրող իրավիճակի հետ, մի աններդաշնակ պատկեր է ստեղծվում: «Հայեցակարգը» պնդում է, որ նոր Սահմանադրությանը հաջողվելու է երաշխավորել մարդու իրավունքների իրացումը, որոնց սահմանափակումներն էլ իրենց հերթին պիտի լինեն հիմնավորված ու իրավաչափ:
Ուշագրավ է, որ աշխարհում անհնար է գտնել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները երաշխավորվեն լոկ սահմանադրական դրույթներով: Խնդիրն առաջին հերթին այդ դրույթները հարգելուն ու իրացնելուն է վերաբերում: Ահավասիկ, եթե Հայաստանի գործող իշխանությունը ոտնահարում է մարդկանց ամենատարրական իրավունքները, որոնք, ի դեպ, ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ պաշտպանված են, ապա որքանով է իրատեսական, որ նոր Սահմանադրության պարագայում նույնը չի կրկնվի:
Սկզբունքներից հերթականը, որի վրա պետք է խարսխվի ապագայի Սահմանադրությունը, հռչակում է. «Սահմանադրական լիազորությունների հարցում առաջացած վեճերն իրավական լուծման հստակ կառուցակարգեր պետք է ունենան»: Հիրավի, սույն պնդումը միանշանակորեն հիմնավոր է եւ ուղենշում է ժամանակակից պետական համակարգի իրավականացման ճանապարհը: Պետության մեջ սահմանադրական լիազորությունների հարցում վեճեր են առաջանում այն ժամանակ, երբ իշխանության երեք ճյուղերից՝ գործադիր, օրենսդիր ու դատական, որեւիցե մեկը փորձում է իր իրավասություններն ընդարձակել մյուսի հաշվին: Այս պարագայում գերազանցապես գործ ունենք կառավարման կամ սահմանադրական ճգնաժամի հետ, որի հիմնական մեղավորները լինում են գործադիրն ու օրենսդիրը, մինչդեռ դատական իշխանությունը նորմալ ժողովրդավարական հասարակարգերում արբիտրի՝ իրավարարի դերակատարություն է ստանձնում: Այսօրինակ ճգնաժամեր գերազանցապես տեղի են ունենում նախագահական կառավարման եղանակն ընտրած երկրներում, որտեղ փաստացիորեն պրեզիդենտը իրացնում է գործադիր իշխանությունը, եւ նրա վարչակազմը կարող է դուրս գալ իր լիազորությունների շրջանակներից: Կառավարման այսօրինակ ճգանաժամերի բնօրրանը կարելի է համարել Միացյալ Նահանգները, որտեղ ուժեղ նախագահի պարագայում Կոնգրեսի հետ հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն: Այս պրակտիկան դրսեւորվել է Է. Ջեքսոնի, Ֆ. Ռուզվելտի, Ռ. Ռեյգանի եւ բազում այլ նախագահների օրոք:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի պարագայում սահմանադրական լիազորությունների գերազանցություն իշխանության մի ճյուղի կողմից մյուսի հաշվին, դասական իմաստով, տեղի չի ունեցել: Մեզ մոտ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը խորհրդարանին չեն վերաբերել որպես հավասար ինստիտուտի, այլ այն ընկալել են որպես մի կցորդ մարմին, որը Սահմանադրություն կոչվող մի «անպիտան» փաստաթղթով ինչ-ինչ գործառույթներ է իրականացնում: Հենց այս համատեքստում է պետք հասկանալ Ազգային ժողովը վարկաբեկված մականունավորներով ու թաղային «հեղինակություններով» լցնելու նրանց գործելակերպը: Այս իշխանությունների օրոք սահմանադրական ճգնաժամ չի հարուցվում, եւ այն հաղթահարելու անհրաժեշտություն չի առաջանում միայն ու միայն այն պատճառով, որ իշխանության բաժանման ու զսպումների սկզբունքը արձանագրված է լոկ Սահմանադրության մակարդակում, մինչդեռ քաղաքական հարաբերություններում տիրապետողը հանցաշխարհի մտածողությունն է: Վերջիվերջո, իշխանության ուզուրպացիայի պայմաններում սահմանադրական իրավասությունների վեճերի հաղթահարման կառուցակարգերի բացակայության մասին խոսելն առավելագույնը ծիծաղ կարող է առաջացնել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ի ԿԵՂԾ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է տեղի ունենային մարտի 15-ին, սակայն տեղափոխվել է օրը, եւ կկայանա ապրիլի 5-ին: Ընտրությունները հետաձգելու պատճառն այն է եղել, որ մարտի 15-ի համար առաջադրված թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Թորոսյանը, գրանցվելու ժամանակ ՀՀԿ-ի անդամության տոմս է ներկայացրել, որը կեղծ է եղել: Ինչի արդյունքում նրան չեն թույլատրել գրանցվել:

Եթե Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունները մարտի 15-ին կայանային, ապա ընտրությունների համար առաջադրված թեկնածուները կլինեին երկուսը՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Կարապետյանը եւ նրա տեղակալ Գրիգոր Թորոսյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հենց Գրիգոր Թորոսյանի ՀՀԿ-ի անդամության տոմսն է կեղծ եղել: Ինչից հետո գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Թորոսյանին զրկել են գրանցվելու իրավունքից, եւ միակ թեկնածուն եղել է գործող գյուղապետ Արսեն Կարապետյանը: Արդյունքում՝ հնարավոր չի եղել գյուղապետի ընտրություններ անցկացնել, եւ այն հետաձգվել է:
Սակայն ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Թորոսյանը ժամանակից շուտ է ինքնաբացարկ հայտարարել: Նրա խոսքով՝ դա կապ չունի իր՝ ՀՀԿ-ի անդամության տոմսի հետ: «Երկու հոգուց պակաս էր թեկնածուների թիվը, դրա համար էլ չկայացավ ընտրությունը: Մենք կուսակցական հարցերով չենք զբաղվում: Բայց դա հերյուրանք է, նա ոչ մի կեղծ տոմս էլ չի ունեցել: Ուղղակի եկավ ու իր թղթերը վերցրեց, տարավ»,- ներկայացրեց նա:
Ս. Մեսրոպյանը տեղեկացրեց նաեւ, որ թեկնածուների առաջադրումը սկսվել է մարտի 11-ից, սակայն մինչ օրս դեռ թեկնածու չկա գրանցված:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց Գրիգոր Թորոսյանին, ով խնդրեց ուշ զանգ տալ եւ խոստացավ ներկայացնել իրականությունը՝ կապված անդամատոմսի հետ: Պայմանավորված ժամին զանգահարեցինք, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս եւ չի ցանկանում խոսել այդ մասին: Միայն հավելեց, որ ինքը երբեւէ ՀՀԿ-ի կեղծ անդամատոմս չի ունեցել եւ այս անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: Իսկ գործող գյուղապետ Արսեն Կարապետյանն ընդհանրապես չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ. «Ես հոգնել եմ այս քաղաքական հարցերից, ամեն ինչից, ինձ մի՛ զանգահարեք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍԻՆ
Ժամանակին, ինչպես Գյումրու մյուս թաղամասերը, Բուլվարային թաղամասը եւս ծաղկուն ու զարգացող էր, ուր կային նաեւ երբեմնի արդյունաբերական կենտրոն հանդիսացող քաղաքի տարբեր ձեռնարկություններին պատկանող հանրակացարաններ: Այսօր ամեն բան այլ է: Արդյունաբերությունից խոսելը ծիծաղելի է, իսկ շենքերի վիճակն էլ, մեղմ ասած, ողբալի ու անմխիթար: Մինչդեռ այդ շենքերում բնակվում են մարդիկ, ամբողջ ընտանիքներ: Այդպիսի շենք է նաեւ Բուլվարային թաղամասի Գործարանային 2 ա շենքը: Ժամանակին այն պատկանել է ռադիոսարքավորումների գործարանին, իսկ հիմա շենքի ու դրա բնակիչների ճակատագիրն անհայտ է ու նման ֆուտբոլի գնդակին` մի դաշտից մյուս դաշտը փոխանցվող:
Իսկ շենքում բնակվում է 10 ընտանիք: Շենքն ունի առնվազն երրորդ կարգի վթարայնություն, որում կոմունալ ամենատարրական պայմանները երազանք են: Ու սա դեռ ամբողջը չէ: Մեկի բնակարանում սառույցի բնավական հաստ շերտ է գոյացել ձյան հալոցքի հետեւանքով, մյուսի բնակարանում էլ քամու ժամանակ կարելի է ուղղակի տեսնել պատերի ճոճքը: Կյանքն այստեղ արդեն կարելի է նաեւ առանց վառ երեւակայության պատկերացնել: Բնակիչները, իհարկե, ձեռքերը ծալած չեն նստել, դիմել են քաղաքապետարան, մարզպետարան, նախկին վարչապետին, սակայն ստացել միայն անորոշ պատասխաններ, ինչպես իրենք են ասում` խնդիրը մի ատյանից մյուսը «պաս տալու» ֆուտբոլային տրամադրություն է տիրում: Անգամ հստակ չէ, թե ում է պատկանում շենքը:
Պարզվում է՝ այն քաղաքապետարանի բալանսում չէ, եւ, հետեւաբար, քաղաքապետարանը որեւէ պարտավորություն չունի այդ շենքի բնակիչների հանդեպ: Բացի այդ՝ բնակիչները չունեն անօթեւանի կարգավիճակ, ու այս դեպքում նրանց բնակարանային ապահովման հարցում պետությունն առհասարակ պարտավորվածություն չունի: Հենց այսպես էլ ապրում են այս մարդիկ Սերժ Սարգսյանի կառուցած «ապահով Հայաստանում»:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

 

 

ԵԶԱԿԻ ԿԵՆՏՐՈՆ
Դեռեւս 2013թ-ին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրու Հաղթանակի զբոսայգում իրականացվեց քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը, ձեւավորվեց պարկային քանդակագործական աշխատանքների պուրակ: Իսկ արդեն «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» շնորհանդեսը նախատեսված է այս տարվա գարնանը: Թանգարանի հիմնադիր, քանդակագործ Արթուր Գեւորգյանի խոսքերով՝ պարկ-թանգարանում կներկայացվեն ամենատարբեր, անգամ ԽՍՀՄ տարիների, ապամոնտաժված քանդակները՝ Լենինի, բանվորների բետոնե ու մետաղական պրոֆիլները: Նշենք, որ պարկ-թանգարանում արդեն իսկ տեղադրված են մի շարք աշխատանքներ՝ խաչքարերի, հուշաղբյուրների եւ հուշատախտակների տեսքով: Գյումրու քաղաքապետարանը 14 հա տարածք է տրամադրել «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանին», որն ստացել է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Ինչպես նշում է Արթուր Գեւորգյանը` բացօթյա թանգարանն իր չափերով եզակի է ամբողջ աշխարհում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս