ԳՈՐԾՈՂ ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ՀՀ մարզերի 32 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին. 26 գյուղում ընտրում էին համայնքի ղեկավար, 5-ում՝ ավագանու անդամներ, իսկ երկուսում՝ ավագանու անդամներ ու համայնքի ղեկավար: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուներ: Նշենք, որ ընտրություններին մասնակցել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ, ահա, ՀԱԿ-ից կամ «Ժառանգություն»-ից թեկնածուներ չկային:

Ուշագրավ է, որ ընտրության օրը միայն թիվ 41 ընտրատարածքից է դիմում ստացվել գրանցված թեկնածուի վստահված անձի կողմից, այն էլ` վստահված անձանց համար աշխատատեղ հատկացված չլինելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերահաշվարկի մեկական դիմում ստացել են թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 6 դիմում, որոնք հասցեագրված են եղել թիվ 21, 41 եւ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել` հերթական ՏԻՄ ընտրություններն էին` հերթական արդյունքներով:
ՀՀ Արագածոտնի մարզի Ափնագյուղ, Լեռնապար եւ Տեղեր գյուղերում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական թեկնածուները, նրանք նույնիսկ մրցակիցներ չեն ունեցել: Իսկ, ահա, Օհանավան գյուղում ընտրությունները թեժ են անցել. այստեղ վերընտրվել է ԲՀԿ-ական գործող գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը՝ հավաքելով 704 ձայն: Նրա մրցակիցները երկուսն էին՝ ՀՀԿ-ական Էդգար Հայրապետյանը, ով առաջադրվել էր հենց ՀՀԿ-ի կողմից (615 ձայն), եւ անկուսակցական Խաչատուր Սիսակյանը՝ (288 ձայն):
Արարատի մարզի Վարդաշեն համայնքում վերընտրվել է ՀՅԴ-ական գործող գյուղապետ Գեւորգ Բարխոյանը. նա միակ թեկնածուն է եղել:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, բնականաբար, վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, քանի որ նա միակ թեկնածուն էր: Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները վեցն էին, որից հինգը մեկը մյուսի հետեւից ինքաբացարկ հայտարարեցին: Ինչեւէ: Ուշագրավ է, որ այս քաղաքում 28 հազար 421 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ընդամենը 9246-ը: Տեղեկացնենք, որ Խլղաթյանը հավաքել է ընդամենը 8169 ձայն: Նրան դեմ քվեարկել է 810 հոգի, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 265: Ի դեպ, դեմ քվեարկած քվեաթերթիկներից մեկի վրա գրված են եղել հետեւյալ տողերը. «Քաղաքդ մաքրի, հոգուդ արտացոլումն է, ամոթ է»: Ահա, այսպիսի գնահատական են տվել Ռուբեն Խլղաթյանին:
Նույն մարզի Հայկավան գյուղում ընտրվել է «Գազպրոմ Արմենիա»-ի Արմավիրի մասնաճյուղի ինժեներ Ռուբեն Ղազարյանը, ով հավաքել է 590 ձայն: Իսկ Հովտամեջ գյուղում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Սարգսյանը: Նալբանդյանում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը՝ հավաքելով 1218 ձայն: Իսկ, ահա, նույն մարզի Նոր Արմավիր գյուղում գործող գյուղապետ Կարեն Գրիգորյանը չի վերընտրվել, նրա փոխարեն գյուղապետ է ընտրվել Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 505 ձայն:
Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանը, եթե երեք ձայն ավել չհավաքեր, ապա հրաժեշտ կտար իր աթոռին: Վերջինս հավաքել է 53 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Վահան Մարգարյանը՝ 50 ձայն: Նշենք, որ Վլադիմիր Սարկիսյանն արդեն մի քանի անգամ է` վերընտրվում է:
Ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Կոտայքի մարզի Բջնիում նույնպես վերընտրվել է գործող համայնքապետ Արմեն Մաթեւոսյանը: Նույն մարզի Աղավնաձոր համայնքում գյուղապետի աթոռի համար իրար դեմ պայքարի էին դուրս եկել մտերիմ ազգականներ: Սակայն այս համայնքում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մխիթար Դանիելյանը: Նրան ընտրել է 408 հոգի, իսկ մրցակցին՝ ՀՀԿ-ական Ռոմեր Ալեքսանյանին, ձայն է տվել 282 աղավնաձորցի:
Շիրակի մարզի Կարմրավան համայնքում գյուղապետի պաշտոնի համար մրցակցել են մտերիմ ազգականներ. նրանք ոչ միայն կուսակիցներ են, այլեւ հորեղբոր որդիներ: Սակայն այստեղ գործող համայնքապետ Ֆելիքս Հայրապետյանը չի վերընտրվել. նա հավաքել է 58 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Մանուկ Հարությունյանը՝ 93 ձայն:
Տեղեկացնենք, որ Կարմրավանում ոչ միայն նախընտրական մթնոլորտն է լարված եղել, այլեւ ընտրությունների ողջ ընթացքը: Արդեն նախկին գյուղապետ Ֆելիքս Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր մրցակիցն ու հորեղբոր որդին գյուղում խանութ ունի: Նա այս անգամ «խորամանկ քայլ» է կատարել՝ այն բնակիչներին, ովքեր խանութում պարտքեր ունեն, խոստացել է դրանք մարել, եթե իրեն ընտրեն:
Նույն մարզի Արփենի համայնքում գործող գյուղապետ Արսեն Առաքելյանը չի վերընտրվել, նա հավաքել է 35 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Վահագն Առաքելյանը՝ 96 ձայն:
Շիրակի մարզի Հառիճ, Սարակապ գյուղերում վերընտրվել են գործող գյուղապետերը: Նշենք, որ Սարակապի գյուղապետը մինչ ընտրությունները ԲՀԿ-ական էր, սակայն հիմա նա մտադիր է դուրս գալ ԲՀԿ-ի շարքերից:
Սյունիքի մարզի Լոր, Կաղնուտ, Շուռնուխ եւ Որոտան համայնքներում նույնպես վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՒՌՃԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ
Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր եւ Ներքին Ծաղկավան համայնքներում, ավագանու ընտրություններ՝ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Ակնաղբյուրում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ Արազ Միրզոյանը դեռեւս փետրվարի 20-ին ինքնաբացարկ էր հայտարարել, եւ համայնքի ղեկավարի թեկնածուն մեկն էր՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը: Նա Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2001 թվականից: Նշենք, որ ի սկզբանե պարզ էր, որ Արազ Միրզոյանը ինքնաբացարկ է տալու, նրա թեկնածությունն առաջադրվել էր, որպեսզի ապահովվի օրենքի պահանջը, եւ գրանցվի ՏԻՄ ղեկավարի մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ-ից հայտնեցին, որ Ակնաղբյուրի ցուցակային 369 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 288-ը, որից 285-ը՝ կողմ, 3-ը դեմ է քվեարկել Կարեն Դոլմազյանին:
Ն. Ծաղկավանում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Աթաբեկյանը եւ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը Ն. Ծաղկավան համայնքը ղեկավարում է 2004 թվականից: Ընտրությունների արդյունքում նա ստացել է 183, Իսկանդար Մեհրաբյանը՝ 158 քվե, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու 15 տեղին հավակնում էր 21 թեկնածու: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ ցուցակային 14.127 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8.592 ընտրող: Ավագանու շատ թեկնածուներ իրենց ընտրողներին ընտրական տեղամասեր էին տանում ավտոմեքենաներով, թեկնածուների մեջ մրցակցությունը մեծ էր: Ակնհայտ է, որ ընտրողների ցուցակներն ուռճացված էին, դրանցում ընդգրկված շատ անձինք վաղուց արտերկրում են բնակվում: Ավագանու գործող կազմի բոլոր անդամները, ովքեր կրկին առաջադրել էին իրենց թեկնածությունը՝ Հովիկ Խեչյանը, Վարդան Օրդինյանը, Գրիգոր Դանիելյանը, Հասմիկ Ամիրյանը, Վահե Ղալումյանը, Էմիլ Վարդապետյանը, Սամվել Չիբուխչյանը եւ Արտակ Խաչատրյանը վերընտրվել են:
Ամենաքիչ՝ 335 ձայնով ավագանու անդամ է դարձել Նարեկ Հարությունյանը, ով ջրմուղ-կույուղու՝ Իջեւանի տեղամասի ճարտարագետ Նորիկ Հարությունյանի որդին է: Ինչպես եւ ավագանու նախորդ ընտրություններում, ամենաշատ ձայները ստացել է ՀՀԿ անդամ Հովիկ Խեչյանը` 1120 ձայն: Ավագանու ընտրություններում ամենաքիչ ձայները ստացել է Իջեւանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Էդգար Ամիրյանը՝ ընդամենը 87 քվե:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս