ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ օրինական լիցենզիա չունենալու հիմնավորմամբ, երկու օր առաջ փակվել է Սեւանի բժշկական ուսումնարանը եւ դրա Վարդենիսի մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատությունները գործում են 1999 թվականից: Մինչեւ 2013թ. հունիսը Սեւանի ուսումնարանը եւ նրա մասնաճյուղը գտնվել են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ, իսկ 2013-ի հունիսից ուսումնական այդ հաստատություններն անցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության ներքո: Հենց այս փոփոխությունից հետո էլ Սեւանի ուսումնական հաստատությունում ստուգումներ են անցկացվել, եւ պարզվել է, որ նրա փաստաթղթերը օրենսդրությանը չեն համապատասխանում ու, ի վերջո, որոշվել է փակել այն: Իսկ ինչ պետք է լինի ուսումնարանի սաների ու շրջանավարտների հետ, որոնք, ըստ էության, կեղծ դիպլոմներ են ստացել, հայտնի չէ: Ի վեջո, ուսանողը որտեղի՞ց պետք է իմանար, որ մեկուկես տասնամյակից ավել գործող ուսումնական հաստատության փաստաթղթերը նորմալ վիճակում չեն, որտեղից պետք է երիտասարդները իմանային, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի օր կարթնանա եւ կորոշի փակել իրենց ուսումնարանը` առանց իրենց խնդրին լուծում տալու: Սա պետական մակարդակով իրականացված խաբեություն է, եւ էական չէ՝ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների չինովնիկները թե ուսումնարանի տնօրինությունն է մեղավոր: Փաստն այն է, որ ուսումնական հաստատությունը տարիներ շարունակ գործել է, եւ մարդիկ գնացել, այնտեղ ընդունվել են, վճարել են, որպեսզի ուսում ստանան, այնուհետեւ մասնագետ դառնալով՝ հասարակության մեջ իրենց տեղն ու դիրքը զբաղեցնեն, բայց ինչ-որ մարդկանց փնթիության պատճառով այդ հեռանկարից զրկվել են: Հիմա ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն, ո՞վ պետք է հայտնվի ճաղերի հետեւում:

 

 

 

 
Անցած տարի դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից «ծեծել տալու» հայտնի պատմությանը: Երեկ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք նա դեպքերից հետո հանդիպել է Լեւոն Երանոսյանին, ում հետ տարիներ շարունակ ընկերներ են եղել: «Մեր մեջ այժմ որեւէ փոխհարաբերություն չկա, դեպքից հետո չենք հանդիպել: Կգա ժամանակը, կհստակեցնենք ամեն խնդիր, որի մասին դուք անպայման տեղյակ կլինեք, եթե հանդիպեինք իր հետ, բոլորը դրա մասին տեղյակ կլինեին»,- վստահեցրեց Ռ. Պետրոսյանը: Մեր այն հարցին, թե վիրավորվա՞ծ եք Երանոսյանից, նա պատասխանեց. «Եթե ասեմ ոգեւորված եմ կամ շատ լավ եմ զգում, եթե ինձ օտար մարդը, թշնամին կամ հակառակորդը ցավ տար, ապա դա տանելի կլիներ: Չգիտեմ՝ նման դեպքում յուրայիններն ի՞նչ են անում: Իհարկե, այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում»:

 

 

 

 
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, որը եւս այս օրերին մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ ապրիլի 24-ին ինքը կնեկայացնի Եվրախորհրդարանը ու այդ օրը կլինի Երեւանում: Մեր հարցին, թե արդյո՞ք Լեհաստանի նախագահը եւս ապրիլի 24-ին ներկա կլինի ՀՀ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նա պատասխանեց. «Այո՛, Սերժ Սարգսյանը հրավիրել է, եւ մեծարգո նախագահը ներկա կգտնվի այդ օրը»: Հիշեցնենք, որ մինչ այս, ապրիլի 24-ին Հայաստան գալու մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն կարելի է ենթադրել, որ այլ երկրների նախագահներ եւս առաջիկայում կհայտարարեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան գալու մասին:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մասնավորապես հավաքականներում ընդգրկված շախմատիստների հունվար եւ փետրվար ամիսների վճարումները սովորականից էականորեն պակաս են եղել: «Ժողովուրդ»-ին այս հարցի շուրջ շախմատի ֆեդերացիայից պարզաբանեցին, որ չվճարված գումարները եղել են շախմատիստներին տրվող դրամական «օգնություննները», եւ դրանք կապ չունեն նրանց աշխատավարձերի հետ: Մեր տեղեկություններով՝ «օգնության» գումարը գոյանում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, «Զանգեզուրի ՊՄԿ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի հատկացրած միջոցներից: Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված գործարարներն «օգնության» հետ կապ չունեն: «Այդ գումարը պետք է ՌԴ-ից գա: Դրանք միշտ վճարվում են, ուղղակի այս անգամ տարեսկզբին որոշ դժվարություններ առաջացան: Բայց տասն օրվա ընթացքում կվճարենք»,- վստահեցրեց Թավադյանը:

 

 

 

 

ՈՀՄԱԿԱՄԻՏ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ռուսաստանի Պետդումայում այլ բառով, քան խայտառակություն, դժվար է բնորոշել: Ռուսաստանի օրենսդիր մարմինը հրաժարվեց մեկ րոպե լռությամբ հարգել փետրվարի 28-ին Կրեմլի պատերի տակ գնդակահարված ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի հիշատակը: Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պարզապես հրաժարվեց քվեարկության դնել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովի առաջարկությունը` ասելով, թե Նեմցովի ընտանիքին արդեն ուղարկել է ցավակցական հեռագիր:
ՌԴ Պետդումայի ղեկավարի՝ նման ճղճիմ պահվածքը, որն, ի դեպ, դիմադրության չարժանացավ խորհրդարանականների կողմից, ի ցույց է դնում Ռուսաստանի այսօրվա դեմքը` անմարդկային եւ ծայրահեղ ցինիկ: Սակայն անգամ մարդու` մահվանից հետո դրսեւորված այս հիշաչարությունն իրականում պաթոլոգիայի հասնող ստորաքարշության դրսեւորում է, որը, ցավոք, պակաս արտահայտված չէ նաեւ Հայաստանում: Իրենց երբեմնի գործընկերոջ հիշատակի նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսեւորելով` Պետդումայի պատգամավորները` Նարիշկինի գլխավորությամբ, բնականաբար, ձգտում էին ցույց տալ իրենց անվերապահ հավատարմությունը Պուտինին, ում ընդդիմանալու համարձակությունն էր ունեցել Բորիս Նեմցովը:
Այս ոհմակային գործելակերպը, ցավոք, հետզհետե ավելի ու ավելի ցցուն դրսեւորումներ է ունենում նաեւ Հայաստանում: Դա առավել ակնհայտ դարձավ հատկապես փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ ԳՄ նիստում Գագիկ Ծառուկյանի դեմ ունեցած ելույթից հետո հանրապետականների մեծ մասը համապատասխան կենդանուն տրվող հարձակման հայտնի հրահանգը ստացածի նման հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա` մեկեն հիշելով նրա բոլոր թերություններն ու մեղքերը եւ իսպառ մոռանալով, որ նույն Ծառուկյանի հետ տարիներ շարունակ գործընկերներ են եղել եւ ոչ մեկ անգամ աղուհաց կիսել:
Ժամանակին, երբ դեռ նոր էր համալրել Հանրապետական կուսակցության շարքերը, Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի որդու թեկնածությունը պաշտպանելու հարցի հետ կապված արեց իր հայտնի հայտարարությունը` «կուսակցությունը հո ոհմակ չի»: Դժվար է ասել` նա դա ասաց կուսակցական փորձի պակասի, թե Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառույցում այլախոհության առկայության վրա վստահ լինելու պատճառով: Թեեւ հիմա դա արդեն էական էլ չէ, էականն այն է, որ իր ղեկավարման ինը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց ոհմակի վերածել ոչ միայն Հանրապետական կուսակցությունը, այլեւ երկրի ողջ իշխանական վերնախավը:
Այնպես որ, կայացնելով ԵՏՄ-ին անդամակցելու որոշում, Սերժ Սարգսյանը միանգամայն սիրահոժար կերպով կատարեց իրեն հոգեհարազատ արժեհամակարգային ընտրություն:




Լրահոս