Մայրաքաղաքի 19 բարեգործական ճաշարաններում տաք սնունդ են ստանում շուրջ 2400 շահառուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Նոր Նորքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաև համաֆինանսավորում և օժանդակություն է տրամադրվում գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման: Տաք սննդից բացի փոխգործակցության շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց տրամադրված տարածքում ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ իրենց առօրյան են անցկացնում շուրջ 100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է բուժօգնություն, իսկ շուտով գործելու է նաև հետվիրահատական վերականգնողական կենտրոն:

Այցելության ընթացքում սոցիալական աշխատակիցների վերապատրաստման նպատակով «Աջակցություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երևանի և որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար:




Լրահոս