Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները մեղմ ասած հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ:
Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: Տարիներ առաջ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների բացակայության ժամանակ, երբ նոր էին ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքի տարրերը մեր կյանք մտնում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցումներն առաջին հայացքից բավական հուսադրող էին:
Ժամանակին նման հարցում իրականացրած կազմակերպություններից մեկի տվյալներով՝ ՀՀ-ում 1993 թվականին հարցվածների 70 տոկոսի կարծիքով մարդու իրավունքները հիմնականում պաշտպանված էին: Սակայն մասնագետներն այդ արդյունքներով չշտապեցին ուրախանալ: Վերլուծությունները հանգեցրին նրան, որ հարցման դրական արդյունքների հիմքում ընկած էր հարցի թերի ըմբռնումը, հարցման առարկայի վերաբերյալ խորքային պատկերացումների բացակայությունը, և հաճախ մեկ բան մտածելն ու այլ բան ասելը: Մասնագետներն այդ դեպքում ճիշտ էին, քանի որ որոշ պարզաբանող հարցերից հետո կրկնակի հարցումների արդյունքներն այլ բան էին վկայում:
Վերադառնանք կայքի հարցումների արդյունքներին: Դրանց վերաբերյալ մասնագետների մեկնաբանություններն ավելի քան հետաքրքիր են: Այսօր շատ ենք խոսում ժողովրդի իրավագիտակցության բարձրացման, իրավունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու հանրային անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այս հարցումների արդյունքները վերլուծելիս՝ մասնագետները միակարծիք էին, որ մարդիկ փոխվել են: Փոխվել է ոչ վաղ անցյալում ունեցած մոտեցումը, մարդկանց մտածելակերպում ավելացել են որոշ արժեքներ, որոնք օգնում են երևույթներին նայել առավել շրջահայացորեն և ընդգրկուն:
Հետաքրքիրն այն է, որ որևէ այլ՝ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրում այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության գիտակցման նման դրական արդյունքի: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի մեր ժողովրդի բնատուր քննադատական մտածողությունը, նորը արագ յուրացնելու, տեղայնացնելու նախանձելի հատկությունը, ինչպես նաև՝ անկաշկանդ ուղղախոսությունը: Ինչ խոսք, մեծ հաշվով հարցման արդյունքները գոհացուցիչ չեն. դրանք վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական անելիքների առկայության մասին: Դրանք փաստում են ոչ միայն մարդկանց մոտ պաշտպանվածության զգացողության պակասը, այլև հիշեցնում են սոցիալական խնդիրներից մինչև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կարևորությունը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ի զարմանս շատերի, հարցման արդյունքները դրական կողմ էլ ունեն: Դրանք ցույց են տալիս, որ մեր ժամանակներում մարդիկ ոչ միայն պասիվ բողոքող են, այլ գիտակցում են փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ են դրանում ներդրումներ ունենալ: Նրանք այսօր ավելի քաջատեղյակ են իրենց իրավունքներից, քան՝ առաջ:
Միաժամանակ, հանրության այս գնահատականները սթափեցնող ազդեցություն պետք է ունենան բոլորիս, հատկապես՝ մարդու իրավունքների երաշխավորման և ապահովման գործուն մեխանիզմներ ապահովելու պատասխանատվություն կրող պաշտոնյաների և ինստիտուտների համար: Մեր գործունեության արդյունավետության առավել բնորոշ չափանիշ չկա, քան իրավիճակի փոփոխությունն այս ոլորտում. դրանից ելնելով է վաղը որոշվելու մեր քաղաքական պատասխանատվությունը հասարակության առջև:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան