ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԱՅՏՆՎԻ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի բժշկական ուսումնարանի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով երկու օր առաջ ուսումնարանը օրինական լիցենզիա չունենալու հետեւանքով փակվել է, ուսանողները մնացել են «փողոցում»:

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Վարդենիս քաղաքի բժշկական ուսումնարանի ուսանողների ծնողներից, որոնք հայտնեցին, որ բժշկական ուսումնարանի Սեւանի «մայր» քոլեջն անսպասելի կերպով փակել են, եւ, բնականաբար, փակվել է նաեւ Վարդենիսի մասնաճյուղը:
Զրուցեցինք նաեւ ուսումնական հաստատության տնօրեն Ֆիրդուս Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է հաջողացրել տարիներ շարունակ ապօրինի հաստատություն ղեկավարել եւ խաղալ այդքան երիտասարդների ճակատագրի հետ: Ահա թե ինչ բացատրեց չստացված ուսումնարանի տնօրենը. «Վարդենիսի բժշկական ուսումնարանը ենթարկվում է Սեւանի բժշկական ուսումնարանին, այսպես ասած՝ մենք Սեւանի ուսումնարանի Վարդենիսյան մասնաճյուղն ենք: 1999 թվականից մեր ուսումնարանը գործում է, եւ, ահա, երեկ Սեւանի բժշկական ուսումնարանը լիցենզիա չունենալու պատճառով փակվեց, եւ դրա պատճառով Վարդենիսյան մասնաճյուղն էլ փակվեց: Այն երեխաները, որոնք դուրս կմնան ուսումնարանից, կտեղափոխվեն Վարդենիս քաղաքի մոտ գտնվող այլ ուսումնարան եւ կստանան իրենց դիմպլոմները: Ավելին ասեմ, երեխաների ուսման վարձը մեզ մոտ եղել է 80.00 դրամ, այլ բուհ տեղափոխվելուց եւս կվճարեն նույն գումարը»
Քոլեջի ուսանողուհիներից մեկի հայրը` Սարգիս Սահակյանը, որը եւս հանդիպել էր տնօրեն Կարապետյանին, «Ժողովուրդ»-ին ասաց. «Երեք ամիս է մնացել՝ երեխաս ավարտի քոլեջը եւ դիպլոմ ստանա: Հիմա ի՞նչ է լինելու իմ երեխայի ճակատագիրը: Եթե իրենք չէին կարող քոլեջ պահել, ինչո՞ւ են այսքան երեխաների ճակատագրի հետ խաղում: Քոլեջը փակում են, երեխաներին թողնում բախտի քմահաճույքի՞ն: Ես հնարավորություն չունեմ մեկ այլ քաղաք կամ գյուղ երեխայիս ուղարկեմ, որ իր ուսումն ավարտի. ծախսեր են պահանջում դրանք: Եթե մի երեք ամսով չհետաձգեն այս որոշումը եւ թույլ չտան, որ երեխաս դիպլոմային քննությունը հանձնի քոլեջում, ես այլ քոլեջ թույլ չեմ տալու, որ գնա, սովորի: Պահանջելու եմ երկու տարվա վճարած գումարս: Այս ինչ են անում, երեխան կոտրված եկել, նստել է տանը»:
Նույն ուսումնարանի ուսանողուհի Ռուզաննա Դանիելյանի հայրը` Արման Դանիելյանն ասաց, որ երեք տարվա ընթացքում մի կերպ է կարողացել վճարել ուսման համար նախատեսված 80.000 դրամը. «Հիմա հնարավորություն չունեմ որեւէ այլ տեղ տեղափոխելու երեխայիս: Մայիսին նա դիպլոմ պետք է ստանար, երեխային ինչո՞ւ են կոտրում, հանում, քցում դրսերը: Օգնեք, ի՞նչ անենք»:
Մի տատիկ էլ՝ Մելիքամուսյան Ամալյան, լացելով զանգահարեց խմբագրություն եւ ասաց. «Իմ թոռը եթիմ երեխա է, մի կերպ ուսման էինք տվել, հիմա ի՞նչ անենք. հանին, քցին դուրս»:
Պարզվեց՝ մեր զրուցակցին էլ է զայրացրել այն փաստը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը արձակվել է ոչ թե ուսումնական տարվա սկզբին, այլ գրեթե ավարտին. «Եթե նման նպատակ ունեին, որ ուսումնարանը պետք է փակվի, ինչու հիմա որոշեցին փակել: Ախր այստեղ սովորող երեխաները կարիքավոր ընտանիքի երեխաներ են, եթե հնարավորություն ունենային, այլ տեղ կտանեին իրենց երեխաներին: Մի խոսքով, շատ-շատ սխալ որոշում էր: Խայտառակ վիճակ է: Խնդրանքս մեկն է՝ գոնե այն երեխաները, որոնք այս տարի ավարտում են, թույլ տան՝ իրենց բուհում հանձնեն քննությունը եւ դիպլոմ ստանան, մի քանի ամիս բան է մնացել: Օգնեք մեզ, եթե կարող եք, շատ ենք խնդրում»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ պահանջեց նաեւ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից: Ըստ նրա` 2002թ բժշկական բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը եղել է առողջապահության նախարարության ենթակայության տակ. «Մինչեւ 2013թ հունիսն այս հաստատություններով զբաղվել է առողջապահության նախարարությունը: 2013թ հունիսի լիցենզիայի մասին օրենքում փոփոխություններ եղան, եւ առողջապահական կրթական ծրագրերի լիցենզավոման լիազորությունը տրվեց կրթության եւ գիտության նախարարությանը: Օրենքը ուժի մեջ մտավ 6 ամիս անց՝ 2014թ հունվար ամսից: Մի փոքր ուշ նաեւ լիցենզավորման կարգի հետ փոփոխություններ եղան: Արդյունքում մենք դիմեցինք բոլոր պետական, ոչ պետական հաստատություններին, որոնք կրթական ծրագրեր էին իրականացնում, որ լիցենզիաները վերաձեւակերպվեն, ու մեր կողմից տրվեցին նոր լիցենզիաներ՝ մեր պահանջներին համապատասխան: Արդյունքում պարզվեց, որ Սեւանի բժշկական ուսումնարանը լիցենզիայի 8-9 պահանջներին չի բավարարում, եւ կասեցվեց նրանց գործունեությունը»:
Հիմա ինչ է լինելու ուսանողների ճակատագիրը: «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարության վարչության պետը պատասխանեց. «Այդ ուսանողները պետք է տեղափոխվեն այլ ուսումնական հաստատություն: Մենք ավելի ուշ՝ վաղը, արդեն կորոշենք, թե ուր: Այնտեղ կրթություն չկա, խաբեբայություն է եղել: Անունը դրել են քոլեջ, երեխաներից փող են հավաքել: Այդ դիպլոմը պետական նմուշի էլ չի, սովորական փաստաթուղթ է, որ ոչ մի պետական հիմնարկում չի անցնում: Մենք ամեն ինչ անում ենք՝ ուսանողի շահերը չոտնահարվի: Որոշումը ենթակա չէ փոփոխման»:
Ահա, այսպես իր աշխատասենյակում տաքուկ նստած պաշտոնյան մեզ «քառակուսի անտարբերությամբ» հայտնեց, թե. «Իրավիճակն այսպիսին է, ինչ արած: Ավելին ասեմ՝ մենք նոր ենք բացահայտել, որ Սեւանի բժշկական ուսումնարանը ներկայացչություն է ունեցել Վարդենիս քաղաքում»: Ստացվում է, որ մեր երկրի պետբյուջեի հաշվին ապրող չինովնիկների ձեռամբ, տարբեր տարիներին գործունեություն ծավալած նախարարների գլխավորությամբ Հայաստանում 1999-ից ապօրինի բուհ է գործել, եւ հիմա դրա հետեւանքով տուժում են ուսանողները, կասկածի տակ են դրվում շրջանավարտների ստացած դիպլոմները, այլ ոչ թե կասկածելի հանգամանքներում այդ իրականության առաջ աչք փակած «իշխանիկները»: Հետաքրքիր է՝ նախարարները չե՞ն հայտնվելու ճաղերի հետեւում:
Ըստ էության, այսօր առողջապահության նախարարության անգործության կամ միգուցե այս պաշտոնը ղեկավարած նախարարների որոշակի հետաքրքրության արդյունքում է, որ մի խումբ ուսանողներ հայտնվել են «դրսում»:
Հետաքրքիր է՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, բացի իր գեղեցիկ սանրվածքով մտահոգվելուց, փորձե՞լ է գոնե մեկ անգամ հետաքրքրվել, թե իր պաշտոնավարման տարիներին քանի՞ ապօրինի ԲՈՒՀ է գործում, եւ այդտեղ ավարտած շրջանավարտների մասնագիտական ցածր մակարդակի ու պրոֆեսիոնալ սխալների հետեւանքով քանի մարդ կարող է զոհվել: Համատարած այս անտարբերությունն ու անգործությունն է իրականում կրծում մեր երկիրը: Հիմա «չոլկայով» նախարարն ինչպե՞ս է նայելու Սեւանի ու Վարդենիսի քոլեջի ուսանողների աչքերին: Էլ չենք խոսում մասնագիտությամբ բժիշկ նախարար Արմեն Աշոտյանի մասին, որը «վիրահատելուց» առաջ «հիվանդի» ռիսկերը չի հաշվել՝ խաղալով երիտասարդ սերնդի ճակատագրի հետ:
Հուսանք՝ հարցը կվերանայվի, այնուամենայնիվ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱ ԱՎԱՆ-ԱՌԻՆՋՈՒՄ
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ մի քանի ժամ շարունակ Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից իրականացվում էին օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Ականատես բնակիչներն Armlur.am-ին հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները վնասազերծման աշխատանքներ իրականացնում: Ավան-Առինջի բնակիչների խոսքով` շենքերից մեկի մուտքից ձեռնաշղթաներով դուրս են բերել ոմն Սուրեն Եսայանի: Իսկ ավելի ուշ ձերբակալել են եւս երկու հոգու: Բնակիչները կարծիք հայտնեցին, որ հնարավոր է՝ իրավապահները որոնում են Ավան-Առինջում հայտնի նաեւ Սուրենի եղբորը` Կարեն Եսայանին` Թիզ մականվամբ: Բնակիչները տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայիններն առգրավել Կարեն եւ Սուրեն Եսայանների ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվական բաժնից նշվածի հետ կապված որեւէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Չհաջողվեց պարզել նաեւ` ինչ գործի շրջանակներում են իրականացվել նշված աշխատանքները իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ երեկ մինչեւ ուշ երեկո դրանք դեռեւս շարունակվում էին, ինչը թույլ է տալիս կարծելու, որ դեռ ոչ բոլորն են հայտնաբերվել:

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արդարադատության նախարարությունում աշխատանքային հարաբերությունների քննարկումն ավարտվել է մարմնական վնասվածքներով: Ծեծված բաժնի պետը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից, իսկ նրա նկատմամբ բռնություն գործադրած ղեկավարը ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Ծեծի ենթարկվածը՝ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը, պնդում է, որ իր վերադասը աշխատանքային հարաբերությունները պարզելու նպատակով վիրավորել է իրեն, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում նախաքննության գաղտնիությունը պահելու համար: Մինչդեռ իրավապաշտպանները թերահավատ են, որ արդարացի քննություն կանցկացվի:

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՈՒՉԻԿՆԵՐ
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը tesankyun.am-ին հայտնել է, որ Ղազախի շրջանի ադրբեջանցիները օդապարիկի նմանվող փուչիկներ են բաց թողնում դեպի ՀՀ տարածք: Դրանցից մեկն ընկել է Սամվել Բեգլարյանի առանձնատան, մյուսը՝ վերջինիս հարեւանի բակում: Փուչիկին ամրացված ձեռագիր գրության մեջ ադրբեջանցին հայտնում է, որ ինքը Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի բնակիչ է, որ իրենք 3000 տարի բնակվում են այս տարածաշրջանում եւ այլն:

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՑԵԼ» Է
Արդեն երեք ամիս է՝ հազարավոր մարդիկ չեն կարողանում ետ ստանալ հակասահմանադրական ճանաչված օրենքով պահված կեսաթոշակային պարտադիր վճարները, ինչը նախատեսված է օրենքով:
Հիշեցնենք, որ Կառավարությունը պարտավորվել է այդ գումարները վերադարձնել հունվարի 1-ից, պաշտոնյաները չեն հստակեցնում՝ ինչո՞ւ մինչեւ օրս ոչ մի լումա չի հետհաշվարկվել:
Կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցել է, որ դրանք կփոխանցվեն մինչեւ հուլիսի 1-ը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց:




Լրահոս