ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը: Ներկաներին ողջունելու համար խորհրդարան էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադառնալուց՝ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ԼՂ խնդրի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը չի պատրաստվում ԱԺ վեհաժողովի հարթակը դարձնել քարոզչության կամ ատելություն սերմանող հարթակ: Նա նշեց, որ անհրաժեշտ է միջազգային հանրության եւ եվրոպական կառույցների աներկբա գնահատականը Ադրբեջանի վարքագծին: «Մի բան պարզ է՝ ԼՂ խնդրի լուծման բանալին ո՛չ Փարիզում է, ո՛չ Վաշինգտոնում, այն Ստեփանակերտում է, Երեւանում ու Բաքվում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ պատվիրակները քննարկեցին վեհաժողովի մշտական հանձնաժողովների ներկայացրած նախագծերը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ Հայաստանի շրջափակմանը:
«Եվրամիությունը պետք է բավարար ջանքեր գործադրի այս տարածաշրջանում փակ սահմանների բացման ուղղությամբ: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շուրջ 25 տարի է՝ կիրառվում է փակ սահմանի քաղաքականություն հենց Հայաստանի նկատմամբ», – նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը, ուղղակիորեն չունենալով ելք դեպի ծով, այսօր դա անում է միայն Վրաստանի միջոցով: «Այս առնչությամբ շատ ենք կարեւորում, որպեսզի բոլորը ճնշում գործադրեն Թուրքիայի վրա առանց նախապայմանների սահմանի բացման ուղղությամբ» – եզրափակեց նա:
Այնուհետեւ Ուկրաինայի պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկն առաջարկեց քննարկել «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: Նշվեց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: «Վերնագիրը շատ խոսուն է, միեւնույն ժամանակ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատվիրակներին, որ մշակեցին այս փոխզիջումային տարբերակը», – նշեց Տարասյուկը: Վերջինս հայտնեց, որ բանաձը վերաբերում է ընթացող պատերազմին, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ: «Դրա հետեւանքով Դոնբասի տարածքի բնակիչները զոհվում են, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, մի քանի հարյուրը հայտնվել են փախստականների կարգավիճակում: Ղրիմի Հանրապետությունն օկուպացվել է Ռուսաստանի կողմից եւ ապօրինի միացվել Ռուսաստանին», – շարունակեց Տարասյուկը:
Նա նշեց, որ պահանջվում են ահռելի ջանքեր, որպեսզի հակազդեն այս իրավիճակին եւ հավելեց, որ միջազգային հանրությունն ակտիվորեն լուծում է փնտրում Ռուսաստանի ագրեսիայի դադարեցման համար: Ուկրաինայի պատվիրակը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել բանաձեւին: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակներից մի քանի այլ անդամներ, ովքեր բոլորն էլ կողմ էին բանաձեւին եւ կարեւորեցին Ռուսաստանի դեմ այդ փաստաթղթի ընդունումը: Այս հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, որը նշեց, որ քննարկվող հարցը զգուշավորություն է պահանջում: «Մեր պատվիրակությունը երեւի միակն է, որը միանշանակ չի վերաբերվում այս հարցին: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ այնտեղ 2.5 մլն հայ կա, Ուկրաինան մեր բարեկամն է, եւ այնտեղ կես միլիոնից ավել հայ կա: Մենք կողմնակից ենք ցանկացած հակամարտության խաղաղ լուծմանը», – նշեց նա:
Քիչ անց Զաքարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ: Նա նախ շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, ովքեր միացան Հայաստանի պատվիրակության առաջարկած բանաձեւի նախագծին: «Գլխավոր նպատակը մարդու իրավունքների եւ մարդկության դեմ հանցանքների կանխարգելումն ու դատապարտումն է: Մենք հասկանում ենք, որ սա մեկ օրում չի սկսվում եւ կատարվում: Ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել նախորդ դարի առաջին ցեղասպանությունը` զերծ մնալով սեփական պատմությունը խմբագրելու փորձից: Հայոց ցեղասպանությունն արժանի է քաղաքակիրթ մարդկության դատապարտմանը»: Արտակ Զաքարյանի խոսքից հետո Ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը հայտարարեց, թե պետք է լինի հավասար վերաբերմունք բոլոր պատվիրակների նկատմամբ: «Մեր գործընկեր Արտակ Զաքարյանը խոսեց չորս րոպեների ընթացքում, ես կարծում եմ, որ պետք է հավասար վերաբերմունք լինի», – նշեց նա` հավելելով, որ իր հարցի ներկայացմանը հատկացվել էր 2 րոպե:
Ուկրաինայի մեկ այլ պատվիրակ Ալեքսեեւը նշեց, որ Հայաստանը եւ Ուկրաինան ունեն բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ, սակայն մեր պատվիրակները տարբեր տեսակետներ ունեն: «Սա պայմանավորված է Հայաստանի դիրքորոշմամբ` չքվեարկել Ռուսաստանի դեմ, եւ երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանը չի դատապարտում Ուկրաինայի «Հոլոդոմորը»»,- նշեց նա: Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծին հիմնականում կողմ չէին արտահայտվում ուկրաինացի պատվիրակները: Մինչդեռ մյուս պատվիրակները նշում էին, որ նման բանաձեւ անհրաժեշտ է ընդունել եւ չպետք է սպասել եւս հարյուր տարի` իրերն իրենց անուններով կոչելու համար:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց 33 կողմ, 4 դեմ ձայներով: Քվեարկության դրվեց նաեւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ բանաձեւը: Այն ընդունվեց 38 կողմ, 9 դեմ եւ երկու ձեռնպահ ձայներով: Եվրանեսթն իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր:
Հ.Գ. Galatv.am-ը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնում Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի ժամանակ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 
ԿԱՊԱՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ 17 ՀԻՎԱՆԴ ԿԱ

Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Այս պահի դրությամբ հիվանդների թիվը այդ քաղաքում հասել է 17-ի:

Տեղեկացնենք, որ բրուցելոզը մարդուն փոխանցվում է ինչպես հիվանդ կենդանու կամ վերջինիս մսեղիքի հետ շփման, այնպես էլ չվերամշակված մթերքի օգտագործման միջոցով:
«Խոսել ենք ե՛ւ հիվանդների, ե՛ւ բժիշկների հետ, եղել ենք նաեւ սպանդանոցում: Անմխիթար վիճակ էր, ու ահավոր վատ պատկեր էր: Առողջապահական համակարգն իր ամբողջ ենթակառուցվածքներով ոչինչ չի արել, որովհետեւ այն ՊՈԱԿ-ները, որոնք նույն կառույցի ենթակայության տակ են գտնվում, պարտավոր էին իրենց իսկ կանոնադրությամբ այցելել նույն սպանդանոցում աշխատած բոլոր հիվանդներին»,- ներկայացրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ նախ՝ պետք է վերլուծություններ անել եւ հասկանալ, թե սպանդանոցի տնօրինության մեղավորությունը որքան է, պետությանը՝ որքան, որպեսզի հասարակությունն էլ «ադեկվատ» գնահատական տա: «Չի կարելի հանրապետության մի մարզում ունենալ բրուցելոզով 17 հիվանդ: Կան պատասխանատուներ, եւ իրենք պետք է գտնվեն»,- պնդեց Պիպոյանը: Նրա փոխանցմամբ՝ սպանդանոցը դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր ամսից չի աշխատում:
Տեղեկացնենք, որ խոսքը Կապանի «Գյուղարտ» ՍՊԸ-ի սպանդանոցի մասին է: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ այցելելու ընթացքում եղավ նաեւ «Գյուղարտ» ՍՊԸ-ի մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման արտադրամասում, որտեղ նրան ներկայացվեցին իրականացված աշխատանքները եւ նոր սարքավորումները: Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի՝ այս սպանդանոցը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Գյուղարտ» ընկերությունը ՀՀ պետռեգիստրում գրանցված է, հիմնադիրներն են «Լամաքս գրուպ»-ը, «Շահր ինվեստ»-ը: Իսկ, ահա, «Լամաքս գրուպ»-ի հիմնադիրներն են Վահե եւ Արման Հակոբյանները: Ինչպես հայտնի է՝ Վահե Հակոբյանը եւ Արմանը Մաքսիմ Հակոբյանի որդիներն են:
Այնուամենայնիվ, Պիպոյանի համար զարմանալի է, որ ե՛ւ առողջապահության, ե՛ւ գյուղատնտեսության նախարարություններն այս դեպքի առիթով լռում են: Դա ըստ նրա՝ կարող է ունենալ երկու պատճառ՝ նախ՝ Մ. Հակոբյանի գործոնը եւ երկրորդ՝ 2013 թ-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ, ինչը մասնագետներն անթույլատրելի են համարում: Նշենք, որ այս ահազանգի առնչությամբ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն եւս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է հետեւյալը. «Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում»: Իսկ, ահա, առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության, եւ նրանք ունեն առողջացման դրական տեղաշարժ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
«ՏԱՎՈՒՇ» Հ/Ը-Ն ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Մարտի 1-ից Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Այդ հեռուստաընկերությունը մարզային կարելի էր կոչել պայմանական կերպով, քանի որ դրա հաղորդումները չէին սփռվում մարզի Բերդի տարածաշրջանում, Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների գյուղերի մեծ մասում: 2011թ.-ին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծված «Տավուշ» հեռուստաընկերության 40 տոկոսի փայատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր, սեփականության իրավունքը գրանցված էր մարզպետի եղբոր կնոջ անունով: Հեռուստաընկերության մյուս 40 տոկոսի սեփականության իրավունքը գրանցված էր «Գրանդ Տոբակո» ընկերության իրավաբան Մանվել Սարգսյանի, իսկ մնացած 20 տոկոսինը` «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր եւ սեփականատեր Վարդան Անանյանի անունով: Տավուշի մարզային հեռուստաընկերությունն անցած 4 տարում շատ քիչ է լուսաբանել մարզի համայնքների անցուդարձը, սահմանագոտում կատարվող իրադարձությունները:
Այդ հեռուստաընկերության եթերում հիմնականում կենդանիների մասին հաղորդումներ էին, որոնք պատրաստված էին BBC հեռուստաընկերության կողմից: Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովը, որը կոչված է վերահսկելու, որ Հայաստանի հեռուստաընկերությունները կատարեն հեռարձակման լիցենզիա ստանալու ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները, այդ հարցում անգործության էր մատնված: Այսինքն՝ «Տավուշ» հեռուստաընկերությունը իր եթերաժամի որոշակի մասը պետք է հատկացներ հայրենական եւ սեփական հաղորդումներին, ինչը անցած 4 տարում չի արվել: Եվ չնայած սրան` «Տավուշ» հեռուստաընկերությանը տրվել է թվային հեռարձակման լիցենզիա, այս տարվա հունիսից այն պետք է անցնի թվային հեռարձակման:
«Ժողովուրդ»-ը «Տավուշ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանից հետաքրքրվեց, թե այժմ ո՞վ է հեռուստաընկերության սեփականատերը: Նա հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ փոխվել է հեռուստաընկերության սեփականատերը, այժմ 80 տոկոս բաժնեմասի տերը Վլադիմիր Աղեկյանն է, իսկ ինքը, նախկինի նման, տնօրինում է հեռուստաընկերության 20 տոկոս բաժնեմասը:
Վ. Անանյանին հարցրինք, թե ինչու մարզային հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Նա ասաց, որ այդ հարցը պետք է տալ ՀԸ-ի նոր սեփականատիրոջը: Մեր ունեցած տեղեկություններով՝ մարզային հեռուստաընկերությունը ներկայումս չի գործում, քանի որ ֆինանսական մեծ պարտավորություններ ունի, այդ թվում՝ աշխատողներին ամիսներով չվճարված աշխատավարձի տեսքով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս