«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Էրեբունի վարչական շրջանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի մոտ 24-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանին նրա ամուսինը՝ Սասուն Սաֆարյանը, դանակահարել էր: Երեկ տեղեկացանք, որ Սասունն այժմ կալանավորված է:
Հիշեցնենք, որ Սաթենիկը հինգ հարված էր ստացել կրծքավանդակի եւ ձեռքերի մասում: 5 օր «Էրեբունի» բժշկական կենտրոնում պառկելուց հետո նրա վիճակը երեկ գնահատվել է բավարար, եւ նա դուրս է գրվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը գնաց դեպքի վայր՝ պարզելու կատարվածի մանրամասները: Դպրոցի մոտ ապրող բնակիչները նկարագրեցին, որ միջոցառման ժամանակ՝ տնօրենի ողջույնի խոսքի պահին, իրենք բարձր գոռոց են լսել: «Ես տեսա, թե ինչպես էր տղամարդը կնոջը քաշքշելով հեռու տանում: Հարվածում էր: Մինչեւ ուզում էինք օգնել, չհասցրինք: Տեսանք, որ ոստիկանները վրա հասան ու տղամարդուն մեքենա նստեցրին, տարան: Լավ էր՝ կնոջն էլ շտապօգնության մեքենայով տարան, իսկ պայուսակը գետնի վրա ընկած մնաց»,-նկարագրեց ականատեսներից մեկը: Հավաքված կանայք խոսում էին, որ դանակահարողը թմրամոլ է ու կնոջից բաժանված է եղել. «Ցավալին այն էր, որ այդ ամենը տեղի ունեցավ երեխայի աչքի առաջ»:
Զրուցեցինք նաեւ թիվ 53 դպրոցի հսկիչի հետ, որը մեզ ուղեկցեց դեպքի վայր: «Ախր ա՛յ սիրելիս, դպրոցի բակում միջոցառում էր, բոլոր աշակերտները՝ ծնողների հետ միասին, հավաքված էին: Ասեղ գցեիր, գետնին չէր ընկնի: Դեպքը դպրոցի տարածքից դուրս է տեղի ունեցել: Ես նույնիսկ երեխային չեմ ճանաչում: Միայն լսել եմ, որ ասում են՝ դանակահարողը թմրամոլ է եղել»,-ներկայացրեց պահակը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Սասուն Սաֆարյանը դեռ կալանավորված է: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
ԱՄՈՒՍԻՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ ԿՆՈՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ