Արդեն հայտնել ենք, որ երեկ Արցախում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մեզ տեղեկություններ հասան, որ վիրավորներից մեկի ոտքը հեռացրել են: Armlur.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ անդամահատված զինվորը`Գոռ Դարմանյան, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
Հոսպիտալի պետը նաև տեղեկացրեց, որ Երևան տեղափոխվող զինվորներից Սարգիս Գաբրիելյանի ձեռքն են հեռացրել: Իսկ Երևան տեղափոխվող զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի հրազենային վիրավորում է ստացել: Երկուսի վիճակն էլ ծանր է:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: