Երեկվանից Ավան-Առինջում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, Ավան-Առինջում իրավապահները ժամեր շարունակ օպերատիվ-որոնողական աշխատանքներ էին իրականացնում, ինչի արդյունքում ձերբակալվեց Կարեն Երեմյանը, որ հայտնի է Թիզ մականունով: Լուրեր կան, որ նրա կալանավորումը կապ ունի քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հետախուզվող Գաստիկի հետ:
Որտեղից սկսվեց
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարտի 4-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքում սպանված, քրեական աշխարհում հայտնի Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմ ընկերներ 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի եւ Մեսրոպ Մելիքյանի սպանության բացահայտման համար ինչպես իրավապահները, այնպես էլ հանցաշխարհի ներկայացուցիչները հինականում քննում են, երկրորդ դեպքում հետաքրքրվում, թե Լյովիկն ու ընկերները ում են ծեծել: Իսկ որ Լյովիկն իր ընկերների հետ հաճախ էր խնդիրները ծեծով կարգավորում, դրա մասին շատ է խոսվել:
Հիշեցնենք, որ սպանությունից 5 օր անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակության սպանության գործով երեք անձի՝ Սարգիս Գրիգորյանի՝ Ծգլ, Սարգիս Հախանումյանի` Տլե, Վահան Հակոբյանի՝ Գաստիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջիններս եւս, ըստ տարածված լուրերի, ծեծվել են Լյովիկի ու ընկերների կողմից, խոշտանգվել, նսեմացվել:
Օպերացիայի հետքերով
Երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ավան-Առինջի Տաշքենդի փողոցում բնակիչները նկատել են, թե ինչպես են դիմակավորված անձիք զենքերով մի քանի ժամ շարունակ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնում: Ավելի ուշ մարդիկ նկատել են, թե ինչպես են շենքերից մեկի մուտքից ձեռնաշղթաներով դուրս բերել Ավանում հայտնի Թիզին՝ Կարեն Երեմյանին: Իսկ ավելի ուշ ձերբակալել են եւս երկու հոգու: Ըստ ականատեսների՝ ավելի ուշ իրավապահները առգրավել են Կարեն Երեմյանի ավտոմեքենան: Ի դեպ, Կարեն Երեմյանը Երեւանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է:
Ով Է Կարեն Երեմյանը
Պարզվում է` Կարեն Երեմյանը` Թիզը, Ավան-Առինջում հեղինակություն է: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս մտերիմ հարաբերությունների մեջ է Վահան Հակոբյանի՝ Գաստիկի հետ: Իսկ թե ինչ կապ ունի ՀՀԿ-ական ավագանու անդամի եղբայրը քրեական հեղինակության սպանության հետ, դժվար է ասել, սակայն ինչպես ասում են՝ «ծուխ առանց կրակ չի լինում»: Ավելին՝ գրել էինք, որ այս օրերին քրեական հեղինակությունները փորձում են հասկանալ, թե ովքեր են հարցեր ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ, ում է ծեծի ենթարկել նա: Ասել է թե՝ ում ոտքն է տրորել քրեական հեղինակությունը, ինչի արդյունքում վրեժխնդիր եղան եւ որոշեցին սպանել նրան: Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ Կարեն Երեմյանը Լյովիկի հալածյալներից է, ուստի նրան ձերբակալելով՝ իրապահաները փորձում են դուրս գալ սպանության հետքի վրա:
Ինչով է հայտնի ՀՀԿ-ական ավագանու անդամի եղբայրը
Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Երեմյանը լուրջ խնդիրներ է ունեցել քրեական հեղինակություն նորհաճնեցի Պռատի հետ, ինչն էլ առիթ էր դարձել, որ ավելացնի իր անվտանգության աշխատակիցների քանակը: Ավելի ուշ Կարեն Երեմյանի հարազատները Ավան-Առինջի «Նոր զովք» խանութի դիմաց, որն իրենց սեփականությունն է, 2014թ. օգոստոսի 20-ին Կարենին գտել էին դաժանորեն ծեծված: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր սկսվել:
«Ժողովուրդ»-ին Կարենի ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզեցինք, որ նշված ծեծի գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում Կարենը ճանաչվել էր որպես տուժող: Տեղեկացանք, որ Կարեն Երեմյանին ծեծի էին ենթարկել 4 հոգով: Սակայն ամիսներ անց՝ դեկտեմբերին, Կարեն Երեմյանին ծեծի ենթարկելու գործը ուշագրավ հանգամանքներում կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի հատկանիշներով` հայտնի չի եղել, թե ով պետք է ներգրավվի գործում որպես մեղադրյալ:
Միգուցե Կարեն Երեմյանը չի ճանաչել կամ չի ցանկացել իրավապահներին հայտնել, թե ովքեր եւ ինչի համար կարող էին իրեն ծեծի ենթարկել: Ըստ էության անուններ տալով՝ նա կարող էր հայտնվել ավելի լուրջ խնդրի առաջ, քան ծեծն է: Ու թերեւս այս պատճառով էլ նրան ծեծի ենթարկելուց 6 ամիս անց ձերբակալեցին:
ՀՀԿ-ական ավագանին եղբոր կալանավորման մասին
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանը կարծիք հայտնեց, որ 72 ժամը լրանալուց հետո իր եղբորը ազատ կարձակեն:
-Պարո՛ն Երեմյան, ըստ տեղեկությունների՝ Ձեր եղբայրը կապ ունի քրեական հեղինակությունների սպանության գործով հետախուզվող Վահան Հակոբյանի՝ Գաստիկի հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրան ձերբակալեն:
-Չեմ կարող ասել: Չգիտենք, թե ինչն ինչոց է, մենք էլ ենք ուզում պարզել, թե ինչն ինչոց է: Միայն ասեմ, որ տեղեկություններ էին տարածել, որ ինձ ձերբակալել են, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ նման բան չկա: Ավելին՝ ես մասնակցել եմ ավագանու նիստի:
-Դեռեւս 2014 օգոստոսի 20-ին Ձեր եղբորը ծեծել էին, իսկ ավելի ուշ այդ ծեծի գործը կասեցվեց, քանի որ հայտնի չէին եղել այն մարդիկ, ովքեր ծեծել էին Ձեր եղբորը:
-Չգիտեմ՝ գործ է հարուցվել, թե ոչ: Բայց միաժամանակ չիմացանք, թե ովքեր էին ծեծել: Բայց այս դեպքը ի՞նչ կապ ունի այդ ծեծի հետ:
-Միգուցե կապ ունենա, ի՞նչ գիտեք:
-Չէ, բացարձակ կապ չունի:
-Իսկ ընդհանրապես Ձեր եղբայրը քրեական հեղինակությունների հետ շփվե՞լ է:
-Ինչ իմանամ, միգուցե, կարող է մի տեղ շփված լինի, օրինակ՝ սրճարանում կամ ռեստորանում:
-Ձեր եղբորն է պատկանում «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ՝ «Նոր զովք» սուպերմարկետը: Կարող է՝ բիզնես գործունեության հետ կապ ունի այս ձերբակալումը:
-Բացարձակապես ոչինչ չգիտենք: Կարծում եմ, որ 72 ժամը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունների դադարեցումը բացարձակապես կապ չունի նրա հրապարակած վճիռների հետ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները: Նա այն դատավորն էր, որը համարձակվել էր ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ գնահատել:
Ամեն ինչ սկսվեց 2013թ օգոստոսից, երբ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու պահանջով նստացույց հայտարարած ակտիվիստ Վահագն Մինասյանին ոստիկանները բերման ենթարկեցին: Ավելի ուշ ոստիկանությունը դատարանում պահանջեց Մինասյանից 50.000 դրամ բռնագանձել: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը ոստիկանության գործողությունները ճանաչեց ոչ իրավաչափ, մերժեց բռնագանձման պահանջը եւ ավելին՝ վճռեց հօգուտ Մինասյանի ոստիկաններից բռնագանձել 200.000 դրամ:
Դատավորը նույնաոճ վճիռ էր կայացրել նաեւ ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով՝ դարձյալ 150 հազար դրամ գումար բռնագանձելով ոստիկաններից hօգուտ Սուրեն Սահակյանի:
Արդյո՞ք այս որոշումներն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանը զրկվեց պաշտոնից: «Ժողովուրդ»-ը զրուցեց վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, արդյո՞ք ոստիկանության դեմ հրապարակած որոշումներն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցվեցին:
-Միանշանակ Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, քանի որ նման վճիռներ ոչ միայն Սարգսյանն է կայացրել, այլ նաեւ մի քանի այլ դատավորներ եւս: Նշեմ, որ Ռոբերտ Սարգսյանն ունեցել է նաեւ սրա հակառակ վճիռները: Գործով, ըստ էության, ինչ ունեցել է, այդ վճիռն էլ հրապարակել է: Ռոբերտ Սարգսյանը դիմել է ինձ առողջական խնդիրներով եւ մոտ մեկ ամիս արձակուրդում է գտնվել: Արձակուրդից հետո հիվանդանոցում է պառկել: Իսկ դրանից հետո դիմում գրեց եւ առողջականով ազատվեց: Թե չէ այլ խնդիր չկա:
-Նշեցիք, որ այլ դատավորներ եւս ոստիկանության դեմ որոշումներ են կայացրել: Կասեք, օրինակ, ո՞ր դատարանը կամ դատավորն է ոստիկանության դեմ վճիռ հրապարակել:
-Բոլոր դատարաններն էլ կայացրել են ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես: Կոնկերտ գործը քննել են, որով հիմնավորվել է, որոշում են կայացրել, որով ոչ, մերժվել է:
-Դատավո՞րը Ձեզ դիմեց, որ այլես հիվանդության պատճառով չի կարող աշխատել, թե՞ բացակայությունները պատճառ դարձան, որ նրան «ազատեն» աշխատանքից:
-Ինքը դիմել էր արձակուրդի համար, որ առողջականը լավ չէ: Նույնիսկ ինձ դիմել էր, որ նախորդ տարիներից կուտակված արձակուրդները եւս հաշվի առնենք, եւ երկար արձակուրդ տրվի իրեն: Ներվային հողի վրա խնդիրներ ուներ: Ավելին՝ նրա որդին մեզ մոտ օգնական է աշխատում: Վստահեցնում եմ, որ ո՛չ Ռոբերտ Սարգսյանի եւ ո՛չ էլ նրա հարազատների հետ որեւէ խնդիր չկա:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆ ԹԵ «ՃԱՅԹՅՈՒՆ»
Երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Ոսկու շուկայի» մոտ կայանած ավտոմեքենաներից մեկը պայթել էր: Ոսկու շուկայի շենքի մուտքի 1-ին եւ 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են: Ըստ նախնական վարկածի՝ պայթել էր մեքենայի գազաբալոնը:
Armlur.am-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ մեքենան միտումնավոր կերպով փորձել են պայթեցնել: Պարզեցինք, որ վնասված մեքենան պատկանում է Ոսկու շուկայի աշխատակից Դավիթին, որն առավել հայտնի է Տըլ մականվամբ: Վերջինս ոսկու շուկայում զբաղվում է ոսկու ձուլակտորների առքուվաճառքով:
Armlur.am-ի հետ զրույցում «Ոսկու աշխարհ» («Վաղարշ եւ որդիներ» կոնցեռն ՍՊԸ) տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հորդորեց նման բաների վրա ուշադրություն չդարձնել` ասելով, թե տեղի ունեցածը փոքրիկ ճայթյուն է եղել:
«Դե հիմա, մի փուչիկ էր, պայթեց, ես ի՞նչ, գնամ, հարցնեմ, ո՞ւմ հարցնեմ: Հազար աշխատող ունեմ, ո՞ր մեկին հարցնեմ` քոնն է, թե քոնը չէ: Երեւի էրեխեքը բան-ման են գցել մեքենայի տակը, ու պայթել է: Ես ի՞նչ անեմ»,-նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ կատարվածից ժամեր հետո է Երեւան վերադարձել եւ չի պատրաստվում մեծ տեղ տալ կատարվածին: Վաղարշ Աբրահամյանը նաեւ համոզված է` եթե անգամ տուժողը իր աշխատողներից է, կատարվածը մեծ բան չէ: