ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների եւ Ախթալայի ԼՀԿ-ի միջեւ հակամարտությունը շարունակվում է: Մեծ Այրում համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած պատմեցին, որ արդեն տասն օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ի տեխնիկան քանդում է իրենց գյուղի արոտավայրը:
«Ժողովուրդ»-ին ահազանգած Մեծ Այրումի բնակիչների պատմելով՝ նշված ընկերությունը գյուղի արոտավայր համարվող բլրից մեծ քանակությամբ հող է տարհանում: Թե ինչ նպատակով է դա արվում, ընկերությունից ոչ ոք բնակիչներին չի տեղեկացրել եւ չի զգուշացրել: Մեծ Այրումի բնակիչները նշեցին, որ սկզբում խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, թե «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն այդ հողը տարհանում է գործող Նահատակ պոչամբարի ինչ-որ հատված՝ ռեկուլտիվացնելու համար, հետո խոսվեց, թե այդ հողով պետք է Ճոճկան համայնքի ջրատարի խողովակները վեր բարձրացնեն եւ ներհամայնքային ճանապարհները հարթեցնեն:
Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ քանդվող արոտավայրը անմիջապես կպած է համայնքին: Դուլգարյանի համոզմամբ՝ տեղի ունեցածի համար մեղավոր են տեղական իշխանությունները: «Ես եւ գյուղի բնակիչները ավելի քան տասն օր է, ինչ բարձրաձայնում ենք քանդվող բլուրի մասին: Սա տեղական իշխանությունների մեղքով է, որ նման բաներ են կատարվում՝ առանց համապատասխան թույլտվության: Բնակիչները տեղյակ չէին, որ ընկերությունը պետք է քանդի եւ հող վերցնի»,- նշեց Դուլգարյանը: Նրա պնդմամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն լանդշաֆտի փոփոխություն է իրականացնում՝ առանց տեղացիներին գոնե զգուշացնելու: Դուլգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ Ճոճկանի ջրատար խողովակները բարձրացնելու համար ընկերությունը կարող էր գնալ եւ Ճոճկան համայնքից հող վերցնել. «Չէ որ այդ ջրատարից հիմնականում Ճոճկանի բնակիչներն են օգտվում: Բայց սարսափելին այն է, որ Ախթալայի ԼՀԿ-ն ընտրել է այնպիսի վայր, որը կոմբինատին մոտ է եւ ծախսատար չէ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Մինչդեռ Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ բնակիչները տեղեկացված են եղել եւ համաձայնվել են: «Ոչ մի բլուր չի քանդվում: Գյուղի արոտավայրը չի քանդվում: Այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, եւ հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայանող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով: Նշեմ, որ Ճոճկան գնացող ջրատարն անցնում է ներկայիս Նահատակ կոչվող պոչամբարի սահմանով, որն էլ վերջին տարիներին այդ պոչամբարի վերաշահագործման ընթացքում գրեթե հայտնվել է պոչհանքերի մեջ, եւ որպեսզի այդ ջրատարը կարողանան մարդիկ շահագործել, հողով պետք է լիցք արվի եւ այն բարձրացվի ներկայիս մակարդակից: Շուտով ոռոգման շրջանն է, եւ մարդիկ պետք է օգտվեն այդ ջրատարից»,-նշեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը Ս. Նազարյանից հետաքրքրվեց՝ Ախթալայի ԼՀԿ-ն համայնքապետարանից համապատասխան թույլտվություն ստացե՞լ է՝ նման գործողություն կատարելու համար, ինչին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Դե, եթե մեր գյուղի գերեզմանոց գնալու համար ճանապարհը պետք է լայնացվի, ապա դրա համար ինչ թույլտվություն է պետք, չեմ պատկերացնում: Դա ընդհանուր գյուղի համար է»,- արդարացավ գյուղապետը:
Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակից Գագիկ Շահնազարյանը նույնպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ընկերությունն ինչ անում է, գյուղի համար է անում: Նրա խոսքով՝ հողը տարհանվել է Ճոճկան գնացող ջրատարի խողովակները բարձրացնելու եւ այն սպասարկելի դարձնելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ Նահատակ կոչվող պոչամբարը ռեկուլտիվացնելու նպատակով նույնպես պետք է այդտեղից հող տարհանվի: «Մենք բլուր չենք քանդում: Ընդամենն այդտեղից հող ենք վերցրել, որպեսզի Այրում համայնքի ճանապարհներն էլ վերանորոգենք: Հող ենք լցնում, որ այս եղանակներին ցեխ չլինի»,- լրացրեց Շահնազարյանը:
Ինչպես հայտնի է՝ պոչամբարները մասնագետների կողմից կառուցվում են համապատասխան նախագծով: Այդ նախագծերում, որպես կանոն, հաշվարկվում են թույլատրելի պոչերի լցվելու չափաքանակներն ու սահմանները: Եւ սահմաններին հասնելուց հետո այդ պոչամբարները ենթարկվում են ռեկուլտիվացման:
Սակայն հայտնի է նաեւ, որ եղել են լքված պոչամբարներ, որոնք համապատասխան նախագծերով վերաշահագործվել են: Այս դեպքում նշված Նահատակ պոչամբարը վերաշահագործվել է խորհրդային տարիներից հետո: Ճոճկան գնացող խողովակը անցնում է հենց այս պոչամբարի սահմանով, եւ վերջինիս վերաշահագործման հետեւանքով ջրատարի խողովակները գրեթե մնացել են պոչամբարի տակ:
Արդյունքում՝ Ախթալա ԼՀԿ-ն ունենալով ներկայումս պոչամբարի խնդիր՝ այս կերպ ցանկանում է բարձրացնել ջրատարի խողովակատարը՝ այդպես երկարացնելով նաեւ Նահատակ պոչամբարի շահագործման կյանքի տեւողությունը:
Եւ եթե դա չէ պատճառը, ապա ինչու էր ընկերությանը պետք արդեն իսկ կառուցված խողովակաշարի ձեւափոխությունը, չէ որ այն ծառայում էր այսքան տարի: Արդյոք կարելի է այդքան լցնել եւ բարձրացնել այդ պոչամբարը. ի վերջո, այդքան ծանրությանը, հնարավոր է, պոչամբարի պատվարը չդիմանա:
Նշենք, որ այս թեմայի շուրջ Մեծ Այրումի բնակիչներն ու Ախթալայի ԼՀԿ-ի տնօրինությունը մշտապես պայքարի մեջ են: Սակայն այս ընթացքում Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչությունը մատը մատին չի խփում՝ իրավիճակը կարգավորելու եւ նման երեւույթները կանխելու համար: Հենց այս խնդրի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Արտակ Դեմիրճյանի հետ, ով ուշագրավ հայտարարություն արեց. «Այդ խնդրին մենք ծանոթացել ենք, այն դեռ ուսումնասիրության փուլում է եւ մի երկու օրից կհստակեցվի: Երկու օրից զանգեք, մենք սպառիչ պատասխան կունենանք: Բացի այս՝ Ախթալայի ԼՀԿ-ն ունի այնտեղ մոտ 470 հա լեռնահատկացման գոտի: Այնտեղ ընկերությունը կարող է իր ցանկությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ: Եւ մենք դա պետք է նայենք, տեսնենք՝ իրեն պատկանող գոտո՞ւմ է, թե՞ ոչ»:
Նկատենք, որ տասն օրից ավել է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ն քանդում է Մեծ Այրումի արոտավայրը, որտեղ տեղացիներն ամեն տարի արածեցնում են իրենց անասուններին: Իսկ մարզպետարանի համապատասխան պաշտոնյան դեռ նոր պետք է ուսումնասիրի՝ տվյալ տարածքը գտնվո՞ւմ է Ախթալայի ԼՀԿ-ի իրավասության տակ, թե՞ ոչ:
ՀՐԱԶԴԱՆԻ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՎԻ
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի ցեմենտի գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ նորից կսկսի գործարանը բնականոն աշխատել, անհայտ է: Ի դեպ, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսից գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չէին ստացել: Եւ գործարանի տնօրինությունն այս խնդիրը կարգավորելու համար աշխատավարձերի կեսը ցեմենտի տեսքով էր տվել, որն էլ մարդիկ մեծ դժվարությամբ են կարողացել իրացնել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, ե՞րբ կվերագործարկվի գործարանը:
-Երբ ցեմենտը վաճառվի: Այս պահին դեռ արտադրանք ունենք, որը չի վաճառվել: Այն վաճառելուց հետո կմտածենք գործարանը շահագործելու մասին: Հիմա չենք կարող: Դեռ ցեմենտ ունենք:
-Գործարանի շահագործելն ի՞նչ կապ ունի չվաճառված արտադրանքի հետ:
-Ազատ տեղ պետք է լինի, որ արտադրեմ ու լցնեմ, իսկ հիմա այդ տարածքը զբաղված է: Իմաստ չունի հիմա գործարան աշխատեցնել: Մինչեւ այդ պահեստները չդատարկվեն, չեմ կարող արտադրել: Որտե՞ղ լցնեմ: Տեղ չկա: Հիմա վաճառքի ծավալներն այդքան էլ մեծ չեն: Սեզոնի հետ է կապված: Հայաստանում շինարարությունը սեզոնային է: Բացի այս՝ ՀՀ-ում շինարարության ծավալներն էլ են նվազել: Դրա համար էլ ցեմենտը դանդաղ է վաճառվում: Պահանջարկ չկա:
-Եթե չկարողանաք իրացնել, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
-Հույս ունենք, որ կվաճառվի: Ճիշտ է՝ մի քիչ կձգձգվի, բայց ամեն դեպքում կվաճառվի: Առայժմ եղանակային պայմաններն էլ են նպաստում դրան: Ինձ թվում է՝ ապրիլին կակտիվանա ցեմենտի առեւտուրը:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին: Ի՞նչ ծրագրեր կան այդ առումով. հնարավո՞ր է, ի վերջո, վաճառեք այն:
-Ես նման տեղեկություններ չունեմ:
-Իսկ աշխատավարձերը, որոնք ուշացնում էիք, այս պահին նման խնդիրներ կա՞ն:
-Այս պահին մենք աշխատավարձի պարտք չունենք: Փետրվարը նոր է ավարտվել, իսկ մարտն էլ դեռ հաշվարկներ չենք արել: Պարտքեր չունենք:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի դեպքին, եւ թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Լեւոն Զուրաբյանը Գ. Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն եւ ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու եւ կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, այս մասին Գեւորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից:
Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարել էր, թե վերջինս ստախոս է եւ միշտ աչքի է ընկել վատ վարքագծով: Թեման իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւս ծանոթ է: Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրեց այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Նրա խոսքով` Գ. Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո հայտնվել է բանտում, այնտեղից դուրս գալուց հետո նրան հետաքրքրել է այդ նույն հարցը` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ, թե՞ ոչ: «Դրանից հետո Գեւորգը դիմեց ինձ այդ հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչո՞ւ չեն տրամադրում այդ ստացականը Գեւորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն, տրամադրեն նրան»,-նշել է Վ. Գասպարին եւ հավելել, որ իրենից բացի՝ նաեւ այլ մարդկանց է Գեւորգը դիմել, ովքեր եւս դիմել են ՀԱԿ անդամ Ա. Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»:
«Այն, որ գնահատական են տվել, թե Գեւորգը ստախոս է ու անբարոյական, ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունն է: Ես մինչեւ հիմա այդ մասին չեմ բարձրաձայնել, որովհետեւ հենց այդ քաղբանտարկյալների ցուցակում եղել են քրեական անցյալ ու քրեական ներկա ունեցող անձինք, «զոն նայողի» թափթփուկներն էին: Դրանց ՀԱԿ-ը որեւէ թթու բան չի ասել, որեւէ գնահատական չի տվել այդ մասին: Իսկ հիմա նրա համար անբարոյական են այն մարդիկ, ովքեր իրենց բողոքը բարձրաձայնում են, մատնացույց են անում իրենց ոտնահարված իրավունքը, որը տեղի է ունեցել ՀԱԿ-ում: Այ, դրանք են անբարոյական»,-մանրամասնել է Վարդգես Գասպարին: Նա հավելեց, որ Հայաստանում բոլորը նույն բանն են ասում. «Գնում ես իշխանության մոտ, ասում է` ինձնից ոչինչ մի ուզի: Նույն վերաբերմունքն ունի նաեւ ընդդիմությունը: Նա էլ ասում է` իմ ձեռքն ինչ կա, որ ինձնից ես ուզում, գնա, օրինակ, դատախազից ուզի: Բայց չէ որ ես իմ վստահության քվեն եմ տվել քեզ: Սա ընդդիմության արատն է, կարծես իշխանության պատճեն լինի»,-ասաց Գասպարին եւ ավելացրեց, որ Գ. Մանուկյանի պահանջն արդար է, եւ վերջինս շատ ճիշտ տեղ է պահանջներ ներկայացնում:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ