ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ` «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ ընտրություններում լուրջ պայքար է սպասվում Շիրակի մարզի Ազատան գյուղում,  որտեղ մրցում են ներկա ու նախորդ գյուղապետերը` երկուսն էլ ՀՀԿ-ից: Ավելի շուտ գործող գյուղապետ Վարդան Իկիլիկյանն է հիմա ՀՀԿ-ից, իսկ նախկին գյուղապետը, երբ համայնքում ժողով արեցին ու հայտարարեցին, որ կուսակցությունն իրեն չի սատարելու, դուրս եկավ հանրապետականների շարքերից ու առաջադրվեց որպես անկուսակցական թեկնածու: Նրանց հետ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էր նաեւ անկուսակցական, գյուղի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող «Ազատան» ՀԿ նախագահ Հովհաննես Պապոյանը, որը, սակայն ինքնաբացարկ հայտնեց ու հիմա սատարում է նախկին գյուղապետ Կարապետ Ազատյանին ու նրա շտաբի պետն է: Այս քայլին նա գնացել է այն բանից հետո, երբ ՀՀԿ հովանավորչությունը վայելող ներկա գյուղապետը սկսել է «նեղություն» տալ իրեն:
«Ինձ նեղություն էր տալիս, իմ կազմակերպությունը փակել էր տալիս, ես էլ բացարկ տվի, հմի կպաշտպանեմ նախկին գյուղապետին»,-վստահեցնում է Պապոյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նաեւ նշեց, որ գործող գյուղապետը թույլ է տալիս պաշտոնական դիրքի չարաշահում, չի հարգում օրենքը: «Ո՛չ շտաբ ունի, ո՛չ գրասենյակ, սաղ գյուղապետարանն է, ըդպես օրենք ուրդի՞ց եք տեսել: Հանել է գյուղի կենտրոնը` մշակույթի տան վրա, հայտարարություն է խփել` պարարտանյութ ու սալյարկա բդի բաժնեն, կըսեն արե՛ք պասպրտով հերթագրվելու, ըդիկ ի՞նչ կնշանակե, էս սեզոնին ի՞նչ պարարտանյութ, ո՞վ չի հասկնա՝ ինչ կուզեն էնեն»,-դժգոհեց Հովհաննես Պապոյանը:
Իսկ գործող գյուղապետը հայտարարում է, որ ինքը հաղթելու է` որքան էլ «մրոտեն ու շառով տան», ժողովուրդն իրեն է ձայն տալու. «Հա վրես գրին, ԿԸՀ դիմեցին, ինչ ասես՝ արին, կըսեն պարարտանյութի համար կհերթագրեն, ա՛յ մարդ, ՀՀ կառավարության, գյուղատնտեսության նախարարության ծրագիրն է ըդիկ, աշնանացանը կսկսվի, մարդկանց դիզվառելիք է պետք, պարարտանյութ, չտա՞նք, ընտրություն է` մարդիկ չօգտվե՞ն էդ ծրագրից…»:
Թեկնածուների միջեւ անախորժություն է առաջացել նաեւ այն պատճառով, որ նրանցից մեկի մտերիմները «Օդնոկլասսնիկի» կայքում հարցում են գցել ու «գեղովի քվեարկել են», բայց էլի թեկնածուները դժգոհ են մնացել, քանի որ այստեղ էլ ձայներ են կեղծվել: Հովհաննես Պապոյանը դիմել է 35 ԸԸՀ՝ բողոքելով, որ իր՝ ոչ պատշաճ հագուստով նկարն են գցել սոցիալական ցանց, ուստի պահանջել է փոխել նկարը կամ այն հանել ցանցից: Դժգոհության հիման վրա վարույթ է հարուցվել, եւ նրա պահանջը բավարարվել է:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս