ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քնած մարդուն սպանելը մեկ մարդու մահ չէ, դա հավասարազոր է այդ պահին քնած ողջ մարդկության մահվանը, քանզի նրանք բոլորն առանձին-առանձին մեկ բան կարող են մտածել. այդ մեկ մարդն իրենցից յուրաքանչյուրը կարող էր լինել: Կատարվածն այնքան արտառոց էր, որ ցնցեց հողագնդի վրա ապրող տարբեր ազգերի, ցեղերի, կրոնների միլիոնավոր մարդկանց՝ անկախ Գուրգեն Մարգարյանի ազգությունից: Երեւույթն ինքը մարդկային բանականության մեջ չտեղավորվող արտառոց դիպված էր: Եղածը եղավ, ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ միակ սփոփանքը մնաց այն, որ Հունգարիայի արդարադատությունը ճիշտ վճիռ կայացրեց՝ այդ ստահակին դատապարտելով ցմահ ազատազրկման: Կատարվածի համար Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրամանագրով մարդասպան ստահակը հռչակվեց Ադրբեջանի ազգային հերոս, որը երկրորդ կեղտոտ հարվածն էր համայն մարդկությանը:
Հայի վերջին միտքը միշտ ճիշտ եւ ուշացած է լինում, քանզի հարյուրամյակներ շարունակ ծանոթ լինելով թուրքի տեսակին՝ դիվանագիտական մոտեցումը պետք է որ հուշեր, որ Ադրբեջանի նախագահը, ոչնչի առջեւ կանգ չառնելով, կգնար հրեշավոր քայլին՝ ամեն գնով փորձելով ստահակին տեղափոխել Ադրբեջան, ինչը եւ արեց: Այդ քայլի համար Ադրբեջանը ծախսեց մոտ 3 միլիարդ դոլար, եւ մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ, որ դա ոչ թե մեկ մարդու համար կատարած ծախս էր, այլ ադրբեջանական քաղաքականությունը եւս մեկ անգամ հաստատող ծախս: Թե ինչ կարող էին անել Հայաստանի իշխանությունները մարդասպանի արտահանձնումը կանխարգելելու համար, դժվար է ասել, սակայն մեր համապատասխան ծառայությունների ճշգրիտ եւ զգոն աշխատանքի դեպքում միգուցե հնարավոր էր ինչ-ինչ հակընդդեմ քայլեր անել: Չնայած այդ դեպքում էլ արդյունքը կարող էր մոտավորապես նույնը լինել:
Այդ քայլը Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների կողմից նետված մարտահրավեր է ոչ միայն ողջ հայությանը, այլեւ ամբողջ աշխարհի մարդկությանը: Սերժ Սարգսյանի մոտեցումը նետված մարտահրավերին այնքան էլ միանշանակ չէ, քանզի նման վճիռը՝ խզել դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ, նշանակում է խզել կապերը նաեւ հունգար ժողովրդի հետ: Եւ դա այն դեպքում, երբ այդ որոշումը ընդունել է այդ երկրի իշխանությունը՝ առանց իր ժողովրդի կամքը հաշվի առնելու: Այս հարցում երեւի թե ավելի ճիշտ կլիներ հիմնավորված բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ին՝ հենվելով այն իրողության վրա, որ այդ զորավարժությունները կազմակերպված էին իր կողմից՝ անկախ այն բանից, թե որ երկրում էին դրանք անցկացվում, ուստի կատարվածի համար այդ կազմակերպությունն է համարվում թիվ մեկ պատասխանատուն: Ու եթե ՆԱՏՕ-ն կտրուկ քայլեր չձեռնարկի եւ չփորձի ինտերպոլի միջոցով Հունգարիա վերադարձնել հանցագործին, ապա դրանով, փաստորեն, կխրախուսի նմանատիպ ցանկացած վայրագություն: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե այս հարցով ինչպիսի զարգացումներ կլինեն, եւ մեր իշխանություններն ինչպես կարձագանքեն դրանց:
Ակամայից հիշեցի հայտնի ասացվածքը. «Չկա չարիք առանց բարիքի»: Իհարկե, ոչ մի պարագայում չարժե շահարկել Գուրգեն Մարգարյանի արյունը, սակայն կատարվել է պետական նշանակության քայլ, որին պետք է հետեւի ճիշտ շարունակություն: Լայնախոհ մտածելու դեպքում ինչ-որ դրական բան, այնուամենայնիվ, պետք է փնտրել: Վերջին դեպքը միլիոնավոր մարդկանց ցնցել է այն պատճառով, որ բացահայտ կերպով խախտվել է արդարությունը, որը, բնականաբար, առավել ծանր են տանում հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանությունը: Ասվածը պարզորոշ հուշում է, որ հայ ժողովուրդը ծարավ է արդարության, եւ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի մոռանալ այս դեպքը եւ գոնե այսուհետ պետք է մշտապես վիրավորանք ապրի, եթե մեր երկրում մենք ոտնահարենք արդարությունը: Էլ չասած, որ Ադրբեջանը, բերանը բաց, սպասելու է Հայաստանում արդարության ոտնահարման թեկուզ մեկ դեպքի, որպեսզի աշխարհով մեկ թմբկահարի, թե Հայաստանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիների դեպքում շարունակաբար ոտնահարում են արդարությունը, իսկ մեր քայլը դարձնում մատի փաթաթան:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ




Լրահոս