ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ի
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Ողջունելով հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը Հայաստան՝ Սերժ Սարգսյանը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը եւ բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Իր հերթին Հանը նշել է, որ մեծապես գնահատում է Հայաստանի եւ եվրոպական գործընկերների միջեւ ընթացող երկխոսությունն ու համագործակցությունը:
ՀԱՐՑ. Մեր ընտանիքին զրկել են նպաստից՝ պատճառաբանելով, որ ընտանիքի 4 երեխաներից 3-ը չափահաս են: Ընտանիքում հաշմանդամ կա եւ եւս մեկ անչափահաս երեխա: Խնդրում եմ պարզաբանել՝ միայն նպաստը կրճատելով չէ, որ խնդիրը պետք է կարգավորվեր: Ո՞րն է նպաստից ընտանիքին զրկելու պատճառը:
Տաթեւ Հունանյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 15.01.2015թ.-ի N 19-Ն որոշմամբ` 2015 թ. ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00-ը:
2014 թ. գործող կարգի համաձայն` ընտանիքի «բացակա» կամ որեւէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում էր 18 միավոր, իսկ 30.01.2015 թ. «ՀՀ Կառավարության 2014 թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N 70-Ն որոշմամբ նշված դրույթում կատարվել է փոփոխություն. ընտանիքի «բացակա» կամ որեւէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում է 17 միավոր: Նշված փոփոխության արդյունքում հնարավոր է որոշ ընտանիքների (եթե ընտանիքի անապահովության միավորը մոտ է սահմանային միավորին եւ ընտանիքում առկա են որեւէ սոցիալական խումբ չունեցող կամ «բացակա» անդամներ) անապահովության միավորի` սահմանայինից նվազում:
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային մարմին՝ եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար, որի իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն` անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով` 3 ամիս ժամկետով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կատարված օրենսդրական փոփոխություններով սոցիալապես ծանր իրավիճակում հայտնված քաղաքացիներից շատերը զրկվել են նպաստից: ՀՀ Կառավարությունն ու ԱԺ պատգամավորները նշում էին՝ այսուհետ ՀՀ սոցիալական քաղաքականությունը լինելու է ոչ թե «ձուկ տալու, այլ կարթ տրամադրելու» հայեցակարգով: Ինչպես միշտ, օրենքը թղթին հանձնելուց եւ քաղաքացիներին «ձկից» զրկելուց հետո հարգարժան իշխանավորները մոռացան «կարթ տրամադրելու» խոստումների մասին:
ՀԱՐՑ. Եթե վարկառուն վարկ է վերցրել գրավատնից ոսկու գրավադրմամբ, պարտավորությունները չկատարելու պատճառով կուտակվել են տոկոսներ եւ տույժեր, իսկ վարկառուի ընդհանուր պարտավորությունների ծավալն այժմ ավելի մեծ է, քան գրավադրված ոսկու շուկայական արժեքը, այդ դեպքում իրավունք ունի՞ գրավատունը չվաճառել գրավադրված ոսկին եւ վարկառուի կողմից պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պահանջով դիմել դատարան: Ինչպիսի՞ն կարող է լինել դատարան դիմելու արդյունքը:
Գեւորգ Պետրոսյան (32 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդ. 7-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար: 887-րդ հոդ. 1-ին մասի համաձայն՝ վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը եւ տոկոսներ վճարել դրանից: Վերոնշյալից բխում է, որ վարկառուի հիմնական պարտավորությունը հանդիսանում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վերադարձնել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաեւ տոկոսներ վճարել դրա օգտագործման դիմաց: Վարկառուի նշված պարտավորությանը համապատասխանում է վարկատուի իրավունքը պահանջել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաեւ դրանց օգտագործման համար նախատեսված տոկոսագումարները: Իսկ գրավի առարկան իրացնելը վարկատուի (գրավատան) իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային պարտավորությունների տակ մտնելուց առաջ պետք է մանրամասն հաշվարկել հնարավորությունները` հետագայում անելանելի վիճակում չհայտնվելու համար: