ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸԴՔԱՆ ՏՂԱ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուների ձանձրալի ու միապաղաղ քարոզարշավը հետաքրքիր է դարձել Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության աշխատակից եւ Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանի ինտրիգային հայտարարություններով:
Նախ Հ. Սիմոնյանին եւ գյումրեցի դաշնակցական մյուս գործիչներին զայրացրել էր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի այն հայտարարությունը, թե «Հովսեփը հաղթելու շանսեր չունի»` ակնարկելով, որ ինքը թողել կամ համաձայնել է, որ իր ենթական առաջադրվի Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ նկատի ունենալով, որ նա լուրջ մրցակից չէ Սամվել Բալասանյանի համար: Ըստ թեկնածուի` Գիզիրյանը նման հայտարարություն անելու իրավունք պարզապես չունի: Գյումրեցի դաշնակցականները խիստ զայրացած են: Նրանք համարում են, որ սա պարզապես նշանակում է, որ Գիզիրյանը թույլ է տալիս դիրքի չարաշահում եւ  հակաքարոզ է անում: «Հերիք չէ՝ ամբողջ մարզպետարանը գաղութ է շինել, ենթականերին ու վարչության պետերին՝ կալանավոր, բա հիմա ո՞նց Հովսեփն առաջադրվի, բա կալանավորն իրավունք ունի՞ առանց կլյուչնիկին հարցնելու քայլերի դիմել»,-ասաց Սիմոնյանի մտերիմներից մեկը, որը դարձյալ աշխատում է Շիրակի մարզպետարանում: Ըստ նրա՝ Գիզիրյանին ակնհայտորեն դուր չի եկել Սիմոնյանի առաջադրվելու հանգամանքը, դրա համար նման հայտարարություններ է արել:
Այնուհետ մի քանի օր շարունակ «փոխհրաձգություններ» էին ընթանում դաշնակցության թեկնածուի եւ ՀՀԿ-ԲՀԿ նախընտրելի թեկնածու Ս. Բալասանյանի միջեւ այն բանից հետո, երբ Հ. Սիմոնյանը տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով Բալասանյանին հրավիրեց բանավեճի` ասելով, որ Բալասանյանն իր հետ խոսել կամ դեմ առ դեմ բանավիճել չի համարձակվի: Սրան պատասխանեց Բալասանյանի շտաբի պետ եւ փեսա Ռուբիկ Սանոյանը` Հովսեփ Սիմոնյանին անվանելով Սիմոն ու խորհուրդ տալով, որ հրապարակ չկանչի թեկնածուներին, այլ գնա իր հայրական գյուղ եւ այնտեղ աշխատի: Բալասանյանը եւս ՀՀ նախագահի այցելության օրը Գյումրիում, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու չի գնում բանավիճելու, ասաց. «Սիմոն Հովսեփյանը վո՞վ է, ըլը կեցե՛ք, ես ըդպես թեկնածու չեմ ճանաչե…»:
Հիմա արդեն Սիմոնյանը հայտարարում է. «Ինքն ըդքան տղա է, թող ըսե՝ որ կուսակցությունից է, ճակտի գիրը փոխվավ, բայց հեչ մարդ չի կրնա ըսե՝ ըդիկ իրա վերջին կուսակցությունը կեղնի, թե ոչ»: Ըստ դաշնակցականների` ոչ մի բան չի փոխվելու Գյումրիում, եթե Բալասանյանն ընտրվի. «Ինքն ըդքան տղա չկա, օր քաղքի մեջը ֆռֆռա, ինքն ըդքան տղա չկա, որ կառավարությանն իրա օրենքն ընտրել տա: Տո հլը խուժաններն ու խուլիգանները պտի ֆռֆռան, ինքը պտի դուտլյար էղնի, մե հատմ ֆիգուր, տո չի էլ կրնա խոսա, ըդքան տղա է, թող գա խոսանք, ինչղ կուզե, որ մամենտով գուզե` տղավարի, եթերով, դեմ առ դեմ»:
Իսկ Հ. Սիմոնյանը վերահաստատում է իր պահանջը. «Եթե չիդե, չի իմացել, մեկմ էլ կըսեմ, թող գա դեբադի, սաղ քաղաքակիրթ աշխարհը ըդոր կերթա, թող գա, որ հեռուստաընկերության եթերով գուզե, վճարում եմ ես, քանի որ հայտարարագրերից ելնելով՝ ես ամենահարուստ թեկնածուն եմ»:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս