Քանդակագործ ՀԱՅԿ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ հետ զրույցում պարզեցինք, որ նա քանդակներ է անում նաեւ մեծահարուստների համար, սակայն երբեք իր սկզբունքներին դեմ չի գնում:
-Իսկ պատահո՞ւմ է, որ մի մեծահարուստ խնդրի իր տան համար որեւէ բան քանդակել:
-Իհարկե, վերջերս էլ այդպիսի մի մեծահարուստի գործ եղավ: Այնպես չէ, որ մեծահարուստը կանգնում ու ասում է` չէ՛, այսպես կանես, թե չէ, կոպիտ ասած, փողդ չեմ տա: Էդպես չէ: Կան, որ շատ լավ հասկանում են արվեստից: Վերջերս 5 գործ արեցի՝ այն ամենը, ինչ ես ուզում էի, տարբեր նյութերով, տարբեր ոճերի մեջ: Ինձ ուղղակի ասացին՝ տեսնելով քո աշխատանքները՝ ուզում եմ, որ մի քանի գործ դու անես: Այսինքն՝ ինձ բոլորովին ազատ ստեղծագործելու հնարավորություն էր տրվել: Դե այս դեպքը մի քիչ արտառոց էր մեր իրականության մեջ:
Պատահում է նաեւ, որ շատ բծախնդիր են լինում, ուզում են իրենց կամքը թելադրել: Դա էլ արդեն ստեղծագործողից է կախված: Արվեստագետի գործը, բնականաբար, իր եկամտի աղբյուրն է, ու հնարավոր է, եթե այդ պահին այլ գործ չունի, գումարի համար համաձայնի, բայց ես այդպես չեմ անում: Ես կփորձեմ անել այն, ինչը հոգեհարազատ է ինձ: Եթե այդպես չլինի, ֆիզիկապես չեմ կարող, գործի կեսից կարող է հրաժարվեմ: Վստահ եմ՝ հայրս էլ է այդպես արել:
Ինձ դեմ գնալով՝ արվեստս չեմ վաճառի: Ինքս ինձ չեմ ների, ստացվում է, որ ես ինձ խաբեմ, բայց ինչի՞ համար: Այն, ինչ ես ստեղծում եմ, նորմալ ընկալվում ու գնահատվում է, դրա կարիքն էլ անգամ չկա, որ ես ստիպված ինչ-որ քայլերի գնամ: Հուսամ՝ հետագայում էլ չի լինի:
-Ի՞նչ է հարկավոր արվեստագետին իսկական արվեստի գործ ստեղծելու համար:
-Ամեն ինչ էլ հարկավոր է: Մուսան պետք է լինի, առանց դրա չի կարող, բայց այդ մուսան էլ գալիս է խոսքից, երեւույթից, իրավիճակից… Ստեղծագործող մարդը միշտ մտածում է, նոր մտքեր ու գաղափարներ շատ ունի, երեւակայությանը կանգառ չկա: Չես սպասում, որ մեկը քեզ կողքից որեւէ բան ասի, անընդհատ աշխատում ես:
Օրինակ՝ եթե դրսում մի գեղեցիկ աղջիկ տեսնեմ, որի հագուստը քամին շարժում է, այդ դինամիկան կարող է դառնալ արվեստի լուրջ գործ: Ոգեւորվեմ ու գնամ աշխատեմ, արդյունքը լինի որեւէ ստեղծագործություն:
-Ամենից շատ ո՞ր նյութով եք սիրում աշխատել
-Իհարկե մարմարով: Մարմարի մեջ ես կարողանում եմ տեսնել այն, ինչ երազում կամ պատկերացնում եմ: Շատ սիրում եմ նաեւ փայտը, վերջերս փայտով շատ եմ աշխատում: Բրոնզի հետ աշխատելն էլ այլ հաճույք է, բայց մարմարն ուրիշ է, այդ քարի մեջ մի այլ խորհուրդ կա: Հայրս էլ շատ սիրում է մարմարը, երեւի դա ժառանգաբար է (ծիծաղում է-խմբ.):
-Եղե՞լ են դեպքեր, երբ որեւէ քանդակ ստեղծելուց հետո շատ մեծ դժվարությամբ եք հրաժարվել, այսինքն՝ ցանկություն է եղել այդ աշխատանքը Ձեզ պահել:
-Վա՜յ, իհարկե, մանավանդ այն մեծ գործերը, որ ես իրականացնում եմ աշխարհի տարբեր երկրներում: 2007թ. Անկարայում շատ գեղեցիկ ձիարձան արեցի ու այնքան ցավով եմ թողել եկել՝ մտածելով` մի՞թե մեր երկրում չեմ ունենալու այդ գործը: Մարմարից մի հրաշք քանդակ էր: Անընդհատ կարոտում եմ, ուզում եմ գնամ տեսնեմ:
-Ժամանակ առ ժամանակ Ձեր ստեղծագործություններին այցի գնո՞ւմ եք:
-Պատահում է: Ֆրանսիայի Կրաս քաղաքում էլի մի գործ էի արել ու անդընդհատ մտածում եմ՝ երբ եմ գնալու, նորից տեսնելու:
-Մեր քաղաքում կա՞ն Ձեր աշխատանքներից:
-Կան: Բայց շատ չեն: 2004թ. Նանսենի անվան այգում տեղադրվեց տուֆից քանդակ` Բայրոնը հայ հոգեւորականի հետ, վերջերս էլ՝ Լուսինե Զաքարյանի հուշաքարը: Հետաքրքիր նախաձեռնություն կա Էջմիածնում, պետք է տեղադրվի նկարիչ Եղիշե Թադեւոսյանի պորտրետը: Իսկ այն գործերը, որ արել եմ հայրիկի հետ, դրանք իմը չեմ համարում, ուղղակի օգնել եմ նրան:
-Կա՞ մի քանդակ մեր քաղաքում, որը Ձեզ շատ է դուր գալիս:
-Անշուշտ կա, ուզում եմ շեշտել Սասունցի Դավթի արձանը, որը քանդակագործության գագաթնակետը կարող եմ համարել, դինամիկայի պահով շատ մոտ է իմ էությանը: Նալբանդյանը շատ լավ գործ է, հավանում են նաեւ Թամանյանը: Իհարկե, պապայի գործերից` Մարտիրոս Սարյանը, Ենգիբարյանը, Կարա-Բալան: Այդ գործերն իմ աչքի առաջ են ստեղծվել, սիրելուց էլ մի քիչ շատ է:
-Իսկ եղե՞լ են աշխատանքներ, որ ինքներդ չեք հավանել ու որոշել եք ոչ մեկին ցույց չտալ:
-Կան, դրանք ուղղակի չստացված գործեր են: Եթե ինչ-որ բան չեմ հավանում, չեմ էլ շարունակում: Բնականաբար, դա ստեղծագործական պրոցես է:
Լինում է, որ ինքս էլ չեմ ընկալում, այդ դեպքում էլ ոչ մեկին ցույց չեմ տալիս: Առաջին հերթին դա ինձ պետք է դուր գա, եթե ոչ, ուրեմն ինչ-որ բան սխալ է, պետք է նորից աշխատել վրան կամ դա թողնել, այլ բան անել:
«ԻՆՁ ԴԵՄ ԳՆԱԼՈՎ՝ ԱՐՎԵՍՏՍ ՉԵՄ ՎԱՃԱՌԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ