ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՐԱԶՈՂ» ԳԼՈՒԽ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Բոտաֆոգո լողափին տեղադրվել է դեռահաս աղջկա գլխի տեսքով 12-մետրանոց մի արձան: Հեղինակի խոսքերով՝ այդ քանդակի ստեղծման նպատակն այն է, որ ստիպի մարդկանց երազել: Հսկայական արձանը պատրաստված է ձյութից եւ մարմարից: Արձանի հեղինակն է հանրահայտ իսպանացի ճարտարապետ եւ քանդակագործ Ժաումե Պլենսան: Ավելի վաղ նա ստեղծել էր 18-մետրանոց կանացի մի գլուխ, որը ցուցադրվել է Անգլիայի Սենտ Հելենս քաղաքում: Արձանը տեղադրվել է քաղաքում՝ «Գաղափարներ Ռիոյի համար» փառատոնի շրջանակներում:

ԱԴԱՄԱՆԴԸ՝ ՍՏԱՄՈՔՍՈՒՄ
Շրի Լանկայում ոստիկանությունը ձերբակալել է մի չինացու, որը մեղադրվում է ոսկեղենի ցուցահանդեսի ժամանակ ադամանդ կուլ տալու համար: Ըստ իրավապահների՝ նա թանկարժեք քարը կուլ է տվել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: «Նա, քարը ձեռքին, այնպիսի տեսք էր ընդունել, թե ուշադիր ուսումնասիրում է այն, իսկ հետո անմիջապես դրեց բերանը»,-պատմել է ականատեսներից մեկը: Ոստիկանները ձերբակալել են չինացուն եւ նրան տարել Կոլոմբոյի հիվանդանոց, ապա լուծողական խմեցրել: Ադամանդի տիրոջ խոսքով՝ այն արժե մոտ 14 հազար դոլար:

ԱՆՎԱԽ ԵՐԵԽԱ
Ավստրալիայում երկու տարեկան երեխային նշանակել են  Ballarat Wildlife Park կենդանաբանական այգու հսկող: Նա այգու տիրոջ որդին է եւ երկրի ամենափոքր քաղաքացին, որը կարողանում է գլուխ հանել վտանգավոր վայրի գազաններից: Տղայի հայրը պատմել է, որ երեխան գազանների հետ շփվելով է մեծացել: Հարազատները վկայում են, որ նա դեռ բարուրում է սկսել շփվել կենդանիների հետ եւ ընդհանրապես չի վախեցել նույնիսկ մեծահասակներին վնասելու ունակ գազաններից: Մասնագետները վստահ են, որ հայրը տղային մեծ վտանգի է ենթարկում, եւ նրա վաղ հետաքրքրությունը կարող է անսպասելի հետեւանքներ ունենալ:

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
Ճապոնացիներին արգելել են  կեսգիշերից հետո պարել գիշերային ակումբներում: Oրենքն ընդունվել էր դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ըստ որի՝ արգելվում է պարել ժամանցի վայրերում եւ գիշերային ակումբներում կեսգիշերից հետո: Սակայն այն սկսել են կիրառել վերջերս: Ճապոնական ակումբների սեփականատերերը խուճապի են մատնվել՝ գուշակելով հսկայական ֆինանսների կորուստներ: Մարդիկ շարունակում են այցելել գիշերային ակումբներ՝ գիշերն անցկացնելով ուղղակի զրուցելով միմյանց հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս