ԱԱԾ-ն նույն մեթոդով որ պաշտոնյային ուզի` կձերբակալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերջին օրերին երկու ուշագրավ հաղորդագրություն տարածեց, որոնք հարկային ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին էին:

Մարտի 17-ի հաղորդվեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ Կոստանյանը «… 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու եւ չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել եւ ստացել է մեկ միլիոն դրամ եւ 2 հազար դոլար գումար»:

Հաջորդ օրը` մարտի 18-ին, տարածվեց մեկ այլ հաղորդագրությունը, որն այս անգամ ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանի ձերբակալության մասին է: Վերջինս, մինչ ներկայիս պաշտոնը, նախկինում զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը:

Ըստ ԱԱԾ-ի՝ Արամ Հովսեփյանը մեղադրվում է «…2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ. Ա-ից ստացել է 30 հազար դոլոր կաշառք: Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս 40 հազար դոլար կաշառք»:

Առաջին հայացքից թվում է, թե սովորոկան քրեական լրահոսի հետ գործ ունենք, նույնիսկ կարող է կարծիք ստեղծվել, թե իբր ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ է պայքարում: Սակայն իրականում վերը բերված հաղորդագրություններն իրենց բովանդակությամբ աննախադեպ են, կապ չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ վկայում են Հայաստանի կառավարման համակարգում ընթացող ինչ-որ ստվերային գործընթացների մասին:

Նախ արձանագրենք այն փաստը, որ երկու հաղորդագրություններում էլ կաշառք տվող գործարարը նույնն է՝ Ռ.Ա.: Երկու դեպքում էլ ձերբակալվածները մեղադրվում են նախկինում կաշառք վերցնելու մեջ: Առաջին դեպքում խոսքը գնում է փետրվարի վերջին կաշառք վերցնելու մասին: Իսկ Արմավիրի հարկայինի պետին վերագրվող արարքները թվագրված են 2007 եւ 2008 թվականներով:

Նման մեղադրանք` չնչին խմբագրումներով, կարելի է ներկայացնել Հայաստանի ոչ միայն հարկային եւ մաքսային ոլորտների, այլեւ ընդհանրապես կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաններին: Եթե ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն իսկապես կոռուպցիայի դեմ պայքարեին, ապա այսօր Հայաստանի բանտերը լցված կլինեին պետական բարձրաստիճան պաշտոնյաներով, այդ թվում նաեւ՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ներկայացնող:

Մյուս կողմից, եթե այս գործը կոնկրետ ձերբակալված պաշտոնյաների դեմ է ուղղված, ապա ինչու ԱԱԾ-ն նրանց նկատմամբ հսկողություն չի սահմանել, եւ փաստի վրա չեն ձերբակալել: Կասկածից վեր է, որ պաշտոնյաների նկատմամբ հսկողություն սահմանելու դեպքում նրանց նման գործերի վրա բռնացնելն ընդամենը «տեխնիկայի հարց» կլիներ: Կաշառքների նախկին գործերով ԱԱԾ-ն հենց այդպես էլ գործել է: Կաշառքի մեղադրանքները, որպես կանոն, ներկայացվել են կասկածվողին անմիջապես հանցանքի պահին բռնացնելիս: Բայց դրանք եղել են այն դեպքերը, երբ ԱԱԾ-ն կոնկրետ պաշտոնյայի «բռնելու» հրահանգ է ունեցել եւ այդ ուղղությամբ աշխատել է:

Սխալ է կարծել, թե ԱԱԾ-ի քննիչները չեն գիտակցում, որ հետին թվով մարդուն կաշառք վերցնելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, շատ դժվար է ապացուցել, որքան էլ կաշառք տվողը այդ մասին պնդի: Ակնհայտ է, որ վերը նշված պաշտոնյաներին նման ձեւով մեղադրանք առաջադրելով՝ ԱԱԾ-ի քննիչները նրանց, մեղմ ասած, «լավություն» են արել, քանի որ չեն ցանկացել նոր դրվագով անմիջապես կաշառք վերցնելու պահին ձերբակալել, ինչը այլեւս հնարավոր չէր լինի հերքել: Ընդհանրապես, հանցանքի պահին չբռնված կաշառակերության մեղադրանքը շատ դժվար է ապացուցել: Կարելի է կարծել, թե հատուկ են այնպես արել, որ անհրաժեշտության դեպքում մի քանի ամսից գործը կարողանան փակել:

Այս մոդելով Հայաստանում երբեւէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց կարելի է ձերբակալել. հաստատ կգտնվի մեկը, ով կասի, որ ինքը Պողոսին կամ Պետրոսին այսինչ բանի համար կաշառք է տվել: Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Հայաստանի ղեկավարությունն այսպիսով բոլոր պաշտոնյաներին ինչ-որ բան է փորձում հասկացնել: Պաշտոնյայի ձերբակալության լուրը քաղաքացիները կարող են չնկատել, իսկ չինովնիկների ուշադրությունից չի վրիպի, որ իրենց նման մեկին 7-8 տարվա վաղեմության արարքի մեղադրանքով ձերբակալել են:

Թե ԱԱԾ-ն պաշտոնյաներին այսպիսով ինչ է ուզում հասկացնել, եւ որն է դրա պատճառը, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս