ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյին: Նախարարը շնորհավորեց տիկին Միշոյին բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:
«Կարծում եմ, որ մեր մոտեցումներով կարող ենք լայն համագորակցություն ձևավորել: Միջազգային կառույցների հետ երկարամյա աշխատանքն այսօր թույլ է տալիս առավել կառուցողական և առարկայական քննարկումներ ծավալել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ ձգտում են ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում:
«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,- ասաց Պասկալ Միշոն:
Նշենք, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում իրականացվում է կայուն դպրոցական սնունդ ծրագիրը: Այն սկսվել է 2010թ. 50000 տարրական դասարանների աշակերտների համար, ներկայումս ծրագրից օգտվող աշակերտների թիվը 67000 է: Ծրագիրն ավարտվում է 2016թ., սակայն հնարավոր է, որ երկարաձգվի ևս մի քանի տարով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հանրային առողջապահական ծրագրերին` մասնավորապես ալյուրի հարստացմանը: Նշվեց, որ ՊՀԾ-ն կարող է աջակցել Հայաստանին ալյուրի հարստացման գործընթացում` մեթոդաբանության մշակման, մասնագիտական վերլուծության, հանրային իրազեկման հարցերում: Այդ համատեքստում Պասկալ Միշոն մատնանշեց Եգիպտոսի օրինակը: Նրա խոսքով` երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ցորենի ալյուրի հարստացումը Եգիպտոսում սնուցման քաղաքականության մաս կազմի, սակայն այսօր այն հանրային առողջապահական ամենահաջողված ծրագրերից է:
Կողմերը տարբեր ծրագրերում շարունակական համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: