«Ոչ մեկն էլ սկզբունք չուներ». Արցախի ընդդիմադիր ուժերը հրաժարվել են միավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Բանն այն է, որ Վ. Բադասյանն առաջարկել է, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուները առաջադրվեն միասին՝ հանդես գան մեկ ճակատով, սակայն նրանք հրաժարվել են: Դա է եղել պատճառը, որ ընդդիմադիր թեկնածուն որոշել է չառաջադրվել:

Նշենք, որ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԼՂՀ ԿԸՀ-ին համամասնական ցուցակներ են ներկայացրել 3 ուժեր` «Կոմունիստական» ու «Շարժում-88» կուսակցությունները, որոնց ցուցակներում 14-ական թեկնածուներ են ներառված, ինչպես նաեւ՝ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը` 35 թեկնածուներով:

«Ժողովուրդը» զրուցել է Վահան Բադասյանի հետ` նրա չառաջադրվելու որոշման եւ ԼՂՀ ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածության շուրջ:

-Պարո՛ն Բադասյան, ինչո՞ւ եք որոշել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրել:

-Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ինձ չհաջողվեց ընդդիմությանը միացնել ու միասնական մասնակցել ընտրություններին: Ընդդիմության կենտրոնում ես էի խորհրդարանում ու, առհասարակ, քաղաքական դաշտում ընդդիմության կենտրոններից մեկը ես էի, իսկ ինձ համար ընդունելի տարբերակ էր, որ ընտրություններին ընդդիմությունը գնար միասնական տարբերակով: Եթե միասնական ճակատ չկա, ուրեմն չկա ընդդիմություն, արդեն դառնում է անձնական հարցերի լուծում, կստացվի, որ իրենց աչքը այդ աշխատավարձի վրա է եւ ոչ թե օրենսդրական գործունեություն իրականացնելու: Եթե գործունեության վրա լիներ, անշուշտ կմիավորվեին:

-Այսինքն՝ Դուք առաջարկել եք, որ ընդդիմադիր պատգամավորները միավորվեն ու իրենց թեկնածությունն առաջադրեն, բայց նրանք չե՞ն համաձայնել:

-Այո՛, ես շատ ջանք եմ թափել, երկու կողմի վրա էլ մեծ ջանք ու եռանդ եմ թափել, ամեն ինչ իմ կողմից արել եմ, բայց, ցավոք սրտի, տարանջատված է, ու ընդդիմադիր միասնական դաշտ չկա: Չնայած մենք մի թիմից ենք եղել: Ստացվում է, որ ընդդիմադիր դաշտը հատվածների է բաժանվել, ու առանձին են առաջադրվելու թեկնածուները:

-ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւս ընդդիմադիր է, ինչո՞ւ նրա հետ չեք համագործակցել, նա ե՞ւս հրաժարվել է Ձեզ հետ համագործակցելուց:

-Ինքը 2012 թվականին նախագահական ընտրություններում կոշտ ընդդիմություն էր, բայց դրանից հետո…. խորհրդարանում ինքը միշտ դեմ էր քվեարկում Կառավարության բերած հիմնական փաստաթղթերին, բյուջեին եւ այլն, բայց ինքը հիմա որպես ոչ իշխանական ուժ է հանդես գալիս: Ես ինձ այժմ խորհրդարանում չեմ տեսնում, որովհետեւ հիմա, ենթադրենք, ես գնացի մեկ-երկու հոգու հետ ու ինչ-որ միավորով, հետո՞, ի՞նչ պետք է ստացվի:

-Փաստորեն ստացվում է՝ ԼՂՀ խորհրդարանն այս անգամ ընդդիմադիր ուժ չի՞ ունենալու:

-Թող չունենա, սա է պատկերը, թող ժողովուրդը տեսնի, ու իրենք էլ ընտրություն կատարեն: Ենթադրենք կա խորհրդարանում ընդդիմություն, բայց ոչ նորմալ քանակով, հիմա, ասենք, երկու հոգի կայինք, ի՞նչ կարողացանք մենք անել երկու հոգով, իհարկե, ոչինչ: Խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությունը գոնե պետք է լինի հակազդող, հակակշռող քանակությամբ: Հիմա մեկ-երկու հոգով խորհրդարանում ընդդիմությունը ի՞նչ հարց պետք է լուծի, ուղղակի ցույց տանք, որ մենք մանդա՞տ ունենք, պատգամավո՞ր ենք: Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր կողմն է քաշվել: Ու կարծում եմ, որ պետք է այդ ուժերը իշխանությունների կողմից վերահսկվեն, մեկ է՝ մի քանի հոգով ինչ-որ բանի հասնելը խորհրդարանում հնարավոր չի լինի, էլ ինչ իմաստ ունի այդ դեպքում այն ընդդիմություն անվանելու: Ի՞նչ պետք է անի Հայկ Խանումյանը երկու-երեք պատգամավորով, կամ նույն Վիտալի Բալասանյանը: Եթե նույնիսկ միավորվեն, կդառնան 5-6 հոգի: Դա էլ հարց է, արդյո՞ք կմիավորվեն, եթե միավորվելու են, ապա ինչո՞ւ այժմ չեն միավորվում ու միասնական ճակատով հանդես գալիս, որպեսզի քաղաքացիները հույս ունենան, որ իշխանություններին կարող ենք հակակշռել:

-Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել Ձեր առաջակը:

-Ամեն մեկը, կարծես թե, իր սկզբունքներն ուներ, բայց ոչ մեկն էլ սկզբունք չուներ, պարզապես «Շարժում 88»-ը վերջին 7-8 տարվա մեջ այդպես էլ գործունեություն չծավալեց, իսկ «Վերածնունդ»-ն էլ, որ ռեսուրս ուներ, շուտով այն կկորցնի: Ես տեղյակ եմ, որ այդ շարքերում կանգնած մարդիկ հիասթափված են, ու կարծում եմ՝ առաջիկայում հայտարարությամբ դուրս կգան:

-Բայց արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանը նպատակ ունի միավորելու Արցախի ընդդիմությանը, ինչո՞ւ Դուք նրա շուրջ «չհավաքվեցիք»:

-Ես 23 տարի է, ինչ ընդդիմության մեջ եմ՝ Արթուր Մկրտչյանի մահից հետո, ու ես 7-8 տարի դեմ եմ եղել Սամվել Բաբայանին, բայց ես կարծում եմ, որ ինքն իրավունք ունի գործունեություն ծավալել, քանի որ իր կատարած սխալների դիմաց հատուցել է: Բայց այս իշխանությունները, որոնք իրենից ավելի մեծ սխալներ են կատարել… այսինքն՝ ինքը բարոյական իրավունք ունի վերադառնալու Արցախ ու գործունեություն ծավալելու: Սակայն, ցավոք սրտի, ինքը չերեւաց, միայն հայտարարություններ տեսանք, որ իբրեւ թե գալու է, աջակցելու է, բայց չեղավ:

-Գուցե ԼՂՀ իշխանություննե՞րն են ճնշումներ գործադրել Ս. Բաբայանի վրա, ինչի արդյունքում նա հրաժարվել է վերադառնալ Արցախ:

-Շատ հնարավոր է, ես չգիտեմ, բայց երբ ես լսեցի, որ կարող է Ս. Բաբայանը վերադառնա, ես շատերին ասացի, որ իրեն թույլ չեն տա, խոչընդոտելու են նրա գալը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս