Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահը ողջունել է հյուրերին և հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման և անկեղծ երկխոսության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում 20-րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները: Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4-րդ կարևոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, այլև միակարծիք է վերջինիս ճանաչման և դատապարտման հարցում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը:
Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավականին օգտակար են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հանգամանորեն քննարկելու, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադառնալու տեսանկյունից:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների վերաբերյալ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: