Armenian text to speach

«Իրեն հարգող» ու «կարգին տղա» դատավորը ինչպե՞ս կարող է բիզնես չունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սահմանադրական վերափոխումներով Հայաստանում անարդարության վերացման խոստումներ տվող իշխանությունը կարծես մոռացել է, որ մենք ունենք գործող Սահմանադրություն, որում արձանագրված դրույթները հանցավորությունն ու լկտիությունը չէ, որ խրախուսում են: Իշխանության հղացած «Հայեցակարգում» տեղ գտած սկզբունքներին հաղորդվում է աննախադեպության իմաստ՝ ստեղծված իրավիճակին անհաղորդության տպավորություն թողնելով:

Ս. Սարգսյանի իշխանության հավերժացմանը միտված սույն փաստթուղթը հռչակում է նոր Սահմանադրության հիմքում պարտադիր նշանակություն ունեցող հետեւյալ սկզբունքները՝ (1) դատական իշխանության անկախության ամրագրում սահմանադրական մակարդակում, (2) տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարական համակարգի ձեւավորում, (3) սահմանադրական կայունության ամրապնդման նախադրյալների ստեղծում:

Այսպես՝ հայեցակարգային հիմնարար սկզբունքներից հերթականը մասնավորեցնում է. «Սահմանադրական մակարդակում պետք է ամրագրվեն ու երաշխավորվեն դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ»: Հպանցիկ հայացքն իսկ բավական է՝ սույն սկզբունքի իրական տրամաբանությունը հասկանալու համար: Ըստ այդմ՝ սկզբունքային նշանակություն է ստանում դատական իշխանության անկախության ամրագրումը լոկ սահմանադրական մակարդակում:

Առաջիկայում դեռ մանրամասնորեն կանդրադառնանք դատական իշխանության հայեցակարգային տեսլականին, սակայն նշյալ սկզբունքն արդեն իսկ սահմանում է խնդրի՝ բացառապես սահմանադրական հարթության կարգավորման առաջնահերթությունը: Բայց եւ այնպես, միեւնույն պահին բաց է մնում իրական կյանքում դատական իշխանության անկախության ապահովման հիմնախնդիրը:

Կարճ ժամանակ առաջ իշխանությունը համոզում էր, որ դատավորների եւ մնացած պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելով՝ համակարգի անկախության հարցը մասամբ կլուծվի, սակայն այսօր իրավիճակը նույն բնագավառում հաստատապես ավելի խայտառակ է: Ավելին՝ ակնհայտ է, որ համակարգի ներսում տիրող փնթիությունն առանձին կառուցվածքներում դիտարկելն այլեւս անհնար է:

Արդարադատական համակարգի կախվածությունը ուղիղ համեմատական է երկրում ստեղծված իրավիճակին: Իշխանության համար անհրաժեշտ խնդիրների՝ դատական անկախության նսեմացման ճանապարհով հաղթահարելու պրակտիկան անկասկած պետք է հանգեցներ ողջ ինստիտուտի այլասերմանը: Եվ հիմա պատկերացնենք՝ ի՞նչ է տալու Հայաստանին ու նրա քաղաքացիներին սահմանադրական մակարդակում դատական իշխանության անկախության երաշխավորումը:

Գործող Սահմանադրության 94-րդ հոդվածը հռչակում է, որ դատարանների լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ ու օրենքներով: Մի՞թե այս սկզբունքը երբիեւցե կաշկանդիչ է եղել իշխանության բարձրագույն օղակների համար, երբ դատարաններն օգտագործել են իրենց հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու գործում: Ի դեպ, արդեն 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավորներին արգելված է ձեռնարկատիրությամբ զբաղվելը: Սակայն Հայաստանում հաստատված ներկայիս բարքերի պայմաններում «իրեն հարգող» ու «կարգին տղա» դատավորը ինչպե՞ս կարող է բիզնես չունենալ:

Ապագայի Սահմանադրությունը եզրագծող սկզբունքներից մյուսը հիշատակում է տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման խնդիրը՝ կարեւորելով դրանց՝ ժողովրդավարական հստակ համակարգի ձեւավորումը: Ըստ էության, տեղական ինքնակառավարման մարմինները բնույթով կոչված են ժողովրդական ու ժողովրդավարական լինելու, քանզի դրանց տիրույթում գտնվող հիմնախնդիրներն առնչվում են սահմանափակ թվով քաղաքացիների, եւ ավելի հեշտ է դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը:

Բայց արի ու տես, որ Հայաստանում այս տրամաբանությունն էլ է ենթարկվում իր «ավանդական» շեղմանը: Նկատենք, որ ցանկացած ինստիտուտի պոզիտիվ պարտականության գաղտնիքը կապված է միայն մեկ խնդրի հետ՝ ինչպե՞ս է ձեւավորվում այդ ինստիտուտը: Մեզ մոտ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը գյուղական ու մարզային շրջաններում ամբողջովին գտնվում է «խնամի-ծանոթ-բարեկամ» հարթության մեջ: Մինչդեռ քաղաքային ՏԻՄ-երը կազմավորվում են հարաբերականորեն ավելի «թափանցիկ» մեխանիզմներով:

Երկու անգամ Երեւանում ՏԻՄ-երը ձեւավորվել են ուղղակի քվեարկության արդյունքում, սակայն ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներն ու ապօրինությունները գրավել են ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ու դիվանագիտական շրջանակների ուշադրությունը: Արդ, եթե ՏԻՄ-ը ձեւավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում, մի՞թե սահմանադրական ինչ-որ մի պերճաշուք դրույթ կարող է ժողովրդավարացնել դրա աշխատանքը:

Վերջին սկզբունքը պահանջում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել «սահմանադրական կայունության ամրապնդման, Սահմանադրության գերակայության եւ սահմանադրականության հաստատման հարցերում»: Անշուշտ, այն պահին, երբ ստեղծվեն այդօրինակ նախադրյալները, Հայաստանում կյանքը կբարելավվի, իսկ համատարած խնդիրները միանգամից կլուծվեն: Այլ հարց է, որ անմիջապես էլ ծագելու է այդ նախադրյալների համար նոր նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունը:

Ըստ էության, Հայաստանում սահմանադրական անկայունություն ստեղծվում է բացառապես իշխանության գործողությունների արդյունքում: Երբ Սերժ Սարգսյանն անձամբ չորոշի քաղաքականությամբ զբաղվողների ցուցակը, դեռեւս չկայացած ընտրությունների արդյունքները եւ այլն, այդ ժամանակ կարելի է խոսել սահմանադրական երաշխիքների, նախադրյալների ու սկզբունքների մասին: Ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, կարեւոր է, թե ինչպես է այն գործում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս