Փոխե՞լ զինանշանը, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում կրկին թեժացել են ՀՀ պետական խորհրդանիշներից մեկի` զինանշանի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ կատարելու հարցի շուրջ քննարկումները: Խոսվում է այն մասին, որ զինանշանն այսօր ներկայացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակներով, որոնք չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին:

Մեր ներկայիս զինանշանը, ըստ որոշ արվեստագետների ու մտավորականների՝ մի շարք թերություններ ունի` թուրը կոտրված է, առյուծի բերանը փակ է (տպավորություն է ստեղծվում, թե նա անպաշտպան է ու անզոր), կարգախոս չի պարունակում եւ այլն:

Արդեն շուրջ 2.5 տարի է, ինչ այս հարցը հանրային հնչեղություն է ստացել, եւ արդյունքում վերջերս ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` ՀՀ պետական խորհրդանիշների` մասնավորապես` զինանշանի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը կարծիք հայտնեց, որ տեղին կլիներ Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանի վերականգնումը: «Վերջին հաշվով, սա մեր զինանշանը չէ, Անգլիայից, այստեղից- այնտեղից վերցրած «խառնուրդ» զինանշան է. մի տեղից առյուծն են վերցրել, մյուս տեղից` արծիվը, անգրագետ արված աշխատանք է: Իսկ Սարյանի հեղինակած զինանշանում` ցորենի հասկով ու Արարատով, հայկական շունչ կա: Պարզապես պետք է մուրճն ու մանգաղը հանել ու վերջ»,-ասաց նա:

Արվեստագետն այս պարագայում շատ չի կարեւորում այն հարցը, թե բյուջեից որքան գումար կտրամադրվի զինանշանը փոխելուն. «Այստեղ էական է` արդյոք տվյալ զինանշանը մերն է, թե ոչ: Արժեքներ կան, որոնք պետք է քոնը լինեն, եւ որոնց համար պետք է գումար չհաշվես…»,- մեկնաբանեց նա:

Իսկ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այն համոզման է, որ հիմա զինանշանը փոխելու ժամանակը չէ: «Ես դեմ եմ յուրաքանչյուր փոփոխության. կարծում եմ` զինանշանը ինչպես կա, այնպես էլ պետք է մնա: Ժամանակին եւս նման փոփոխություններ կատարելու թեմայով խոսակցություններ էին ծավալվում, ոմանք ասում էին, թե մեր զինանշանը կենդանաբանական այգի է հիշեցնում…Հետո խնդիրը փակվեց-գնաց, զինանշանը ժամանակի հետ դարձավ պատմություն: Սրանք ավելորդ խոսակցություններ են, պարապ բաներով զբաղվելը տեղին չէ»,-համոզմունք հայտնեց Մելքոնյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս