Որն էր դատավորի հրաժարականի իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունների դադարեցումը բացարձակապես կապ չունի նրա հրապարակած վճիռների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները: Նա այն դատավորն էր, որը համարձակվել էր ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ գնահատել:

Ամեն ինչ սկսվեց 2013թ օգոստոսից, երբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու պահանջով նստացույց հայտարարած ակտիվիստ Վահագն Մինասյանին ոստիկանները բերման ենթարկեցին: Ավելի ուշ ոստիկանությունը դատարանում պահանջեց Մինասյանից 50.000 դրամ բռնագանձել: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը ոստիկանության գործողությունները ճանաչեց ոչ իրավաչափ, մերժեց բռնագանձման պահանջը եւ ավելին՝ վճռեց հօգուտ Մինասյանի ոստիկաններից բռնագանձել 200.000 դրամ:
Դատավորը նույնաոճ վճիռ էր կայացրել նաեւ ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով՝ դարձյալ 150 հազար դրամ գումար բռնագանձելով ոստիկաններից hօգուտ Սուրեն Սահակյանի:

Արդյոք այս որոշումնե՞րն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանը զրկվեց պաշտոնից: «Ժողովուրդ»-ը զրուցեց վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթեւոսյան, արդյո՞ք ոստիկանության դեմ հրապարակած որոշումներն էին պատճառը, որ Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները դադարեցվեցին:

-Միանշանակ Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, քանի որ նման վճիռներ ոչ միայն Սարգսյանն է կայացրել, այլ նաեւ մի քանի այլ դատավորներ եւս: Նշեմ, որ Ռոբերտ Սարգսյանն ունեցել է նաեւ սրա հակառակ վճիռները: Գործով, ըստ էության, ինչ ունեցել է, այդ վճիռն էլ հրապարակել է: Ռոբերտ Սարգսյանը դիմել է ինձ առողջական խնդիրներով եւ մոտ մեկ ամիս արձակուրդում է գտնվել: Արձակուրդից հետո հիվանդանոցում է պառկել: Իսկ դրանից հետո դիմում գրեց եւ առողջականով ազատվեց: Թե չէ այլ խնդիր չկա:

-Նշեցիք, որ այլ դատավորներ եւս ոստիկանության դեմ որոշումներ են կայացրել: Կասեք, օրինակ, ո՞ր դատարանը կամ դատավորն է ոստիականության դեմ վճիռ հրապարակել:

-Բոլոր դատարաններն էլ կայացրել են ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես: Կոնկերտ գործը քննել են, որով հիմնավորվել է, որոշում են կայացրել, որով ոչ, մերժվել է:

-Դատավո՞րը Ձեզ դիմեց, որ այլես հիվանդության պատճառով չի կարող աշխատել, թե՞ բացակայությունները պատճառ դարձան, որ նրան «ազատեն» աշխատանքից:

-Ինքը դիմել էր արձակուրդի համար, որ առողջականը լավ չէ: Նույնիսկ ինձ դիմել էր, որ նախորդ տարիներից կուտակված արձակուրդները եւս հաշվի առնենք, եւ երկար արձակուրդ տրվի իրեն: Ներվային հողի վրա խնդիրներ ուներ: Ավելին՝ նրա որդին մեզ մոտ օգնական է աշխատում: Վստահեցնում եմ, որ ո՛չ Ռոբերտ Սարգսյանի եւ ո՛չ էլ նրա հարազատների հետ որեւէ խնդիր չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս